Roza Harutyunyan vayots dzor

Գան ու չգնան

Ասում են` եթե հարազատներիդ կողքիդ ես տեսնում, ուրեմն անպայման պիտի ինչ-որ առիթ լինի: Ճիշտ են ասում: Վերջերս ես էլ զգացի, որ երբեք էսքան հարազատներ ինձ չեն շրջապատել ու վաղուց էսքան ջերմ միջավայրում չեմ եղել:

Երբ դեռ փոքր էի, միշտ մտածում էի, որ ուզում եմ նման հարազատություն ունենալ: Դա այն ժամանակ էր, երբ նստում էին ու սկսում իրենց արկածներից պատմել, միասնականությունից: Բայց, երբ ուղեղս սկսեց դասերից բացի հասկանալ մեծերի մտածելակերպը, իրենց սահմանափակումները, շփվելու մեջ եղած կեղծավորությունը, հասկացա, որ երբեք չեմ ուզի նման շրջապատ ունենալ: Արդեն հասկանում եմ, որ տարիները ինչքան ուղղում են իրենց մեջքն ու երկարում, էնքան ավելի շատ է կտրվում պարանը, որը կարծես ամուր կապում էր քույր-եղբայր հասկացությունը: Տարիներ են անցել ու պարանից մնացել է մազի չափ թել: Ու թվում է՝ իրենց սառնությունն է ներսից կրծում պարանին: Բայց մի թել չի կտրվում. դա ծնողներն են, ովքեր էլ չկան: Կապող բան էլ չկա: Մարդիկ իրենց հիշողությունից ջնջել են հին օրերի լավ հիշողությունները, միմյանց ձայները, հեռախոսից ջնջել են հեռախոսահամարները, որոնց շնորհիվ գոնե տարին մեկ ծնունդ էին շնորհավորում: Բայց հիմա ծննդյան օրերը մոռացել են ու հեռախոսահամար պահելու իմաստն էլ չեն գտնում:

Վերջերս, երբ բոլորը կողքիս էին, մտածում էի միայն նրանց հետ անդադար շփվելու ու իրենց մասին ավելին իմանալու մասին: Եվ ուղեղումս միայն մի քանի մտքեր էին պտտվում: «Տեսնես՝ Կարինեն կմնա՞, հոպարներս տոմսերն ո՞ւշ են վերցրել, մեր տանն են, չէ՞, մնալու, ի՞նչ կլիներ Մարիաննա քույրիկս էլ գար…»:

Ուզում եմ շփումը չսահմանափակվի սքայփով, վայբերով, չգիտեմ՝ ինչերով: Ու երանի Ցուկենբերգն ու Գեյթսը մի մեյլ ստեղծեն, որ նստեմ ծրարի մեջ ու գնամ բոլորին տեսակցության, իսկ Ջոբսը կստեղծեր, եթե մի յոթ տարի շուտ մտածած լինեի: Ի դեպ, էս երեքի հետ մեկ-մեկ ինձ ավելի կապված եմ զգում: