Խաղաղության գինը

Բարև, աշխարհի ինչ-որ անկյունում ապրող, պատերազմների մասին միայն ֆիլմերից ու դասագրքերից իմացող ու երբեք այդ վախն ու տագնապը չզգացող անծանոթ։
Քեզ գրում եմ մի երկրից, որը քարտեզի վրա մի փոքր տեղ է զբաղեցնում, մի երկրից, որը առաջինն է մոտեցել խաչին ու իր հավատքով հաղթել տասնամյակներ շարունակ տևող պատերազմին, մի երկրից, որտեղ ապրող մարդկանց առավոտները սկսվում է չընդհատվող աղոթքով ու խաղաղության խնդրանքով։
Երևի ես էլ քեզ նման պատերազմի մասին կլսեի մեծերից կամ կկարդայի դասագրքերում, եթե չլիներ 2016 թվականի ապրիլը, մի քանի օր տևած պատերազմը դաջվեց բոլորիս հիշողություններում:  Էդ չարաբաստիկ օրերը ինձնից շատ բան խլեցին։
Էդ ժամանակ դեռ երեխա էի, դե ավելի ճիշտ, ինձ էդպես էի համարում ու մտածում էի, որ ավարտից հետո հիշողությունիցս կջնջվի ամեն ինչ ու կմոռացվի։ Էս տարիների ընթացքում վերքերը սպիներ դարձան, բայց վերջնական մոռանալ չստացվեց, կամ կստացվեր, եթե այլևս պատերազմ չտեսնեի։
19 օր, արդեն 19-րդ օրն է, ինչ մեզ մոտ նորից պատերազմ է։
Գիտե՞ս, աշխարհում ամենազզվելի բանը պատերազմն է, երբ դու հոգեպես ու ֆիզիկապես կոտրվում ես, երբ քեզանից հեռանում են էն մարդիկ, ում հետ մանկություն ու պատանեկություն ես անցկացրել, ու մի օր անգամ չես պատկերացրել, որ իրենք էլ չեն լինի։
Երբ թշնամու կրակը կիսատ է թողնում բակում անհոգ խաղացող երեխայի կյանքը, երբ 4-5 տարեկան երեխան ոչ թե տիկնիկների, հեռախոսի կամ այլ բաների մասին է երազում, այլ խաղաղության։ Երբ մի փափուշտը որբացնում է նորածին երեխային, ծնկած է թողնում իր մինուճար որդուն կորցրած մորը ու անպատասխան է թողնում սիրած աղջկա նամակները։
Երբ թշնամու կողմից թիրախավորվում է խաղաղ բնակիչը` 13 ամյա երեխան, ով ընդամենը գնում էր գյուղատնտեսական գործեր անելու ու ծնողներին օգնելու, որ իր գյուղն ու պետությունը հզորացներ։
Թիրախավորվում է հաշմանդամ տղամարդը, ով երբեք չմտածեց սահմանամերձ գյուղը լքելու ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու մասին։
Իսկ գիտե՞ս, որ աշխարհը լռում է ու չի խոսում էս ամենի մասին, որովհետև մեծ տերությունների ղեկավարներին կուրացրել է նավթի գույնը, իրենց համար մի սահմանում կա` եթե ունես ռեսուրս, գումար, ուրեմն դու միշտ ճիշտ ես։ Դե մենք գումար ու նավթ չունենք, հզոր պետությունների ու ղեկավարների կողմից աջակցություն էլ չունենք, փոխարենը ունենք 18-19 տարեկան հայրենիքի պաշտպաններ, ովքեր սյուն են մեր պետության համար։
Գիտե՞ս, սահմանին կանգնած զինվորի համար մի կտոր հողը շատ թանկ արժի, այնքան թանկ, որ իր կյանքի գնով է վճարում այդ մի կտորը պահելու ու թշնամուն չհանձնելու համար։
Եթե ինձ մինչև պատերազմը հարցնեիր` ովքեր են ձեր թշնամիները, երևի չկարողանայի պատասխանել: Միշտ մտածում էի, որ անկախ ամեն ինչից, մարդիկ չպիտի չարանան իրար հանդեպ, ու եթե սերնդափոխություն լինի, ամեն ինչ կվերջանա, բայց սխալվում էի: Էս պատերազմը հակառակն ապացուցեց։
Էս պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում ու երևի դեռ կփոխի, որովհետև ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի, միայն մի բանում եմ համոզված ու վստահ եմ, որ անկախ ամեն ինչից, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ու հաջորդ նամակս քեզ, արդեն սիրելի դարձած անծանոթ, գրելու եմ հաղթանակած երկրից։
Ու վերջում մի բան եմ ուզում, որ պատերազմի մասին քո գիտելիքները եզրափակվեն միայն դիտածդ ֆիլմերով ու դասագրքերում կարդացածդ նյութերով։