Հայրենիքը․․․

Իմ հայրենիքը նույնը չէ,  այն պարզապես  հողատարածք չէ, որտեղ բնակվում են նույն էթնիկ ծագման մարդիկ, ո’չ, իմ հայրենիքը այլ է: Իմ հայրենիքը խոսուն վկան է իմ նախնիների անվերջ պայքարի, որտեղ հողը օծված է մյուռոնաջրով, իսկ սահմանը գծված արյամբ: Դա հայրենիք է  մարդկանցով, որոնց երակներում հայրենասիրություն է հոսում, իսկ մտքերում` արծարծվում, միաժամանակ, այն հայրենիք է պատմության դասեր քաղելուց կամազուրկ այն ժողովրդի, որոնք անձև զանգվածով ձևավորեցին խարխուլ արժեհամակարգ։ Այն հայրենիք է ծայրահեղականների, որի պատմող գրքի յուրաքանչյուր էջում գոյապայքար է, խարանված ճակատագրի կնիքով։ Գիրք՝ դարսված 7000 պատառոտված ու տառապած թերթերով, որոնք ծույլ աշակերտի պես այդպես էլ չյուրացվեցին: Անտեսված դասերում  պարզ էր բանաձևն իր հանգուցալուծումներով,  և այն էր՝ չգանգատվել դառնորեն չար բախտից ու մեզանից դուրս չորոնել մեր դժբախտությունների պատճառը, մեր դատը սկուտեղի վրա չմատուցել այն լափել ցանկացողներին, իսկ փրկության ուղին փնտրել միայն ու միայն սեփական սահմանների ներսում։ Չուղղված սխալները միտված են կրկնվելու, կրկնվելու յուրաքանչյուր պարբերությունում՝ հետևում թողնելով թուլացող խոյակներով   հայրենիք, իսկ ուսուցչի դեր ստանձնած կյանքը լուռ հետևում է ծույլ աշակերտի դողացող ձեռքերով արված սխալին, հետո, հետո նորից ու նորից մատուցում թուղթը սպիտակ…

Ախ, թե իմանային` որքան դյուրին է բանաձևը այդ:

Պատմության ապտակներից երբեք չսթափվող երկիր իմ Հայաստան, քո խաչը ծանր է, երբեմն այնքան, որ թվում է՝ ողնաշար է կոտրելու, այնուամենայնիվ այն երբեք մեր ոտքերի տակ չի եղել, քանզի խաչն իր զորությունն ունի, իր օգնությունը, և հանուն այն վեհ գաղափարի, արժե կրել արժանապատվորեն, ատամները սեղմած…

Մեջբերում.

«… Կարճ ասեմ՝ մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես՝ մե՛նք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով…»:    Հովհ․ Թումանյան