Ani avetisyan

Կամուրջից այն կողմ

Միշտ էլ ամենադժվարը առաջին՝ վճռական, քայլը կատարելն է։ Դրանից հետո ամեն բան ավելի հեշտ է դառնում, իսկ ցանկացած նոր բան, ենթարկվելով շարժման օրենքներին, սովորական ու անգամ պարտադիր բնույթ է ստանում։ Նորությունները, փոփոխությունները կյանքում դառնում են կենսական պայման, իսկ միօրինակությունը հավասարվում է ինքնասպանությանը: Միակ խնդիրն այդ առաջին քայլն է, որի համար բավական համարձակություն, կամք ու աշխատասիրություն է պետք: Չնայած, դա կարող է լինել ոչ արտառոց մի բան. մեզանից յուրաքանչյուրի կյանքը կարող է շարժման մեջ դնել որևէ դեպք, երևույթ կամ անձ: Կարևոր է՝ ճիշտ ժամանակին գտնել նրան ու քաղել այն լավագույնը, որ կարող ես: 

Նոր ճանապարհի սկիզբ կարող է լինել այն դեղին-դեղին գծիկների վրայով փողոցի մի մայթից մյուսն անցնելը, չալարելն ու երկու կանգառ ոտքով քայլելը:

Կյանքում ինչ-որ նոր բան գտնելու համար համարձակություն է պետք ու նաև նոր վայր՝ նոր աշխարհ բացահայտելու: Այն, որ քեզ համար անսահմանություն էր, մի օր դադարում է չբացահայտված, անիմանալի լինել։ Մի օր շրջապատող աշխարհը քեզ համար կանխատեսելի, ձանձրալի, միապաղաղ է դառնում: Մի օր այդ ամենը հուսահատեցնում է քեզ ու նոր ճանապարհներ բացելու պատճառ դառնում, և դու որոշում ես որոնումների դուրս գալ ու նոր ոգեշնչում փնտրել, նոր կյանք: Գտնո՞ւմ ես…

Գիտե՞ք, մեզ մոտ՝ գյուղում, այդ մոտիվացիան սովորաբար չկա, կամ այնպիսի մի վայրում է թաքնված, որ նրան գտնելը երբեմն անհնար է: Եվ մեզանից ամենահամարձակներն այն գյուղից դուրս են փնտրում: Բայց դրա համար էլ կամքի մեծ ուժ է պետք. չէ՞ որ գյուղից դուրս գալն էլ բավական բարդ գործընթաց է: Մեր՝ գերզարգացած կամ իրեն այդպես ձևացնող հասարակության մեջ դեռ արմատացած է գյուղ-քաղաք հակասությունը, այն, որ գյուղում ապրողները չունեն կամ չպիտի ունենան նույն հնարավորությունները, ինչ քաղաքում ապրողները: Ծիծաղելի է թվում, չէ՞: Կարող եք անգամ ծիծաղել, բայց երբ տեսականից գործնական կողմին ենք անցնում, ավելի շատ տխրելու, քան ծիծաղելու պատճառներ կան:

Եթե մի փոքր հստակեցնեմ և խոսեմ հենց մեր գյուղի մասին, պատկերն ավելի պարզ կդառնա: Իմ գյուղը՝ Ոսկեհատը, թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ, ամենափոքրն է  շրջապատող գյուղերի համեմատ, ինչ էլ, երևի, նրա՝ մյուսների համեմատ ավելի պասիվ լինելու պատճառներից է: Հա՛, ինչ էի ուզում ասել՝ մեր գյուղը, մյուս՝ ավելի մեծ գյուղից բաժանված է կամրջով, որն էլ մեզ համար այլ՝ նոր ու մեր աշխարհից տարբերվող աշխարհի խորհրդանիշ է դարձել: Եթե խորը մտածենք, հենց այդպես էլ կա. այդ կամուրջն իրոք ժամանակի մեքենայի պես մի բանի նման է։ Այն ոչ շատ մեծ  հեռավորության վրա գտնվող տարածքներ է բաժանում, բայց դրանք իրականում իրարից շա՜տ հեռու են։ Կարևոր էլ չէ, որ այն, ինչ կամուրջի մյուս կողմում է՝ նույնպես գյուղ է. այնտեղ կա կյանք, շարժում, ինչը գրեթե բացակայում է գետի հակառակ ափին: Հենց այս հակասությունն էլ պատճառ է, որ գյուղում հաճախ են ասում, թե ով համարձակություն ունի անցնել կամուրջը՝ հեռու կգնա: Բարդը սովորելն է դրանից այն կողմ սկսվող աշխարհին:

Կյանքը դրսում սկսվում է երեկոյան, բայց կան կյանքի ընթացքից հետ մնացածներ, ում համար երեկոյան քաղաքից վերադառնալը ինչ-որ բաներ է նշանակում: Դե, հասկացաք: Իսկ երբ խոսքն աղջկա մասին է՝ բամբասանքների տեղատարափ է սպասվում գյուղում: Պատկերացրեք փոքրիկ գյուղում ապրող մարդիկ բոլորը մեկը մյուսին ճանաչում են: Պատկերացրեք, որ այստեղ այդքան էլ հեշտ չէ ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքներին։ Պատկերացրեք, որ այստեղ շատ բաներ տարբերվում են ձեր մտածածից։ Որոշ բաներ այնքան էլ վատ չեն, որքան պատկերացնում եք։ Կան բաներ էլ, որ շատ ավելի վատ են, քան կարող եք պատկերացնել:

Կարևորը ուժ գտնելն է կամուրջից այն կողմ՝ նոր աշխարհ անցնելու…