Angelina Karapetyan

Հայկական սերիալների քարկոծումը համարում եմ բացված

…Չնայած, որ բացումն արել էին Վահե Ստեփանյանը` այն խորիմաստ ու համով նյութեր գրող երիտասարդը, և Գայանեն, ում հետ ծանոթացել եմ մեդիա ճամբարի ժամանակ:

Սկսեմ նրանից, որ հայկական արտադրության ժամանակակից սերիալները շատ վատ սցենարների հիման վրա են նկարահանվում, այնտեղ ներկայացվում է հանցագործություն, սպանություն, վատ խոսքեր են հաճախ հնչում, և այդ ամենը ազդում է դիտողի ապրելակերպի վրա: Մարդիկ ամեն կերպ փորձում են նմանվել, չգիտակցելով, որ սերիալներում ներկայացվում է արհեստականորեն, ինչպես իրենց դուր է գալիս, ոչ թե իրական իրողությունը:

Սերիալները խանգարում են դասերին, այդ պատճառով զարգանում է անգրագիտությունը: Իսկ քանի որ գնալով նվազում է երեխաների հետաքրքրությունը դասերի հանդեպ, նրանք ոչ թե անհամբերությամբ կսպասեն լուսաբացին, որ գնան դպրոց, տեսնեն ընկերներին և ավելացնեն գիտելիքի պաշարը, այլ տարված կլինեն սերիալային սցենարներով.

-Տեսնես ի՞նչ կլինի հաջորդ սերիայում, ախր, ամենալավ պահին վերջացավ:

-Ե՞րբ են էս դասերը վերջանալու, գնամ տուն` սերիալս նայեմ:

Այս ամենն, այո՛, իր դրական կողմը բացարձակ չունի: Ընդհանուր առմամբ, սերիալներն իրենց դրական կողմերը չունեն, բայց քանի դեռ ապրում ես այս երկրում, պետք է ապրուստի միջոց գտնես: Տարբեր մարդիկ վաստակում են տարբեր ճանապարհներով` շինարարությամբ, դարբնությամբ, վարսահարդարմամբ, և այլն: Ճիշտ է, այդ «և այլն»-ը ավելի բովանդակալից կլիներ, եթե Հայաստանում աշխատատեղերի առկայությունը մեծ լիներ, սակայն ինչպես մեծերն են ասում. «Ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսնի»: Դերասաններն էլ սերիալում նկարվելով են ապրում: Ու իրենց համար միևնույն է, իրենք ում նյարդերի վրա են ազդում, լա՞վ են խաղում, թե՞ ոչ, իրենց սերիալը լայն տարածում ունի՞, թե՞ միայն վատաբանվում է: Նրանք էլ իրենց ապրուստի միջոցը վաստակում են այդպես: Լինում են դեպքեր, երբ իրենց աշխատանքին իրենք էլ կողմ չեն, սակայն ֆինանսական վիճակը դրդում է շարունակել:

Իրականում ես միանշանակ դեմ եմ սերիալների ցուցադրմանը: Ես միայն կողմ եմ սերիալների առկայությանը, որ դերասանները աշխատանք ունենան: Ապրենք հույսով ու հավատով, որ մի օր հայկական սերիալների արտադրության համար էլ ծաղկուն շրջան կլինի, և կհեռարձակվի այն, ինչը իրոք կլինի մեր սրտով: Այդ ժամանակ կգրենք այլ նյութ՝ գովելով հայկական սերիալները: