arman arshak

Միշտ չէ, որ ամեն ինչ նույնն է

Ամառային հերթական պայծառ ու տաք օրերից էր, որը ոչնչով չէր տարբերվում մյուսներից, ես կրկին չնչին առիթն օգտագործում էի տանից դուրս գալու համար: Չնայած եղանակին՝ նախընտրում էի դուրս գալ տանից, միշտ այդպիսին եմ եղել: Տանից կանգառ ճանապարհին սկսեցի մտածել օրերի, դեպքերի, մարդկանց ու քաղաքի մասին: «Ամեն ինչ նույնն է»,- ասացի ինքս ինձ, երբ փորձում էի հիշել, թե երբ է վերջին անգամ այս ճանապարհին ինչ-որ փոփոխություն տեղի ունեցել: Չէի կարողանում. ամեն բան նույնն էր՝ խանութները, խանութների առջև նստած տիկնայք, ատամնաբույժն ու նրա այցելուները:

Մոտենում եմ արդեն կանգառին: Վերլուծելով նույնությունն ու մտածելով կանգառի մասին՝ վստահ ասում եմ՝ դե, պաղպաղակ վաճառող տղան իր տեղում նստած է լինելու, վարորդները ծառերի ստվերի տակ ինչ-որ զբաղմունք գտել են հաստատ, իսկ կանգառում նույն դեմքերն են լինելու: Հասա կանգառ, ու ամեն ինչ այնպես էր, ինչպես մտածում էի: Պաղպաղակ վաճառող տղան իրեն հատուկ հանդարտությամբ նստած էր իր տեղում, վարորդները ծառերի ստվերի տակ նարդի էին խաղում, իսկ կանգառում նույն մարդիկ էին:

Չհասցրի երկար մտածել ու վերլուծել՝ երթուղայինը եկավ: Մի քանի կանգառ անց հասկացա, որ մեծ խցանում է: Զարմացա՝ Աբովյանում երբեք նման խցանում չի լինում, սակայն երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ զինկոմիսարիատի առջև խցանման պատճառը միայն զորակոչը կարող է լինել: Երթուղայինը, չափազանց դանդաղ առաջ շարժվելով, հասավ զինակոչիկների մեքենային: Ակամա հիշեցի եղբորս ճանապարհելու օրն ու կրկին հասկացա, որ ամեն ինչ նույնն է՝ այդ տեսարանին սովոր վարորդը, որի դեմքը ոչ մի արտահայտություն չէր ստանում, արդեն «զինվորի մայր» կոչմանն արժանացած կանանց հպարտ հայացքներն ու թաց աչքերը, միայնությունից վախեցող քույրերն ու եղբայրները, 18-ամյա տղաները, որոնք ժպտում էին ավտոբուսի պատուհանից՝ ցտեսություն ասելով հարազատներին: Երթուղայինում բոլորը մոռացան ժամանակի մասին, մոռացան, որ ուշանում են, ու բոլորի ուշադրությունը պատուհանից դուրս էր:

Զինակոչիկների մեքենան շարժվեց երթուղայինին հավասար, արագ սլացավ՝ հետ դառնալու նպատակով: Սլացավ՝ հետևում թողնելով բազում հայացքներ, ես ինքս շրջվեցի ու հետ նայեցի դեպի զինկոմիսարիատի առաջ հավաքված բազմությունը: Պատահական նկատեցի անդորրն ապահովող ոստիկանին, որի աչքերից ցած գլորվեց արցունքի կաթիլը: Քարացած նայեց զինակոչիկների մեքենայի հետևից ու ակնթարթորեն մաքրելով աչքերը՝ շարունակեց ծառայությունը: Երբեք չեմ մոռանա նրա կեցվածքն ու զինակոչիկներին ճանապարհող հայացքը:

Այդ պահին հասկացա, որ ամեն ինչ չէ, որ նույնն է: