astghik hunanyan

Կտոր մը փոփոխություն էի ուզում…

Էլի դպրոց, դասեր, դասամիջոցներ ու բուֆետ, որ դատարկվում է մինչև «երկար դասամիջոց»-ը, նոր, բայց իրականում հին դասագրքեր ու հավես նկարներով տետրեր, որոնց լուսանցքները  արդեն շուտվանից չեմ գծում՝ մեծ լինելուս պատճառով, ու էլի պիտի  տետրերի առաջին էջի վրա սիրուն ձեռագրով գրեմ ու ինձ խոստանամ, որ մյուս էջերի վրա էլ եմ նորմալ գրելու, բայց մեկ է՝ շարունակեմ ագռավի ձեռագրով գրել։  Էլի ծանր պայուսակ՝ լցված ամենաանհեթեթ իրերով, բացի պետքականից։ էլի իրար վրա մի քանի «սանտավիկ» պիտի խփեմ ոտքերիս, քանի որ ինչպես շատ աղջիկներ՝ ես էլ, ձևի ու սիրունության հետևից ընկնելով էնպիսի կոշիկներ եմ առել, որոնք ոտքերիս «մի քանի մետրանոց» «փոս» են բացել։ Ու գիտե՞ք ինչու, որովհետև մաման խանութում ասում էր՝ մի քանի օր հագնես, հաստատ կբացվեն, բայց չգիտես ինչու՝ ոչ մի տարի էդ բաղձալի օրը չի գալիս։ Էլի պիտի դպրոցական առաջին շաբաթը սև ու սպիտակ հագնենք, դա էլ ավանդույթի պես բան է դարձել, բայց ինչքան էլ կոպիտ հնչի՝ աշակերտների մեծամասնությունը դա անում է ուղղակի ուսուցիչների բերանները փակելու համար, հետո արդեն ինչ ուզում են՝ հագնեն, բոլորի համար մեկ կլինի։

Տասներորդ դասարան, երբ բավականին ծեր ես քեզ զգում, որովհետև եթե մի քսան տարի առաջ ծնված լինեիր ու տասներորդ դասարան լինեիր՝ պիտի ավարտական դասարանի աշակերտ կոչվեիր։ Բայց ինձ ծեր զգալու մի ուրիշ պատճառ էլ ունեմ։ Ասենք, 2010 թվի ծնվածները այս տարի դպրոց են գնում, իսկ ես դեռ էդ թվի ֆիլմերը «նոր ֆիլմեր» ցանկի մեջ եմ գցում: Ոնց են թռնում տարիները, է՜…

Լավ, դա մի կողմ, այս տարի մեր դասարանը հոսքերի պիտի բաժանվեր, գումարած երկրորդ ու առաջին դպրոցներից եկած մոտ 60 աշակերտները (Եղեգնաձորում կան երկու հիմնական ու մի ավագ դպրոց)։ Այսինքն, նոր շրջապատ, նոր դասընկերներ, նոր դասարան ու նոր դասղեկ, մի խոսքով, ամեն ինչ ըստ իմ պլանավորածի պիտի նոր լիներ։

Շատ էի մտածում՝ բա ո՞նց ծանոթանամ նորեկների հետ, բա որ ոչ մի ծանոթ հումանիտար հոսք չգնա ու ինձ մենակ զգա՞մ, ի՞նչ պիտի անեմ, բայց մի կողմից էլ շատ ուրախ էի, որ նոր ծանոթներ կունենամ ու 9 տարվա միապաղաղությունը կվերանա։ Այն էլ ի՞նչ, սպասելիքներս չարդարացան. մոտ 18 հոգով ենք հիմա դասարանում, բայց 3-4 հոգին են ուրիշ դպրոցներից եկածները, ու այն էլ՝ ինձ ծանոթ։ Հա, մեկ էլ արի ու տես՝ մեր դասասենյակը նախկին դասասենյակս է: Այ քեզ բախտ, չէ ավելի ճիշտ՝ դժբախտ, ես փոփոխության էի այդքան տենչում ամառային արձակուրդներին: Էհ, լավ։ Համ էլ «նոր» դասարանում հարազատ հոգի գտա 17-ցի՝ Նոնան Պետրոսյան, միակ փաստը, որ մի քիչ գոնե ուրախացրեց։

Ու բացի այդ՝ այս տարի որոշել եմ շա՜տ լավ սովորել (ուզում եմ ինձ հույս տալ, որ ամեն տարվա հասարակ ու փուչ  խոստումների նման խոստում չի լինի էս մեկը, որ ինքս ինձ եմ տալիս)։

Դե, ասածս ինչ է՝ վեր կենամ նոր դասագրքերս ուսումնասիրեմ, մեկ էլ տեսար՝ հետաքրքիր եղան…