Կնայես մեզ երկնքից

20 օր է, ինչ թուրք-ադրբեջանական վայրագությունները պայթել են Արցախի վրա: Ամեն տեղ մարդիկ իրենց հիմնական թեման՝ քաղաքականությունը թողած, խոսում են սահմաններում տիրող իրավիճակից: Այս օրերին ավելի շատ լսել եմ «ԱԹՍ» կոչվածի, քան «հաց» բառի մասին,  ավելի՝ մահվան, քան ծնունդի…

Չեմ ստի, մինչ այս օրերը ինձ համար կարևոր էր սահմանի իրավիճակը, բայց այն չէի զգում, ինչ իմացա, որ եղբայրս նույնպես վտանգի մեջ է: Միակ բանը, որ կարողանում էի նրա համար անել՝ անդադար աղոթել: Ի դեպ, այժմ տղաների թիկունքում միակ օգնությունը աղոթքն է, որը պիտի բարձրացնենք մեր հայրերի Աստծուն:

Հոկտեմբերի 10 ժամը՝ 23:50, կործանիչ ժամ, ուր էր, չլսվեր այդ զանգը:

-Պա՞պ, ոնց որ հեռախոսդ է…

-Հա, տենամ ով ա էս ժամին զանգում,- ասաց հայրս ու վերցրեց:

Մեկ րոպե չանցած՝ զանգը անջատեց ու քարացած հայացքով նայեց ինձ, ու աչքերը կորան արցունքի մեջ:

-Պա՞պ, ի՞նչ է, լավ չե՞ս, հո՞ բան չի եղել…

-Հայկո՜ն,- խեղդող կոկորդով, արցունքները զսպելով ասաց նա:             Մեզ միայն մնում էր ծնկաչոք աղոթել՝ սուտ լինի, գոնե վիրավոր լինի, բայց, ավաղ, Աստծո կամքը նրա համար այն էր, ինչ այս պահին կա:

Նամակս երևի կկարդա…

«Ցավը անասելի է, երբ դու չկաս, չկա էն Ձենով Օհանի ձայնը, որ մտնում էիր տուն, ու նշանակություն չուներ, ես բակում էի, թե քո դիմաց նստած, մեկ է, գոռում էիր. «Հոպարի տղա՞, հոպլոն, հարսոն տո՞ւնն են, ո՞ւր են…»: էլ ո՞վ պիտի անդադար պարի բոլոր առիթներին ու համոզի, սեղաններից ստիպողաբար «քարշ տա» պարահրապարակ ու պարեցնի: Հա, իմ հուշերը  միշտ ուրախ առիթներից են, որովհետև մենք առանց քեզ «ուրախ» բառը չենք պատկերացնում:   Կուզեի հիմա մեզ մոտ լինեիր, որ լավ, անկեղծ սրտով ու քեզ վայել ձևով ճանապարհեինք Արցախ: Կատակի էի տալիս, մտածում էի՝ ոչ մի բան էլ չի լինի քեզ, դու ամեն տեղից միշտ դուրս ես եկել, չէի մտածում սրա մասին, բայց արի ու տես, որ անսպասելին ժամանեց իր ուզած ժամանակին»:

Հայկ Ղազարյանը ծնվեց 1989 թ-ին և զոհվեց ի պատիվ իր ընկերների և հայրենիքի, բայց իր ընտանիքի, իր երեք երեխաների համար գնաց հավերժի գիրկը: Հույսով ասում ենք՝ կնայես մեզ երկնքից…