Ani Ghulinyan

Կյանքը տեսաժապավենի վրա

Մեր օրերում երիտասարդներն ավելի են դժգոհում հիշողության վատացումից, քան մեծահասակները: Չեն օգնում նաև ավանդական ընկույզն ու մեղրը: Արշակունյաց դինաստիայի թագավորների գահակալման թվերը մի ականջով մտնում, մյուսով դուրս են գալիս:

Ինձ թվում է` մեր ուղեղներում հատուկ գործառույթ կատարող մասնիկներ կան, որոնք կարևորում են մեր առաջնային հիշողությունները` երկրորդականներից: Եվ քանի որ ուղեղում գտնվող տեսաժապավենը կարճ է, այնտեղ տեղավորվում են միայն խիստ կարևոր հիշողությունները: Մյուսները` ժամանակի ընթացքում ջնջվում են:
Մանկությունիցս շատ քիչ դրվագներ եմ հիշում: Հիշածներս էլ` աղոտ ու ոչ մի տեղեկություն չպարունակող: Միայն, երբ ծնողներս ինչ-որ դեպքեր են պատմում, աղոտ ստվեր է անցնում մտքովս, փորձելով փնտրել տեսաժապավենի ամենածայրերին, ինչ-որ նոր բան գտնելու ակնկալիքով:
Վերջերս էլ մտածում եմ, որ այն հատուկ սարքը, որն ուղեղում է, մեկ-մեկ սխալներ է թույլ տալիս: Դա շատ նման է նրան, երբ ալյուրը մաղելու համար ցանցի միջով անց կացնելիս, խոշոր գնդիկներ էլ են ընկնում:

Իմ հիշողության դեպքում էլ է նույնը: Ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել առաջին օրս դպրոցում, երեխաներին, ուսուցիչներին, բայց շատ լավ հիշում եմ, թե ինչ էի մտածում, երբ դպրոցական առաջին օրը տնից դուրս գալիս նայեցի հեռուստացույցին, որով հենց նոր սկսվել էր իմ ամենասիրելի մուլտֆիլմը: Իմ ծննդյան օրերից ոչ մեկը չի տպավորվել, թեև այն միշտ մարդաշատ է լինում ու իմ սրտով, բայց այսօրվա պես հիշում եմ, թե երբ և ինչ հանգամանքներում ստացա իմ առաջին ուղեղի ցնցումը, հետո նաև երկրորդը: Այսպես, հիշում եմ նաև «Բանակում» սերիալի առաջին սերիաները, մեր նոր տան ներկի հոտը, իմ առաջին ու վերջին օդապարուկը։ Փոքր ժամանակ մեր զուգահեռ դասարանի հետ մղվող ճակատամարտերն եմ լավ հիշում, դպրոցական համազգեստս, երկնքում տեսածս ամեն ինքնաթիռի մեջ հայրիկիս փնտրելը և էլի շատ բաներ, որոնց մի մասը ձեզ հետաքրքիր չի լինի:
Այս հիշողությունները պարզապես մանրուքներ են, առաջին հայացքից ուշադրության չարժանի դրվագներ, բայց դրանցից յուրաքանչյուրի տակ իմ կյանքի մի ժամանակշրջան է թաքնված: Մեր ամբողջ կյանքը ուղեղի մեջ գտնվող ժապավենն է, պարզապես՝ խտացված փոքիկ թվացող հիշողությունների մեջ: