Ani Ghulinyan

Կիթա՞ռ, թե՞ դաշնամուր, գուցե թենի՞ս…

Մասնագիտություն ընտրելիս ասում են, որ պետք է ամեն բան փորձել, որ գոնե մեկը անպայման համապատասխանի: Իսկ եթե հնարավորություն չկա բոլորը փորձելո՞ւ, իսկ հետո երբ հնարավորություն լինի, արդեն ուշ է լինելու…

Քաղաքների, հատկապես, մեծ քաղաքների երեխաներին նախանձելու մի քանի առիթներ կան: Նրանց համար հեշտ է, չէ՞, ասել, որ ցանկանում են դաշնամուրի գնալ, հետո եթե դաշնամուրից հոգնեն, կիթառի, դրան զուգահեռ՝ առողջ ապրելակերպը ապահովելու համար կարելի է նաև լողի կամ ֆուտբոլի հաճախել: Ու եթե նույնիսկ վերջում նշված ոչ մի մասնագիտությամբ էլ չխորանան, դրանք, համենայն դեպս, վնաս չեն տա ու մի օգտակար բան անպայման թողած կլինեն:
Իսկ մարզերում հնարավորություն չկա ընտրել, թե ինչ երաժշտական գործիք կամ ինչ սպորտաձ ես սիրում։ Պետք է միայն բավարարվել եղածով, իսկ այս դեպքում՝ չեղածով:
Կիթառն ինձ միշտ գրավել է: Ու գիտեմ, որ սարսափելի ձայն ու երաժշտական լսողություն ունեմ, բայց այս գործիքի մեջ ինչ-որ հարազատ բան կա: Հաստատ յուրահատուկ բան չասացի, ամեն երրորդ աղջիկը կամ տղան էլ կցանկանան կիթառ նվագել սովորել: Իսկ ես չեմ կարծում, որ մոտակա մի քանի տարում կսովորեմ: Դրա համար սեփական գործիք է անհրաժեշտ ու ինտերնետային դասընթացներ:
Թենիս էլ եմ շատ սիրում, թե՛ խաղալ, թե՛ ուրիշների խաղերը դիտել: Բայց արի ու տես, որ մեզ մոտ թենիս խաղալ սովորելու համար պիտի սեփական կորտ ունենաս ու չգիտեմ ինչպես ինքնակրթությամբ զբաղվես: Նույն կերպ էլ լող սովորելու համար սեփական լողավազան է պետք: Չեմ ասում, որ եթե թենիս խաղալ սովորեի, երկրորդ Շարապովան էի դառնալու, կիթառ նվագելուց հետո էլ՝ հայտնի երաժշտական խմբերից մեկի կիթառահարը: Բայց, ամեն դեպքում, հաճելի կլիներ սեփական անձը տարբեր բնագավառներում փորձելն ու չափազանց ուրախալի՝ դրանցից մեկում տեղ գտնելը: Մեկ-մեկ էլ մտածում եմ, որ կարող եմ այս ամենը ուսանողական տարիերին սովորել, Երևանում, բայց այդ ժամանակ ես սովորելու եմ դասե՞րս, լողա՞լ, թենիս խաղա՞լ, թե՞ կիթառ նվագել:

Երբեմն ինչ-որ բան անելու ճիշտ ժամանակը բաց ես թողնում, ու հետո ուղղելու համար շատ ուշ է լինում…