Նարեկ Ստեփանյան

Բարև, հա, էլի ես եմ։ Գիտեմ որ երկար ժամանակ է` չկայի։ Վերջին նյութս, որ գրել էի, հերոս եղբորս մասին էր՝ Սևակի։

Այսօր էլի եկել եմ հերոս եղբորս մասին գրելու, բայց այս անգամ  Նարեկի։

Նարեկ Ստեփանյան` ծնված 2003 թվականի սեպտեմբերի 20-ին Կարբիում։

Ծառայող էր… Հա, ճիշտ կարդացիք` էր, բայց միայն ձեզ համար է` էր, իսկ ինձ համար հավերժ ծառայող։

Ու էլի սեպտեմբեր ամիս ու էլի պատերազմ։

Սեպտեմբեր ամիսը չարաբաստիկ ամիս է դարձել մեզ՝ հայերիս համար։

13-ին Ադրբեջանը նորից լայնածավալ հարձակում գործեց… Ու էլի զոհեր ու էլի անմեղ կյանքեր, սգացող մայրեր ու անվերջ լռող, ոչինչ չասող հոր աչքեր։

Նարեկի հետ վերջին անգամ խոսել ենք 13-ին ու դրանից հետո ոչ մի տեղեկություն չունեինք նրա մասին։ Մտածում էինք` գերի է ընկել, որովհետև  նրա հետ խոսելու ժամանակ վերջին բառը, որ լսեցինք, լսել էինք հեռախոսից այս կողմ. «Նարեկ, փախի» բառերն էին։

Հա, մենք չէինք սխալվել. գերի էր, բայց զոհված գերի։

Նարեկը  բարի, ժպտերես ու ընկերասեր մարդ է։ Ընկերների համար ամեն ինչի պատրաստ էր, ընկերների հետ լինելու համար ինքը անձամբ դիմում գրեց, որպեսզի մեկնի ծառայության (նրան ազատում էին բանակից): Կյանքը չէր խնայի իր հարազատների համար, բայց այսօր կյանքը չխնայեց ողջ ազգի համար։ Հերոսաբար ընկավ մարտի դաշտում։

Բայց ո՞նց ասեմ, որ մեզ հերոս պետք չէր, ախր, մեզ մեր եղբայրն էր պետք։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը 32 դի փոխանցեց, որոնցից մեկը իմ հերոսն էր։

Երեկ Նարեկի հոգեհանգիստն էր ու ծննդյան տարեդարձը։ Հիմա ո՞նց շնորհավորեմ ծնունդդ, Նարեկ։

Շնորհավոր երկնային ծնունդդ, հավերժ հերոս։

Ցավս, կսկիծս ու կարոտս կրկնապատկվեց։ Հիմա երկու հերոս ունեմ` Սևակը ու Նարեկը, իմ հերոս եղբայրները։ Կարոտել եմ անչափ: Կարոտը սրտումս  մենակ թողեցիք ինձ։ Ի՞նչ անեմ, հպարտանա՞մ, որ հերոս եղբայրներ ունեմ: Ախր, էս ամենը հպարտանալու չի, է, էս ամենը  ողբալի է։

Տեր իմ, պահպանիր մյուս տղեքին, նրանց քո գիրկը առ ու կանգեցրու այս ցեղասպան աղետը: Մեզ կենդանի հերոսներ են պետք, մեզ մեր տղեքն են պետք` ողջ ու առողջ:  Խնդրում եմ,  Տեր, պահպանիր նրանց։