Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

Կորչի՛ բռնության մշակույթը

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

«Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է». ծանոթ արտահայտություն է, չէ՞: Այս անգամ մենք հաստատ գիտենք, թե որտեղ ու ինչն է սխալ:
Պարզվում է՝ վերջին 4-5 օրվա ընթացքում ես 51.108 քայլ եմ արել:
Ես չգիտեմ, թե այդ քայլերից որն էր ավելի համառ ու հաստատուն, որն էր դանդաղ ու, գուցե, ինչ-որ պահի հուսահատ, բայց ես գիտեմ մի ուրիշ ճշմարտություն. դրանցից յուրաքանչյուրն արված էր տեղին ու ժամանակին:
Երևի հեշտ է ձևացնել, թե մեր պստլիկաշենում ոչինչ էլ չի եղել, երբ տան պատուհաններից դուրս թվացյալ խաղաղություն է, հեշտ է ձևացնել, թե մտահոգվելն ու աջակից լինելը ամենևին էլ քո գործը չէ, հեշտ է, երևի, որովհետև պայքարի սիրուն ու թեժ ալիքը տնից մի քանի կիլոմետր այն կողմ է ու քեզ չի հասնի, եթե ինքդ չուզես…

16.04.2018

Պայքարելիս չպիտի վախենալ. բոլոր գեղեցիկ երևույթներն ու իրողությունները վախից անդին են:

Առավոտյան ժամը ինն է. մենք մեր տեղում ենք, բարիկադներն էլ՝ իրենց: Նստարանին՝ «ԵՐԵՎԱՆ», գլխավերևումս՝ Մոսկովյան-Մաշտոց, ես՝ Երևանի կենտրոնում նստած նայում եմ Մայր Հայաստանին ու խմում անծանոթի հյուրասիրած սուրճը, որը միայն պայքարի լիությունից ու քաղցրությունից է այսքան համով թվում:
Րոպեներ անց, երբ զուգահեռ փողոցում ընկերուհիս «տանում է» պապիկի ցավը ու համոզում մնալ, իսկ մյուս կողմում ես հերթական երիտասարդին բացատրում եմ, որ իմ ցավը տանելու կարիք չկա, ու ճանապարհում եմ եկած ուղով, հայտնվում է երաժշտական դպրոցի ուսուցչուհին ու փողոցով մեկ հայտարարում.
- Ես հինգ անչափահաս երեխա ունեմ, չգիտեմ վաղը գործից կհանեն, թե ինչ կանեն, բայց էստեղ եմ ու չեմ պատրաստվում հեռանալ, դուք պարտավոր եք անել այն, ինչ կասեն ձեզ…
Նմանատիպ կադրեր ես կարող եմ հիշել հարյուրներով ու հազարներով, բայց լայնամասշտաբությունը ցույց տալու համար կասեմ միայն հետևյալը. երկու օր անընդմեջ փողոցը փակել ենք նաև հատուկ ցույցին մասնակցելու եկած ռուսաստանաբնակ հայերի հետ:

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

Քեզնից՝ ինչպես որ ինձնից, մեծ ջանքեր կպահանջվեն հավատալու համար, որ սա կատակ չէ, որ սա հեղափոխության թարմ ու նոր ալիք է, որ մեքենաներից դատարկված փողոցները լի են հազարավոր մարդկանցով, բայց սա կլինի միայն մի պահ, որովհետև հաջորդ վայրկյանին լռությանը կփոխարինեն վանկարկումներն ու Նիկոլի՝ ամբոխին ուղղված խոսքերը, թե մենք առաջ են գնում բաց ձեռքերի սկզբունքով: Ու քեզ կապշեցնի, շատերին՝ կսարսափեցնի ոստիկանական զորքերի արձագանքը. դեպի ամբոխն է գալիս խլացուցիչ-պայթուցիկը (իրական անունն էդպես էլ չհիշեցի, ինչևէ), քեզ ծանոթ դեմքերը կորում են սպիտակ ծխի մեջ, ուժերդ կարծես սպառվում են, հանկարծ հայրը ամբողջ ուժով գոռում է «բալե՜ս»՝ էդ մի բառի մեջ դնելով հայրական բնազդի ողջ էությունն ու ոգին, անգիտակցաբար կամ գիտակցաբար նա իր թևերի տակ է առնում քեզ, ինձ, նրան…
- Չվախենա՛ք, չգնա՛ք:
Հետո, երբ այս ապահով հովանու տակ է հայտնվում նաև նրա դուստրը, նա ուղղակի նայում է դիմացից խուճապահար փախչողներին ու ասում.
- Ես էստեղ եմ, տեսե՛ք, էստեղ եմ՝ աղջկաս կողքին, հետ չգնա՛ք, չնահանջե՛ք…
Էկրանից այն կողմ նստած ընթերցողիս սա գուցե ֆիլմ կամ էլ բեմականացում թվա, բայց սա ստացված իրականություն է՝ սադրիչների չստացված ու անհաջող խաղի առաջ…

17.04.2018

Ըստ վիճակագրական տվյալների այսօր հանրահավաքին մասնակցել է՝ 33.000-35.000 մարդ:
Այ, Հայաստանը իրե՛նք են, ե՛ս եմ, դու՛ ես, նա՛ է, մե՛նք ենք…
Հայաստանը սեփական աչքերում հույսի արեգակները վառ պահողներս ենք:
Հայաստանը պատշգամբից մեզ նայող ու, ենթադրում եմ, հպարտությունից ու ուրախությունից լաց լինող կինն է:
Հայաստանը Մոսկվայից ու Ֆրանսիայից գրող ընկերներս են, իմ ու քո մասին մտահոգվող դասախոսներն են, ովքեր ասում են, թե իրենցից հազար գլուխ լավն ենք:
Հայաստանը իրենց քայլն անողներն են: Եվ իշխանությունը այս Հայաստանինն է, ոչ թե՝ ուժով ու բռնությամբ սեփական ներկայությունը թելադրողինը:

18.04.2018

Ինչպես նախորդ օրերին, այսօր էլ բոլոր ճանապարհները տանում են Բաղրամյան:
Եթե ասեմ, որ ամեն բան այն աստիճան խաղաղ է, որ հնգօրյա հավաքներ պատմող ու հիշեցնող ոչինչ չկա, կսխալվեմ:
Իր հետույքը Աթոռին ամուր կպցրած մի աներես որոշել է, թե փշալարերը կարելի է հավաքել, ցույցը՝ ցրել. մտածել է ՝ էլ չենք միավորվի: Ես տխրում եմ նրա համար:
Ֆրանսիայի հրապարակում ոստիկանական զորքերի տարափ է: Ընկերներիս խելառությունը դրսևորվել է անգամ այդ պահին. փորձել են փողոց փակել, փորձը վերածվել է բռնոցու: Հաղթողն էլի իրենք էին:
Պայքարը շարունակվում է. մեզնից դեռ շատ ուժեր կպահանջվեն:

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

Լուսանկարը՝ Սոֆի Թովմասյանի

19.04.2018

Այս ամենը ձեզ չպատմելն ուղղակի ճիշտ չէր լինի, արդար չէր լինի:

Մեր ընկերներից երկուսին բերման են ենթարկել՝ առանց հիմնավորման: Սխալ գործելաոճ է, բայց սա էլ կանցնի: Կանցնեն բոլոր սխալ ու անարդար «ճշմարտությունները» ու կմնա միայն մեկը. քո հիմիկվա քայլերը երազածդ հեռանկարին համապատասխան պիտի լինեն. լռությունդ ոչնչով չի օգնի…
Կորչի՛ բռնության մշակույթը: Մենք նրան ասում ենք՝ ո՛ չ: