Հաղթանակ կերտելիս

Սիրո՞ւմ ես «Հայ Ասպետ» հեռուստախաղը: Ուզում եմ քեզ հետ կիսվել իմ ուրախությամբ, որովհետև սիրելի ընկերներիս թիմը երկու օր առաջ հաղթել է «Հայ Ասպետի» եզրափակիչ փուլում: Ես կասկածներ էլ չունեի, սակայն ամեն դեպքում լիովին վստահ լինելը գործին խանգարող բան է: Ընկերներս հասել են իրենց բաղձալի երազանքին, ու ամենակարևորը՝ երկարատև ու քրտնաջան աշխատանքի արդյունքում:

Մի քիչ պատմեմ, իմացի՛ր:
Թիմը Չարենցավանից է, 5 խելացի աշակերտներ են: Թիմի անդամներից երեքին լավ ճանաչում եմ ու սիրում: Ասեմ, որ «Ամենախելացիի» մասնակիցներ են եղել շատերը: Ապրիլի կեսերից սկսել են աշխատանքը, հունիսի 11-ին առաջին խաղում են հաղթել: Նրանք ասում են, թե սկզբից ամեն ինչ դժվար էր թվում, ձանձրալի էր: Թեմաները տալիս են կազմակերպիչները, իսկ իրար մեջ բաժանելու, հաջողությամբ խաղը պսակելու գործը մնում է թիմին:

Երբ առաջին խաղում հաղթանակ տարան, սկսեցին ոգևորվել, ու 15 օր դադարից հետո թիմն սկսեց պատրաստվել երկրորդ կարևոր խաղին՝ արդեն այլ թեմաներ պատրաստելով: Թիմի անդամներից Հովսեփը ինձ հետ զրույցում նշեց, որ առաջին երկու խաղերին շատ թեթև են նայել ու այդքան լավ պատրաստ չեն եղել, սակայն հավատը, առաջին երկու ամիսների ընթացքում, նրանց օգնել է հաղթել: Երրորդ խաղը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին, որի ժամանակ թիմը երկու միավորով պարտվել է առաջին տեղը գրաված թիմին: Չնայած դրան՝ բարձր միավորները փրկել են իրենց՝ տանելով դեպի եզրափակիչ փուլ: Իսկ եզրափակիչը իրենցից պահանջել է չափից շատ պատասխանատվություն, ժամանակի տրամադրում միմիայն տրված թեմաներին, մի փոքր կյանքից կտրված վիճակ, բայց և ձգտում դեպի հաղթանակ: Ու հաղթանակը բաժին է հասել հենց այս թիմին:
Երբ փորձեցի պարզել, թե արդյոք կա՞ր որևէ առավելություն, ուժեղ կողմ, որի շնորհիվ նրանք կերտեցին իրենց հաղթանակը, Հովսեփը նշեց, որ իրենց թիմում յուրաքանչյուր անդամ արդեն իսկ ձևավորված անհատ է՝ յուրահատուկ մտածելակերպով: Սա մեկ-մեկ թվում էր առավելություն, մեկ-մեկ էլ խանգարում էր ձևավորել միասնական և ընդհանուր կարծիք որևէ թեմայի շուրջ: Նաև եղել են փոքրիկ վեճեր կազմակերպիչների տված թեմաները իրար մեջ բաժանելու ընթացքում, որովհետև եղել են այնպիսիները, որ դուր են եկել ու հետաքրքրել են թիմի բոլոր հինգ անդամներին էլ:
Իսկ երբ փորձեցի հասկանալ, թե «Հայ Ասպետը» բացի գիտելիքներից, էլ ի՞նչ տվեց իրենց, ու ինչը կհամարեն ամենամեծ ձեռքբերումը այս երկարատև աշխատանքի ընթացքում, նրանք նշեցին երկու բան. այն, որ հաղթող թիմը հնարավորություն է ստացել մեկնելու Արևմտյան Հայաստան՝ շրջագայության, և մի քանի ամիսների ընթացքում ձևավորված կապվածությունը թիմի անդամների միջև, նաև այլ թիմերից նոր ընկերներ ձեռք բերելը:
-«Հայ ասպետը» ինքնադրսևորման հարթակ էր մեզ համար: Մեկ անգամ ևս փորձեցինք մեզ մեծ պատասխանատվություն պահանջող գործի մեջ՝ խաղալով միայն հաղթանակի համար: Դու մտնում ես սրա մեջ, չես պատկերացնում՝ քեզ ինչ է սպասվում: Միայն այն հավատը հաղթանակի նկատմամբ, որ ուներ մեզանից յուրաքանչյուրը, աշխատասիրությունը, որով լցված էինք մենք, անընդհատ աղոթքները առ Աստված մեզ օգնեցին հասնել Արևմտյան Հայաստան,- նշում է Հովսեփը: