Կյանքերի մոռացված դրվագները

Լուսանկարը՝ Մանե Հայրապետյանի

Լուսանկարը՝ Մանե Հայրապետյանի

Ջերմուկը Հայաստանի բարձրադիր քաղաքներից է՝ ծվարած բարձր ու անտառոտ լեռների ծոցում: Ես ծնվել ու ապրում եմ Ջերմուկում, տեսնում այստեղ իրականացող ամենաչնչին փոփոխությունն ու անսովոր շարժը: Այս փոքրիկ ջերմ քաղաքում ամեն բան շատ իրական է ու տարբերվող: Միայն թե այն հանգամանքը, որ տարեցտարի ավելի լքված ու նոսրաբնակ դարձող քաղաքս քիչ-քիչ կորցնում է իր զբոսաշրջային գրավչությունն ու հետաքրքրությունը, սիրուն ու հյուրընկալ Ջերմուկը դարձնում է շարքային բնակավայրի վառ օրինակ:

Ամեն տարի բազում մարդիկ թողնում են իրենց հարազատ քաղաքը, այստեղ թողնելով իրենց կյանքի թերևս ամենավառ դրվագները: Հա՛, հա՛, հենց այստեղ: Ընտանիքներ, որոնք կարող էին քաղաքի ապագայի վրա խոսուն ազդեցություն ունենալ, ընկերներ, որոնց հետ բազում ծրագրեր ունեինք. նրանք բոլորը գնացել են, և պիտի գնան վաղը: Եվ դեռ շատ-շատ են գնալու: Ինչ-որ տեղ վախենալով եմ գրում այս տողերը. միգուցե վաղվա գնացողներից մեկն էլ իմ ընտանի՞քը լինի: Քայլում ես փողոցով ու միայն տխուր ու մտահոգ դեմքեր ես տեսնում: Կամ էլ, ինչը պարզապես սարսափելի է, ընդհանրապես դեմքեր չես տեսնում: Քաղաքի վառ կողմում միայն ճստիկ թիթեռնիկների շարժն է. դե՝ մեր փոքրերի, էլի: Նրանք փողոցներով վազվզում են ու ամեն քայլողին հիշեցնում այդ նեղլիկ ու կանաչազարդ փողոցներում անցկացրած սեփական մանկությունը:

Լուսանկարը՝ Մանե Հայրապետյանի

Լուսանկարը՝ Մանե Հայրապետյանի

Եթե փոքր լինեի, կասեի՝ կմեծանամ, նախագահ կդառնամ ու ամեն բան կանեմ, որ ջերմուկցին մնա իր տանը, իր հողի ու ջրի հետ, տեր կանգնի իր տնկած ծառին ու ինքը լինի իր ծառը ջրողը, ոչ թե ինչ-որ ազգականի խնդրի, որ գա, բացի դուռը ու ջրի ներսում տանտիրոջ շունչը կարոտած ծաղիկները:

Թող ամեն մեկը ջրի իր տան դիմացի ծառն ու ծաղիկը: