shushan stepanyan portret

«Կապույտ աղջկա» որոնումներում

Երկու տաղանդավոր ընկեր ունեմ և ուզում եմ նրանց մասին պատմել: Ես նրանցից շատ եմ հավատում իրենց ուժերին ու միշտ ասում եմ, որ մեծ հաջողություններ են ունենալու:

Ընկերներս՝ Աշոտն ու Հայկը, վերջերս ստեղծել են իրենց «ՆէԲլու» երաժշտական խումբը ու արդեն հեղինակային մի քանի երգ ունեն, ինչպես նաև տարբեր երգերի cover-ներ: Հարցազրույց «ՆէԲլու» խմբի անդամներ Հայկի ու Աշոտի հետ:

-Ե՞րբ ստեղծվեց խումբը:

-Մեր խումբը ստեղծվեց մոտ երեք ամիս առաջ: Ինքներս էլ չէինք մտադրվել, որ ինչ-որ մի կոնկրետ օր խումբ պիտի ստեղծվի:

-Ի՞նչը կարող է ստեղծագործական ներշնչանք լինել երկուսիդ համար՝ նոր երգ կամ երաժշտություն գրելիս:

-Շատ տարբեր բաներ: Օրինակ՝ կարող է մեկին հիշենք, մի ինչ-որ դեպք կատարվի, թեկուզ և մեզ հետ չառնչվող, բայց մեզ հետաքրքրի, ու սկսենք ստեղծագործել:

-Ի՞նչ թեմատիկայով եք հիմնականում ստեղծագործում:

-Հիմնականում մեր երգերը սիրային են, բայց ամբողջովին ստեղծագործել զուտ այդ թեմայով չարժե: Դրա մեջ էլ փորձում ենք ռոմանտիկայից բացի՝ կյանքի փիլիսոփայություն մտցնել, իրական ասելիք: Մեր երգերը, որոնք մենք ենք գրել ու գործիքավորել, հիմնված են իրական դեպքերի վրա: Դե, cover-ներ էլ ենք անում տարբեր երգերի:

-Ինչո՞ւ հենց «ՆէԲլու»:

-Մեր երգերը, ինչպես արդեն նշեցինք, հիմնականում սիրային են, խումբն էլ ինչ-որ ձևով պետք է համապատասխաներ երգերի թեմատիկային: Մեր երազած աղջկա կերպարը կապույտ աղջկա կերպարն է, որը շատ անգամ շեշտվել է գրականության մեջ: «Նէ»-ն աղջիկն է (բառն արևմտահայերենում է գործածավել և նշանակակում է նա՝ she), իսկ «Բլու»-ն՝ կապույտը: Խումբն էլ, կարելի է ասել, կապույտ աղջիկն է, կապո՜ւյտ աղջիկը՝ մեզ համար իդեալ համարվող:

-Ինչպե՞ս եք պատկերացնում ապագան և «ՆեԲլու»-ն:

-Շո՛ւշ, եթե անկեղծ՝ չենք պատկերացնում: Մեր խմբի զարգացման ընթացքը, հետոն իրոք մեզ համար աղոտ է: Շատ անելիքներ ունենք, շատ բաներ ենք մտածում անել, ուղղակի ապագայի մասին դեռ չենք մտածել: Ճիշտ կլինի, որ դեռևս մեր ներկան հստակ լինի՝ որպես խումբ: Գուցե դա նաև նրանից է, որ մենք գործիքներ չունենք: Դե, երկու կիթառով երգը լավ որակով չի լինի, երաժշտությունը այն հնչեղությունը չի ունենա, որը լինում է տարբեր գործիքների դեպքում: Հուսանք, ամեն ինչն էլ հերթով կլինի:

-Ի՞նչ անելիքներ ունեք ներկայում:

-Նրանց, ովքեր հասցրել սիրել մեր երգերը, ասենք, որ պատրաստվում ենք երկու երգի cover տարբերակ ներկայացնել, որոնցից մեկը X-Road-ի «Թող ծարավեմ»-ն է լինելու:

Ասեմ նաև, որ ընկերներս երկուսն էլ նախընտրել են ծրագրավորումը: Կյանքում չեն երազել երաժիշտ դառնալու մասին: Պարզապես իրենց սիրած զբաղմունքը վերածել են ավելի սիրելի գործի: Իսկ ես նրանց երգերից շատ սիրում եմ «Կապույտին»-ը և ուզում եմ, որ ստեղծագործական շատ վերելքներ ունենան: