milena movsesyan

Կար ժամանակ, մաս 2

Կար ժամանակ, իսկ դա ոչ վաղ անցյալում էր, երբ մենք բողոքում էինք դիմակ կրելուց, համավարակով պայմանավորված սահմանափակումներից, ու չէինք պատկերացնում, որ պատերազմի մեջ կարթնանանք, որ թշնամին՝ տեսանելի, իսկ ցավը զգալի կդառնա։ Մտքներիս ծայրով էլ չէր անցնի, որ մեր մեծ խնդիրները այդքան կփոքրանան։

Նախկինում մենք «արտակարգ իրավիճակ», «ռազմական դրություն», «պարետային ժամ» տերմինները կարդում էինք գրքերում և աշխատանքային պայմանագրերում: Այսօր այդ բառերը դարձել են առօրյա։

Այն ժամանակ մենք ընկերներով գումար էինք հավաքում պիկնիկի ուտելիք գնելու  համար։ Այսժամ փողերն ուղարկում ենք օգնության, իսկ մեր հանդիպման վայրերը եկեղեցին ու սգո սրահներն են, ասես համազգային հոգեհանգիստ լինի։

Կար ժամանակ, երբ մենք երազում էինք պայծառ ապագայի մասին, գեղեցիկ ու ոգևորիչ ծրագրեր էինք կազմում։ Հիմա մենք գիտակցում ենք, որ պետք է ապրել միայն այս օրով, վայելել այն լիարժեք, ասես վերջինը լինի։

Դպրոցական տարիներին ուսուցիչները բողոքում էին չլսող ու չսովորող տղաներից։ Հենց այդ նույն տղաները հերոսական պատմություններ ստեղծեցին, զոհվեցին մեր կյանքերի համար։

Այնժամ մենք սարսափում էինք մեկ զոհված զինվորի մասին իմանալիս։ Հիմա մենք հազարավոր անուններ ենք կարդում, փնտրում մեզ ծանոթ ազգանուն։

Մենք՝ աղջիկներս, նախկինում վախենում էինք մահվան լուրերից, հուզվում էինք ֆիլմի գլխավոր հերոսի անբուժելի հիվանդությունից, տանջվում էինք, որովհետև գրքի կերպարներից մեկը պիտի մահանար։ Իսկ այսօր սառնասրտորեն պատմում ենք իրար, թե ինչպես են մեքենան պայթեցրել, որ մեր ընկերոջ դիակը չեն ճանաչել, ու պետք է սպասել ԴՆԹ թեստի պատասխանին։

Փոքր ժամանակ մեր տղաները շատ էին սիրում աղջիկներիս հունից հանել, բարկացնել, նյարդայնացնել։ Այդ նույն տղաները գնացին գիտակից մահվան, հեռացան մեզնից՝ թողնելով ժպիտ ու անասելի ցավ պատճառող հուշեր․․․