marine israyelyan

Պատմական պիեսները մերօրյա դրամատուրգիայում

Ժամանակակից հայ դրամատուրգիայում խիստ նկատելի է պատմական պիեսների պակասը և այս ժանրի հանդեպ ժամանակակից դրամատուրգների ոչ բարյացակամ վերաբերմունքը: Այո, քչերն են ծավալում նման գործունեություն, քչերն են բեմից կենդանի խոսքով հային իր պատմությունը մատուցելու հնարավորություն ընձեռում բեմադրիչներին: Այս ասպարեզում առանձնանում է խորհրդահայ նշանավոր դրամատուրգ Գևորգ Սարգսյանը, որն այսօր էլ շարունակում է իր առաքելությունը՝ որպես թատրոնի անմնացորդ նվիրյալ: Նրա «Հավերժի ճամփորդները» ժողովածուն եզակի է՝ որպես Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Թումանյանի և Րաֆֆու մասին ասված դրամատուրգիական խոսք: Հենց Գևորգ Սարգսյանից «վարակվելով» էլ վերջերս լույսընծայվեց նրա կրտսեր ընկերոջ՝ դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի «Երբ անցյալն է աղաղակում» պատմական պիեսների ժողովածուն, որտեղ երեք պիեսներից մեկում՝ «Բաղրամյան»-ում, նորովի է բացահայտվում Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կերպարը, «Լևոն 6-րդ Կիլիկիո արքա» պիեսում ներկայացվում է կիլիկյան հզորագույն արքա Լևոն 6-րդի դրամատիկ վախճանը, իսկ «Սքանչելին» պիեսում տեսնում ենք իտալական հանրահայտ Մեդիչիների տոհմից Լորենցո Մեդիչիի և Հռոմի պապի անողոք պայքարի հանգուցալուծումը:

Պատմական պիեսների որոնումներում հետաքրքիր բացահայտում էր լուսահոգի գրող, թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանի պիեսների «Ճեպընթաց համար 34» ժողովածուն: Առաջին հայացքից միանգամայն ժամանակակից այս խորագրի ներքո լույսընծայված գիրքը, որն ի դեպ 2015-ին արժանացել է նաև ՀԳՄ Լևոն Շանթ մրցանակի, իր մեջ ամփոփում է դարերի պատմությունը: Այս գրքում հանդիպում ենք սեփական կրքերի մեջ այրվող Շամիրամին, հետևում նրա աշխարհակործան մտքի դիվային ընթացքին, բացահայտում Աշոտ Երկաթ Բագրատունյաց արքայի հոգու երկվությունը, Գևորգ Մարզպետունի իշխանի անձնվիրության ակունքները, և առիթ ունենալով վերստին առերեսվելու մեր մշտաներկա անցյալին, կրկին սկսում խորհել՝ ուր են մեր բեմադրիչները և ինչ են անում մեր թատրոնները: Մի՞թե մոռացել են այն պարզ ճշմարտությունը, որ թատրոն հաճախող թե՛ ավագ, և թե՛ երիտասարդ հանդիսատեսը պետք է այնտեղից դուրս գա մաքրագործված, պետք է լինի ու մնա տեսածի ազդեցության տակ, և իհարկե, դաս առնի դրանից: Ինչ ենք տալիս մենք հայ հանդիսատեսին… Մեծ հաշվով՝ ոչինչ: Եվ եթե չենք տալիս, ապա ինչու ենք բողոքում թատրոնի մշտապես արդիական խնդրից՝ հանդիսատեսի պակասից:

Այս պիեսները ևս մեկ հրաշալի առիթ են խորհելու և առերեսվելու մեր թատերական իրականության հետ, ինչը չանելու դեպքում մենք օրավուր կոչնչացնենք թատրոնի դերն ու նշանակությունը, թատրոնի սրբազան առաքելությունը: