Tamara galstyan

Ուրախ նկարահանումներ

Նոյեմբերի 17-ին պատանի թղթակիցներով  պետք է նկարահանեինք «Հայաստանի մեկ ժամը» վավերագրական ֆիլմի երկրորդ թողարկումը: Ես էլ պետք է  դուրս գայի գյուղ ու նկարեի, թե ինչով են զբաղվում գյուղացիները: Իմ ընկերները նույնպես իրենց գյուղում այդպիսի նկարահանումներ էին կատարում: Քանի որ առավոտյան գնացել էի Երևան ու երևի մի երեք ժամ քայլել էի, շատ հոգնած էի: Եկա տուն ու ընկա բազմոցին, մի քիչ հանգստացա, աչքս գցեցի ժամացույցին, արդեն երեքն էր, այսինքն, ինձ մեկ ժամ էր մնում, որպեսզի կարողանայի վերջացնել նկարահանումներս, քանի որ «Հայաստանի մեկ ժամը» վերնագրով նյութի համար նկարահանումները ժամը 3-4-ը պետք է տեղի ունենային: Երևանից վերադառնալիս, ուշադիր շուրջս էի նայում, որպեսզի տեսնեի, թե ինչ կարելի է նկարել, սակայն կարծես բախտն ինձ չէր ժպտում:

Գյուղը դատարկ էր, անգամ երեխաների ձայն չէր լսվում, շատ էի տխրել: Չգիտեի` ինչ անել: Մայրս ասաց, որ գնամ մեր հարևան Աշոտի տուն, քանի որ ինքը մեղուներ է պահում և փեթակներ ունի: Գնացի, սակայն ոչինչ չստացվեց: Քանի որ աշուն է, նա փեթակները փակել էր ու ոչ մի աշխատանք չէր կարող կատարել: Հուսահատված քայլում էի, երբ հեռվից լսեցի կացնի ձայն, սիրտս սկսեց արագ աշխատել: «Հաստատ ինչ-որ մեկը գործ է անում»,-մտածեցի ես: Վերջապես կարող էի մեկին նկարել: Վազելով հասա նրա մոտ, դա մեր հարևանի թոռնիկն էր` Սուրենը, ով փայտ էր կոտրում:

-Սուր ջան, բարև, չես պատկերացնի, թե ինչքան ուրախացրեցիր ինձ:

-Ե՞ս, ի՞նչ եմ արել բայց:

-Ուրեմն, հիմա դու պիտի ինձ օգնես, կօգնես, չէ՞:

-Հա, ասա` ի՞նչ ա եղել:

-Ինձ «17.am»-ից հանձնարարել են, որ ներկայացնեմ իմ գյուղի առօրյան: Դու քո գործը շարունակիր, ինձ մի նայիր, ես ուղղակի կողքից քեզ նկարում եմ, լա՞վ:

-Լո՞ւրջ, ինչ լավ ա, դե նկարի:

-Վե՛րջ, ես նկարեցի, Սուր, էլ ի՞նչ հերոսություն կարաս անես:

Տնից դուրս եկավ Լևոնը.

-Արա, Լևո՛ն, արի՛ հեծանիվ քշենք` թող նկարի: Ես կարամ առանց ձեռների հեծանիվ քշեմ ու լիքը բաներ կարամ անեմ:

-Դե, սկսենք, տեսախցիկին ուշադրություն մի դարձրեք, երեխե՛ք ջան:

-Ինչ լավ ա, չէ՞, մարդիկ լիքը փող են ծախսում, որ դերասան դառնան, մենք արդեն դարձանք:

-Հա երեխե՛ք, դուք դերասան եք, դե սկսեք:

Երեխաները ոգևորված տարբեր բաներ էին անում: Այնքան հաճելի էր տեսնել նրանց անկեղծ ժպիտները: Նրանք այնքան էին ուրախացել, որ այդ դրական էներգիան ինձ էլ էր փոխանցվել: Երեսիս տխուր արտահայտությունը փոխվեց: Հետո տնից դուրս եկավ մեր մյուս հարևանը: Լևոնը գոռաց.

-Վա՜յ, Հովո քեռին: Լրագրո՛ղ ջան, գնա՛, նկարի՛, խոտերն ա հավաքում իրար գլուխ, որ վառի:

Ես վազելով գնացի Հովո քեռու մոտ.

-Բարև Հովո՛ քեռի, ո՞նց ես:

-Լավ եմ, բալաս, դու ո՞նց ես:

-Լավ: Հովո՛ քեռի, ես «17.am»-ի պատանի թղթակից եմ, ինձ այսօր հանձնարարել են, որ նկարեմ, թե իմ գյուղում ինչո՞վ են մարդիկ զբաղված, ինչպե՞ս է անցնում օրը, կարո՞ղ եմ քեզ նկարել:

-Է, լավ էլի, աղջիկս, ինձ բոլորը ճանաչում են, չեմ ուզում:

-Վա՜յ, Հովո՛ քեռի, հո քեզ հեռուստացույցով ցույց չե՞ն տալու, ուղղակի պետք է ընկերներիս արած վիդեոների հետ միացնեն ու գցեն «17.am»:

-Չէ՛, չէ՛, համ էլ նորմալ գործ էլ չեմ անում, որ կովերիս հանեմ դուրս, էդ ժամանակ կնկարես:

-Լավ էլի, ինձ հիմա է պետք:

-Չէ էլի, հիմա չէ, հենց կովերին հանեմ, կկանչեմ:

Չշարունակեցի, քանի որ քիչ ժամանակ էր ինձ մնացել, իսկ կովերին հանելու էր հաջորդ օրը:

Լավ, վերադառնանք երեխաներին, իրենք ինձ շատ օգնեցին: Կարծես թե վերջ:

-Երեխե՛ք, ապրեք շատ:

-Դու էլ, բա որտե՞ղ են գցելու վիդեոն:

-Ո՞նց, դուք դեռ չգիտե՞ք «17.am»-ի մասին (ջղայնացած), ուրեմն գնում եք տուն ու գրում եք «17. am», նախ լայքում եք, որ միշտ ձեր էջին նյութեր գան, ու դուք կարդաք: Հետո գտնում եք իմ նյութերը, կարդում, դե ոչ միայն իմը, բոլորինն էլ կարդացեք ու միշտ հետևեք: Հենց որ հրապարակեն, կտեսնեք, կամ լավ՝ ես ձեզ կասեմ, կնայեք:

-Սուրե՛ն, գնա՛ դասարան գլուխ գովա, որ քեզ «17. am» են գցել:

-Հա՛, դու էլ Լևոն ջան, դու էլ ես իմ նման հայտնի:

-Լավ, հայտնի երեխե՛ք, ես գնացի` ուղարկեմ:

Շատ ուրախ տրամադրությամբ գնացի տուն, նկարահանածս նյութն ուղարկեցի: Տևեց մի քանի ժամ: Դե, անհամբեր սպասում եմ, տեսնեմ` ինչ է ստացվել: Հա, ու ոչ միայն ես եմ սպասում, այլև մեր ամբողջ թաղի երեխաները, հատկապես՝ քույրս ու եղբայրս: