amalya harutyunyan

Կյանքն ինչպես որ կա

Կյանքի իմաստը քեզ գտնելը չէ:
Կյանքի իմաստն ինքդ քեզ ստեղծելն է:
Բերնարդ Շոու

Վերցնելով թուղթն ու գրիչը՝ ավելի քան վստահ եմ, որ ամենաուրախ նյութը չէ, որ ստացվելու է:
Էն ամենամութ տեղից եկող մտքերս էստեղ լինեին, կասեին՝ սենտիմենտալությունդ մի օր էլ թող մի կողմ ու մի կարգին բան գրիր: Պետք է հուսախաբ անեմ՝ չի ստացվի:
Վերնագրից կենթադրեք, թե նյութս ռեալիզմին պիտի բնորոշ լինի, բայց դե, ինձնից ի՞նչ ռեալիստ, ես երազկոտ լրագրող եմ: Ոչինչ, թող այս մեկն էլ լինի ռեալիստական` ռոմանտիզմի մոտիվներով:
Էն որ գիրք ես է՞ կարդում, ինչ հավեսով ես չէ՞ կարդում, ինչքան ես սկսում մտածել հերոսների մասին։ Իրենց հետ ինչպես ենք ծիծաղում, լաց լինում, ուրախանում, ապրում:
Մենք մի ամբողջ կյանքի կամ նույնիսկ տարբեր մարդկանց կյանքերի պատմությունն ենք կարդում ու պատկերացում անգամ չունենք, որ այդ նույն գիրքը գրվում է մեր կյանքում, մեր իսկ ձեռքով: Էդպես էլ հիմա իմ, քո, նրա, մեկ ուրիշի կյանքն է գրվում ու գրվում մի հաստափոր գրքի մեջ, դրան էլ հիշողություն են կոչում:
Գիտե՞ս, մենք, բոլորս նավակներ ենք: Ինչո՞ւ, որովհետև երբ նավակը հայտնվում է բաց ծովում, սկսում է պայքարել ամենաուժեղ ալիքների ու քամիների դեմ։ Նավակն ամեն ինչ փորձում է անել ափ հասնելու համար: Մենք էլ ենք այդպես: Բաց ծովը մեր օրենքներ չճանաչող ու ոչնչից կանգ չառնող կյանքն է, որտեղ մենք ամեն կերպ փորձում ենք հաղթահարել արհավիրքները:
Կան նավակներ, որոնց շարժիչն ավելի լավն է, ավելի ուժեղ։ Կան էնպիսինները, որոնց ուժն ավելի թույլ է: Եվ այդպես, մենք վազում ենք, վազում ենք, որ իրար հասնենք, որ հավասարվենք, որ առաջ ընկնենք իրարից:
Տարիներն անցնում են, գլորվում են, մեզ թվում է, թե կամաց, բայց նրանց արագությունը լուսնից էլ մեծ է ու, լուսնի պես գլորվելով, ստացվում է մեր կյանքը:
17 տարի առաջ էր, երբ այս կյանքի համար սկսվեցի ես: Հա՛, կյանքը երբեք չի վերջանում, այդ մենք ենք գալիս, այցելում ու գնում՝ հյուրի պես: Դեռ երեք ամսականն էլ չբոլորած երեխան ի՞նչ իմանար, թե ինչ է սպասվում իրեն, երբ իր ամբողջ ջանքերով փորձում էր շրջապատը տեսնել ու հասկանալ: Հենց նույն տարիքում էլ պարզվեց մի քիչ անորոշ, մի քիչ վախեցնող, մի քիչ զարմացնող փաստը. ես չէի նայելու աշխարհին այնպես, ինչպես շատ շատերն են նայում, ինձ սպասվում էր ուրիշ կյանք, այլ պայմաններով:
Ու ակամա սկսվում է պայքարը:
Ապրելով՝ հասկանում ես, որ սա այն կյանքը չէ, որ տարիներով պատկերացրել ու սպասել ես, այն կյանքը չէ, որտեղ ամեն ինչ հեշտ է տրվում:
Սկզբում քեզ չեն ցանկանում ընդունել մանկապարտեզ, հետո դպրոց, հետո արդեն պարն է արգելվում, քեզ անընդհատ մերժում ու մերժում են: Ինչո՞ւ, որովհետև դու ինչ-որ չափով տարբերվում ես ու ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ չի համընկել:
Հետո սկսվում են անմատչելի պայմանների խնդիրները: Ո՛չ քաղաքը, ո՛չ կրթությունը, ո՛չ աշխատանքը, ո՛չ միջավայրը հարմար չեն քեզ: Ասես դու անտեսանելի ես, ասես ոչ ոք քո մասին չի հիշել՝ ամբողջ աշխարհը կառուցելիս: Իսկ հասարակությունն ասես միայն ընդունում է կատարյալներին, իսկ բացթողումները չի հանդուրժում:
Բայց դու ապրում ես այստեղ, բոլորի կողքին, բոլորի հետ, ու ոչինչ քեզ չի խանգարում այս կյանքը սիրել նույնքան շատ, ինչքան մյուսները:
Ու մնում է միայն մեկ լուծում. քեզ փնտրելու, գտնելու կամ չգտնելու փոխարեն՝ ստեղծել քեզ։ Կործանել այն, ինչ կաս ու ստեղծել այն տեսակը, որը կգոյատևի մեր հասարակության մեջ:
Թույլ տեսակդ վերացնելուց հետո ստեղծում ես չափից շատ ամուրն ու ուժեղը ու ընդառաջ գնում ծովի բարձր ալիքներին:
Դեռ կյանքն իր ալիքներով քեզ շատ է զարմացնելու, դեռ արժանապատիվ կյանքը հեռու է թվալու, կրթությունը` անհասանելի: Դեռ անմատչելի տարածքներ, գրքեր, դպրոցներ, քաղաքներ անհամար են լինելու, ու դու դեռ պայքարելու ես, պայքարելու ես, որ ստեղծես քեզ:
Ու երբ ստեղծես քեզ, նավակ ես դառնալու, այն նավակներից, ում չի հետաքրքրում քամու բարձր սուլոցն ու անթիվ բացասական կարծիքները, այն նավակներից, որոնք անկախ ամեն ինչից սլանում են շատ արագ: Ու կյանքի բարձունքներն էլ արդեն քոնն են լինելու:
Ու դու դառնալու ես այն նավակներից, որոնց արագությունն ու ուժը լուսնից էլ մեծ է լինելու: