Gayane Avagyan

Նոր բացահայտում պապիկիս շնորհիվ

Մի սովորական օր` նման բոլոր օրերին, դուրս եկա տանից ու քայլեցի, հա, էլի ականջակալներովս, դեպի տատիկենցս տուն: Արդեն երկար ժամանակ է, ինչ չեմ տեսել մեծ մայրիկիս ու մեծ հայրիկիս, (դե, պարսկահայերս պապիկ-տատիկին էդպես ենք ասում): Գնացի` տեսնեմ` ինչպես են, ինչ են անում, ինչպես է անցնում օրը, ու կարոտս առնեմ: Հասա տեղ, ճանապարհին չորս անգամ լսելով Մանսուրյանի երաժշտությունը: 

Ինձ տեսնելուն պես ուրախացան բոլորը: Երկար ժամանակ է, ինչ դասերի պատճառով ժամանակ չէի ունեցել տեսնելու իմոնց: Հարցերի մի ամբողջ հեղեղ ուղղեցին ինձ: Ու հասավ սպասված հարցը.

-Այ բալիկ ջան, կարոտում ենք քեզ, ինչո՞ւ  չես երևում:

-Կներես, պապիկ, դասերս այնքան շատ են, չեմ հասցնում:

-Այ, որ դասի անուն ես տալիս, չեմ բարկանում: Սովորիր, դե ասա` ի՞ նչ եք հիմա անցնում:

-Հիմա գրականություն ենք անցնում, գրողների կենսագրությունն ու ստեղծագործություններն ենք ուսումնասիրում:

-Էհ, երանի քեզ:

Ու մի պահ ոչինչ չասաց պապիկս: Մինչ ես նստած սպասում էի պապիկիս խոսքերին, տատս թեյը բերեց: Գիտեք, չէ՞, ինչքան ենք թեյ խմում` համ առավոտյան` նախաճաշին, համ կեսօրին` ճաշից հետո, համ երեկոյան` ընթրիքից հետո: Պարսկաստանից այդ սովորությունը պապիկս ու տատիկս բերել են այստեղ: Խմեցի տաք- տաք թեյս ու էլի սպասում էի, որ պապիկս մի բան կասի, ախր, չավարտեց խոսքերը: Չէ, հաստատ դեռ ասելու բան ունի: Իր կանաչ աչքերով նայեց ինձ ու ասաց.

-Գայանե, գիտե՞ ս, մենք մի բարեկամ ունենք, գրող է,- ասաց պապս ու էլի լռեց: Մի քանի վայրկյան դադար տվեց, երևի անունն էր ուզում հիշել,- Հա, հիշեցի` Արտաշես Պողոսյան: Վերջին անգամ չեմ հիշում` երբ եմ տեսել նրան, կարծեմ Երևանում` իրենց տանը: Բայց դե, շուտ էր դա…

Ու ոչինչ չասաց էլ պապս: Մի քանի վայրկյան ուշադիր ինձ նայեց, հետո ասաց, որ տատս էլի թեյ լցնի ինձ: Այս անգամ չփորձեցի հետաքրքրությունս բավարարել, ոչ մի հարց չտվեցի: Սպասում էի, որ էլի կխոսի պապս, բայց նա լուռ էր:

Անցավ մի քանի օր պապիկիս տուն այցելությունից: Այդ մի քանի օրը անընդհատ մտածում էի` ինչպես գտնեմ Արտաշես Պողոսյանի ստեղծագործությունների գիրքը: Համացանցը օգնեց ինձ: Որոնեցի ֆեյսբուքով, ուզում էի տեսնել` արդյո՞ ք ինչ- որ էջ կա այդ գրողի անունով բացված: Էջ չգտա, փոխարենը մի խումբ գտա: Այնտեղ կային Արտաշես Պողոսյանի ստեղծագործությունները: Կարդացի հերթով, նկատեցի, որ այդ բանաստեղծությունները հրապարակում է Նաիրա Պողոսյանը: Մտա նրա էջ, տեսա, որ ամբողջ էջում Արտաշես Պողոսյանի բանաստեղծություններն են: Ընկերանալու հարցում ուղարկեցի: Հաջորդ օրը, տիկին Նաիրան ընդունեց ընկերանալու հարցումս: Ուզում էի գրել նրան, ասել, որ Արտաշես Պողոսյանի բանաստեղծություններից, եթե հնարավոր է ուղարկի` կարդամ: Համացանցում, քիչ տեղեկություն կարողացա գտնել, ախր:

Գրեցի, ուղարկեցի նամակս: Տիկին Նաիրան ջերմ պատասխանեց: Ասաց, որ ինձ կնվիրի Արտաշես Պողոսյանի բանաստեղծութունների գիրքը: Իհարկե, ուրախացա, այս մասին պատմեցի պապիկիս, առաջին հերթին խնդրեց ինձ կարդալ նրա բանաստեղծություններից մեկը: Սիրով կարդացի, հետո ասաց, որ գիրքը ստանալուն պես, տանեմ իրենց տուն ու իր համար էլի կարդամ: Լավ չեն տեսնում պապիկիս աչքերը, ու ես սիրով կարդում եմ նրա համար: Ուրախ, ուրախ համաձայնեցի ու սպասեցի գիրքը ստանալուն:

Ուրախությունս կրկնապատկվեց, երբ գիրքը հայտնվեց իմ ձեռքում: Սկսեցի հպարտությամբ կարդալ իմ ազգականի ստեղծագործությունները: Հիմա եմ հասկանում, եթե չլիներ պապիկիս լռությունը, ես երևի այդպես էլ չգտնեի տիկին Նաիրային և չստանայի գիրքը: Շնորհակալ եմ շատ տիկին Նաիրային, նվերի համար:

Ուզում եմ, որ դուք էլ իմանաք Արտաշես Պողոսյանին: 

Ահա, նրա բանաստեղծություններից մեկը.

Ինչո՞ւ աշխարհում
Ամենահամառն « ինչո՞ւ»-ն է էլի.
Ինչքան էլ խեղդես պատասխաններով,
Ինչքան էլ խեղդվես պատասխանելով,
Ծնկի չի գալիս,
Շնչում է էլի:
Ինչո՞ւ աշխարհում
Ամենաքնկոտն «ինչո՞ւ»-ն է էլի.
Ինչքան ուզում ես՝ ձաղկիր մտրակով,
Ինչքան ուզում ես՝ ծակիր մկրատով,
Հսկայի պես է՝
Ննջում է էլի:
Ինչո՞ւ աշխարհում
Ամենազորեղն «ինչո՞ւ»-ն է էլի.
Ետ է շպրտում նա մինչև այսօր
Պատասխանների գրոհներն անզոր,
Ու մենք կարծում ենք միամտորեն՝
Ծնկի ենք բերել «ինչո՞ւ»-ներն ամեն:
Այնինչ աշխարհում
Ամենահամառն «ինչո՞ւ»-ն է էլի,
Ամենաքնկոտն « ինչո՞ւ»-ն է էլի,
Ամենազորեղն «ինչո՞ւ»-ն է էլի,
Շնչում է էլի,
Ննջում է էլի,
Բոլոր շուրթերից
Հնչում է էլի:

Արտաշես Պողոսյան