Հայրենիքից հեռու, հայրենիքի կարոտով

Մերին մեր դասարան եկավ, երբ Արցախում պատերազմն արդեն սկսվել էր։ Նա Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղից է։ Սեպտեմբերի վերջին սկսված պատերազմը Մերիի ընտանիքին էլ էր ստիպել թողնել գյուղն ու տեղափոխվել Հայաստան։ Արդեն մի քանի ամիս նրանք ապրում են Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում։ Լռակյաց, համեստ, ինքնամփոփ աղջիկ է Մերին, բայց կարճ ժամանակ անց դարձավ մեզ շատ հարազատ մարդ։ Շուտով տեղեկացա, որ դասընկերուհիս լինելուց բացի նա նաև հարևանուհիս է։

Ընտանիքում հինգ երեխա են՝ չորս աղջիկ և մեկ տղա։ Մերին ինձ ծանոթացրեց իր մյուս քույրիկի՝ Անիի հետ։ Անին 18 տարեկան է ու Մերիից շատ տարբեր։ Անին ավելի աշխույժ է, կյանքով լի։ Երբեմն երեքով հանդիպում էինք և զրուցում։ Քույրերի համար դժվար է խոսել կորցրած գյուղի մասին: Երբ հարցրի, Անին տխուր ժպտաց, Մերին՝ հուզվեց։

Հայրենական գյուղը Նոր Գետաշենն է։ Այն հիմնադրել էին  հին գետաշենցիները։ Գետաշենը Արցախի Շահումյանի շրջանի ամենահայտնի գյուղերից է։ Այն Ադրբեջանի տիրապետության տակ մնաց Արցախյան առաջին պատերազմից հետո։ Իսկ գյուղի բնակիչները Քարվաճառում (Շահումյանի շրջան) հիմնեցին Նոր Գետաշենը։ Ինչու՞ հենց այդտեղ, որովհետև  այդ տարածքը նման էր Գետաշենին։ Փոքր էր գյուղը, բայց պարուրված էր հրաշալի  բնությամբ, նրա կենտրոնով հոսում էր Թարթառ գետը։ Անին հիշում է. «Անասելի գեղեցկություն ուներ Նոր Գետաշենը։ Դեպի իրեն էր ձգում ամեն անցորդի»։ Բնակիչները նույնպես քիչ էին։ Նրանց հիմնական զբաղմունքը հողագործությունն էր, քանի որ հողն անչափ բերրի էր։ Պատմում են, որ գյուղում ապրում էին սիրո և ջերմության մթնոլորտում, չնայած ամենասկզբում, երբ բնակիչները նոր էին հաստատվել այնտեղ, չկար նույնիսկ էլեկտրականություն։ Ընտանիքի անդամները հիշում էին, թե ինչպես էր ամբողջ գյուղը հավաքվում մի տեղում և նշում ցանկացած տոն։ «Գյուղի երեխաների մեջ գերակշռում էին աղջիկները։ Բոլորս` աղջիկ թե տղա, ցանկացած ժամի հավաքվում էինք գետում լողալու կամ ձմռանը ձյուների հետ խաղալու համար»,- ասում էր Անին։

Վերջին տարիներին գյուղի վիճակը բարելավվել էր։ Չնայած բոլոր դժվարություններին՝ սիրում էին գյուղը և չէին ցանկանում լքել, բայց պատերազմն այլ ելք չթողեց։ Պատերազմի առաջին օրերին գյուղում տագնապը մեծ չէր,   սակայն վտանգավոր ու ինտենսիվ պայքարը նրանց ստիպեց տեղափոխվել Հայաստան։ Ընտանիքը վստահ էր, որ մի քանի օր անց վերադառնալու է։ Վերցրել էին միայն առաջին անհրաժեշտության պարագաներ։ Պատերազմից հետո, սակայն, Նոր Գետաշենը ևս հանձնվեց Ադրբեջանին։

Մեծ քույրը` Սոնան, իր երեխաների և ամուսնու հետ դեռ ավելի վաղ էր որոշել տեղափոխվել Հայաստան։ Բայց չէր էլ պատկերացնում, որ տեղափոխությունը նման կերպ կլինի, և այսքան ցավ ու դառնություն կպատճառի իրենց։ Նրանց հաջողվել էր տնից որոշ իրեր վերադարձնել։

Վերջին օրերին տարիներ շարունակ կառուցած տունն այրել էին՝ ամբողջ իրերով։ «Սա ավելի նախընտրելի էր, քան մտածելը, թե ինչ որ թշնամի ապրում է քո սեփական տանն ու վայելում ստեղծածդ»,- համոզված է մայրը։

Այս մեծ վիշտը մեծ ընտանիքը կարողացավ որոշ չափով հաղթահարել Հայաստանում ստացած ջերմ ընդունելության շնորհիվ։ Հավանել են մեր գյուղը, և եթե հնարավորություն լինի, կցանկանան հենց այստեղ էլ հաստատվել։  Արցախ վերադառնալու մտադրություն առայժմ չունեն։ «Ապրես Արցախում և չկարողանաս այցելել քո սեփական գյուղը։ Մեզ համար դա սարսափելի է»,-ասում էր մայրը։ Անիի և Մերիի  մայրիկը ուսուցչուհի է, իսկ ամենամեծ քույրիկը`  երեք երեխաների մայր, ասում է, որ միակ ցանկությունն է` իր փոքրիկները ապահով պայմաններում մեծանալու հնարավորություն ունենան։ Հայաստանում նրանք արդեն աշխատում են, որպեսզի հոգան իրենց կարիքները։

Երեխաները տարբեր նպատակներ ու ցանկություններ ունեն։ Մեկն ապագա լրագրող է, մյուսը` խոհարար, իսկ ամենափոքրը` Շողերը, ուզում է ուսուցչուհի դառնալ։ Նրանց ամենամեծ ցանկությունը, սակայն, խաղաղությունն է։ Նրանք հավատով սպասում են այն օրվան, որ կարողանան նորից տեսնել հայրենի բնօրրանը` այն վայրը, ուր անցկացրել են մանկությունը և թողել են լավագույն հուշերը։