EducationUSA Fair 2017-ը Երևանում

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Հոկտեմբերի 26-ին Երևանի Best Western Congress հյուրանոցում միջազգային կրթության Ամերիկյան Խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակի գլխավորությամբ տեղի ունեցավ EducationUSA ամենամյա կրթական ցուցահանդեսը:
Այն մեծ հնարավորություններ ընձեռեց մասնակիցներին՝ հանդիպելու ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչների հետ և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանը:
Ցուցահանդեսը ընդգրկում էր բազմաթիվ թեմատիկ դասախոսություններ ԱՄՆ համալսարաններ դիմելու գործընթացի, կրթական համակարգի, համայնքային քոլեջների, ուսանողական վիզաների և ԱՄՆ կրթությանը վերաբերող այլ բաղադրիչների մասին, առանձին հանդիպումներ ԱՄՆ-ի հետևյալ համալսարանների ներկայացուցիչների հետ՝ Central Penn College, New York University, San Diego State University Georgia, South Seattle College, University of Colorado Boulder, University of Wisconsin-River Falls, Upper Iowa:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Ցուցահանդեսի ընթացքում տեղեկատվություն հաղորդվեց ամերիկյան համայնքային քոլեջների մասին: Միացյալ Նահանգներում համայնքային քոլեջները հիմնականում երկու տարվա պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ են: Համայնքային քոլեջն ավարտելուց հետո որոշ ուսանողներ տեղափոխվում են համալսարան՝ ավարտելու համար բակալավրիատը, իսկ մյուսներն անցնում են աշխատանքի: Համայնքային քոլեջների տարբերությունը քառամյա համալսարաններից և քոլեջներից կայանում է TOEFL/ESL (ստանդարտացված անգլերեն թեստեր) քննությունների պահանջվող ավելի ցածր գնահատականների, ուսման ավելի ցածր վարձի մեջ:
Այնուհետև դասախոսությունները ավելի շատ ծավալվեցին ամերիկյան բակալավրիական և մագիստրատուրական կրթության շուրջ:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Ամերիկյան համալսարանները իրարից տարբերովում են իրենց ընդունելության կարգով, կրթական ծրագրերով, առաջարկած մասնագիտական դասընթացներով, ուսման վարձով և այլն:
Ցուցահանդեսին մասնակից համալսարաններից մեկը՝ Կոլորադոյի համալսարանը, հետազոտության, տեխնոլոգիայի և ձեռներեցության ոլորտների կրթական ծրագրեր է առաջարկում: Այս համալսարանում սովորում է մոտավորապես 3000 միջազգային ուսանող աշխարհի 100 երկրներից: Ընդունելության համար ուսանողները լրացնում են համապատասխան հայտադիմում, ներկայացնում մի շարք անձնական փաստաթղթեր, հանձնում ACT/SAT, IETLS/ TOEFL քննություններ և այլն:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Համալսարանի պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ իրենց համալսարանը առաջարկում է մասնագիտական կրթական բաժիններ Արվեստի և Գիտության, Տեխնիկական և Կիրառական, Հաղորդակցության Կապերի և Մեդիայի, Բիզնեսի, Երաժշտության, Իրավունքի և այլ ոլորտներում: Բացի այդ, ուսանողները հնարավորություն ունեն մասնակցել մի շարք սպորտային խմբակների, լինել մշակույթի, շրջակա միջավայրի խնդիրների և այլ հետաքրքրությունների համապատասխան կազմակերպությունների, միավորումների անդամ: Ուսման ընդհանուր վարձն այս համալսարանում կազմում է 57.772 դոլար՝ ներառելով ուսման, համալսարանի կամպուսում բնակության, առողջապահական ապահովագրման և հանձնվող գրքերի ծախսերը: Մեծ գումար է, չէ՞ հայաստանցու համար, բայց մի հուսահատվեք. ուսանողները հնարավորություն ունեն դիմելու կրթաթոշակային երկու ծրագրերի՝ լրացնելով համապատասխան հայտադիմում և հանձնելով ACT/SAT քննություններ:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Ինչ վերաբերում է Սան Դիեգոյի համալսարանի Վրաստանի մասնաճյուղին՝ այն առաջարկում է միջազգայնորեն հավատարմագրված բակալավրիական կրթություն գիտական ծրագրերի համար, որոնց շնորհիվ ուսանողները ստանում են բարձրակարգ STEM կրթություն և ձեռք են բերում ամերիկյան աստիճան: Ուսանողներն ունեն հնարավորություն նաև մեկնելու Կալիֆորնիա և ավարտելու ակադեմիական կիսամյակն այնտեղ նույն ուսման վարձով: Խոսելով համալսարանի պաշտոնական ներկայացուցչի հետ, մասնակիցներն իմացան, որ այստեղ սովորում են նաև հայ ուսանողներ Վրաստանի հայկական համայնքներից: Այս համալսարանում կրթական ծրագրերն ունեն ավելի գիտական, բնագիտական ուղղություն:
Այովայի համալսարանն առաջարկում է ութ շաբաթյա կրթական ծրագրեր Բիզնեսի, Արվեստի, Սպորտի և այլ բնագավառներում: Այստեղ ընդունելությունը նորից կապված է հայտադիմումի լրացման, դպրոցի գնահատականների փաստաթղթի, անգլերեն իմացության թեստի արդյունքների և այլ փաստաթղթերի տրամադրման հետ:
Վիսկոնսինի համալսարանի կրթական ծրագերն ընդգրկում են գրեթե 50 և ավելի բնագավառ: Այստեղ սովորում է 5958 ուսանող աշխարհի 20-ից ավելի երկրներից: Ուսման վարձը կազմում է 23.553 դոլար, սակայն տրամադրվում են նաև կրթաթոշակներ 2000-4000 դոլարի չափով: Համալսարանի ներկայացուցիչը նշեց, որ համալսարանը ցանկանում է ընդլայնել իր ուսանողների շրջանակը՝ ընդգրկելով հայ ուսանողների ևս, և նա հենց դրա համար է այստեղ՝ տրամադրելու ավելի շատ ինֆորմացիա համալսարանի մասին և առաջարկելու հենց իրենց համալսարանը՝ որակյալ կրթություն ստանալու համար:
Central Penn College-ի մասին խոսելով նշենք, որ այն առաջարկում է չորս տարվա բակալավրատի և մագիստրատուրայի մեկուկես տարվա կրթություն՝ ընդգրկելով ավելի շատ Բիզնեսի և Կառավարման բնագավառների ծրագրեր: Ընդունելությունը գրեթե նույնն է, բացառությամբ ստանդարտացված թեստերի պահանջվող անցողիկ միավորների:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

South Seattle College-ի ներկայացուցիչը, խոսելով քոլեջի ընդունելության կարգի, առաջարկվող կրթական ծրագրերի մասին, հատկապես կարևոր համարեց նշել քոլեջի տեղակայվածության, Սիեթլ քաղաքի զարգացվածության և հարմարավետ միջավայրի մասին:

Ցուցադրության ժամանակ հարցերի տեղատարափ էր Նյու Յորքի համալսարանի ներկայացուցչական մասում: Ի տարբերություն այլ համալսարանների, այս համալսարանը ունի մասնաճյուղեր աշխարհի 14 քաղաքներում՝ Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում և այլն: Համալսարանն առաջարկում է 230 կրթական ծրագրեր: Համալսարանի ընդունելության կարգը գրեթե նման է մյուսներին, և այստեղ սովորում են բակալավրիատի ծրագրով 23.000-ից ավելի ուսանողներ: Նրանց մեջ, ինչպես նշեց համալսարանի պաշտոնական ներկայացուցիչը, մեծ թիվ են կազմում և հայ երիտասարդները:
Այսպիսով՝ EducationUSA Fair-ի շնորհիվ հարյուրավոր հայ երիտասարդներ իրենց հուզող տեղեկություններն ստացան ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստանալու մասին անմիջապես համալսարանների ներկայացուցիչներից:

Իսկ ես այսպես հանգամանալից փոխանցեցի ձեզ այս տեղեկությունները, քանի որ գիտեմ, շատ-շատերդ ցանկանում էիք, սակայն հնարավորություն չունեիք մասնակցելու այս կրթական ցուցահանդեսին:

Հուսով եմ, օգտակար եղա: