Ani Ghulinyan

Հաղթահարելի դժվարություններ

-Звезда полей, во мгле заледенелой
Остановившись, смотрит в полынью…

Սա իմ ռուսերենի անգիրից 2 տող է, որը ես սովորեցի 2 րոպեում, իսկ ամբողջ բանաստեղծությունը՝ կես ժամում, որովհետև մինչև մի քառատողը սովորում, մյուսը՝ մոռանում էի: Էլ չասեմ, որ ոչ լավ առոգանություն ունեմ, ոչ էլ կարողանում եմ բառերը ճիշտ արտասանել:
Բոլոր դասերս միշտ էլ արագ եմ սովորել: Դասը մի անգամ կարդալով՝ արդեն այն պատմել գիտեի, բայց օտար լեզուների հետ խնդիրները այլ են: Դասերին տրամադրած ժամանակի յոթանասուն տոկոսը հատկացնում եմ օտար լեզուներին, մնացած երեսունը՝ մյուսներին: Չգիտեմ՝ ինչո՞ւ է այսպես: Երևի նրանից, որ հիշողությունս լավը չէ, ու սկզբում էլ շատ ժամանակ չեմ տրամադրել դրանց:

Այս ամենին զուգահեռ կրթական ծրագրի մեջ երբեմն որոշ անհամապատասխանություններ էին լինում: Օրինակ, երբ գերմաներենից Akkusativ հոլովն էինք անցնում, ուսուցիչս բացատրում էր, որ այն համապատասխանում է հայերենի հայցական հոլովին: Այս ամենը անցնում էինք չորրորդ դասարանում, մինչդեռ հայերենի հոլովները սկսեցինք անցնել միայն յոթերորդ դասարանում: Այդպես երեք տարի միայն անգիր անելով, որ կան սեռական, տրական, բացառական հոլովներ, հասա յոթերորդ դասարան: Իսկ երբ վերջապես հասկացա` ինչն ինչոց է, պարզվեց, որ ընդհանուր ծրագրից հետ եմ մնացել, ու համադասարանցիներիցս շատերի համար հոլովներն արդեն անցած թեմա են:
Հիմա արդեն լեզուները սովորելու հեշտ ձև եմ գտել: Երբ ինձ հարազատ թեմաներ ենք անցնում, ավելի մոտիվացված եմ սկսում սովորել: Սկսել եմ ֆուտբոլի մասին նորությունները ռուսերենով ու գերմաներենով կարդալ, հետո համեմատել հայերենի հետ: Այդպես ավելի արագ եմ սովորում: Հուսով եմ դպրոցն ավարտելիս ավելի լավ կիմանամ լեզուներ, ու այս մի դժվարությունն էլ կհաղթահարեմ: