hovik vanyan dsex

Կյանքը մի կանգառ շուտ

Մի կանգառ շուտ իջա տրանսպորտից, որովհետև այլևս տեղ ու դադար չկար: Եղանակը խորհրդավոր ու միաժամանակ շատ վախեցնող էր: Մարդիկ կարծես այլ մոլորակից լինեին, ոչ մեկի երեսին մի փոքր ժպիտ անգամ չէր երևում: Երեկվա վիրավոր սև կատուն արդեն մահացել էր, նստարանի վրայի շիշը կոտրել էին, իսկ աղբամանի աղբն արդեն հասել էր գետնին: Աչքիցս չվրիպեց նաև այն կինը, ում արդեն մի շաբաթ էր՝ տեսնում էի ծաղիկների խանութի դիմացի նստարանի վրա: Ոնց հասկացա՝ նա տուն չունի. ճամպրուկը միշտ իր հետ է լինում: Ամբողջ ճանապարհին այդ կինն էր մտքիս մեջ:

Եհովայի վկաները նորից նստած էին իրենց մշտական տեղում ու ամեն անցնող մարդու ուշադիր զննում էին:

24-րդ շենքի տատիկներն էլ իրենց նստարանին էին, ու ինչպես միշտ՝ այն գեր ու սևահեր տատիկը աջ կողմում էր, ակնոցավորը՝ մեջտեղում, իսկ բոյովը՝ ձախ կողմում: Արդեն էնքան էի տեսել նրանց, որ անկախ ինձնից ուզում էի բարևել:

Կաղին հավաքող պապիկն էլ արդեն գրեթե լցրել էր տոպրակը. երևի խոզերի համար էր տանում:

Ափսոս, մյուս կանգառին շուտ հասա, որի մոտ էլ մեր տունն է: Ինչպես միշտ սպասեցի կանաչ լույսը վառվի՝ հետո անցնեմ փողոցը, իսկ էն մարդկանց, որ կարմիրի ժամանակ էլ են անցնում, երբեք չեմ հասկանա: