marat sirunyan

Հո՜պ…

Մանուկ օրերին, երբ ժիր ու խնդուն փոքրիկներ էինք, մեկ-մեկ գժվում ու վազ էինք տալիս մեր գյուղի տակի առվակի կողմը, որն այն ժամանակ համարում էինք, թե մի մե՜ծ գետ է։ Հասնում էինք նրան, խաղում վազվզում ու մեր աղմուկը խառնում էինք քամուն, որ գյուղով տանում, սարերն էր հանում։

- Հո-պալյա՜… Հո՜պ, հո՜պ…

Իբր թռչելով ուզում էինք անցնել այս ափից այն ափ, բայց փոխարենը հագուստ-կապուստով հայտնվում էինք առվակի մատղաշ ալիքների մեջ ու թրջվելուց մենք հրճվում էինք, գետը՝ խեղճանում. մեր ցատկից հատակն էնպես էր ցնցվում՝ հող, ավազ ու քար իրար խառնված պղտորում էին սարերից եկած, հոգնած ջրերը։ Ու կարկաչները այդ խեղճ առվակի, մեր ձեռքից քիչ-քիչ վերածվում էին օգնության կանչի։ Եվ բարդիները՝ հպարտ, սլացիկ, որոնց սաղարթներն էլ մեզ տեսնելիս բիզ-բիզ էին կանգնում, սկսում էին խիտ ճյուղերն իրար զարկել ու կանչել.

- Խը՜շշշ-խը՜շշշշ… Խը՜շշ-Խը՜շշշ…

Եվ այդ կարճալիք բառի երկար «շ»-ն, մեզ հասկացնում էր, թե սո’ւս կացեք, սո՜ւս, հերիք է տանջեք… Ուռին էլ՝ որպես համաձայնություն, արցունքներն աչքին, գլուխն էր միայն ետ-առաջ անում… Բայց այդ մանկական անհոգության մեջ, ո՞վ էր «շ»-էրին բանատեղ դնում. մենք էլի գիժ-գիժ, մեր գետը՝ խեղճ-խեղճ, բարդիքն էլ՝ բիզ-բիզ… Ու չէինք հասկանում, որ ուռին՝ սուս-փուս, խոր դարդն էր լալիս, որն այդ մենք էինք անգիտակցաբար ու անխղճորեն իրարով տալիս…

* * *

Տարիներ հետո, երբ հասակ առա, ամենքից թաքուն էլի գնում էի էն առվակի մոտ, որն էլ այնքան էր հալվել ու մաշվել, որ «գետ» կոչվածից մնացել էր լոկ մի պուտ պղտոր ջուր, որ ինչ-որ տեղից հազիվ ուժ առած, զարկում էր իրեն ցանցառ քարերին, ինչպես վհատված մահկանացուն է անճարությունից գլուխը զարկում իր տան պատերին, թե` տեսե՜ք-տեսե՜ք, ինձնից ինչ մնաց…

Գնում էի, նստում հենց ուռենու տակ, որն արդեն կարծես շատ էր ծերացել. աչքն էլ, արցունքն էլ ցամաքել էին դրկից գետի պես։ Միայն չէր փոխվել նրա ողբալաց, խոր լռությունը։ Ու կարծես՝ այնտեղ հիշում էին ինձ, որ մանուկ օրերին տանջում էի իրենց։ Բայց տարիքն առած, իմաստուն, բարի ծնողների պես ներում էին ինձ… Անմորմոք դարդից ու մարդկանց ձեռքից բզկտված ուռին, հաճախ գլուխս էր շոյում իր բարակ, մաշված մատներով, ասես ուզում էր խեղճ սրտիս ցավերն ամոքել մոր պես ու իմ փոխարեն նորից ու նորից ինքը լաց լիներ… Առվակն էլ մի պուտ ջուրն այս ու այն կողմ հազիվ զարկելով, ասես ուզում էր վրաս մի երկու կաթիլ ջուր ցողել, իբր՝ բերկրանամ, ինչպես նախկինում։ Բարդին էլ բիզ-բիզ մազերը սանրած, հին երգն էր երգում.

- Խը՜շշ-խը՜շշշ… խը՜շշ-խը՜շշշ…

Ու սվսվոցով «շ»-երը հանկարծ անկոչ հյուրի պես ներս թափանցեցին հոգուս բաց դռնով, իրենց ետևից պինդ փակելով այն։ Ու միայն այդ ժամ տանջված գետի մի պուտ ջրի մեջ արտացոլանքս տեսա, այլայլվեց… Ու լռեց հոգիս, ինչպես տարիներ շարունակ ուռին, որ լռության մեջ վշտերը թաղել ու արտասվում էր այդ գերեզմանին…

- Վո՜ւշշ-վո՜ւշշշ… Վո՜ւշշ-վո՜ւշշշ…

* * *

- Հո-պլյա՜… Հոպ-հո՜պ…

Տարիներն էլի թռան, ու կյանքն էն մեր գետի պես հոսելով գնա՜ց-գնա՜ց ու քիչ-քիչ ցամաքեց, վերջացավ… Մի քիչ մնաց, որ զարկվելով օրերին, ժամերին, րոպեներին, վայրկյաններին, մահվանն է ձեն տալիս, թե «շըշշ՜շ», ձայն չհանե՜ս… Բայց այդ անիրավին էլ, ինչպես մեզ՝ մանուկ օրերում, ոչ մի «շ» դեռ երբեք չի կանգնեցրել, դեռ ավելին՝ սկսել է ավելի բարձր ու վստահ «հե՜յ, հարա՜յ» կանչել… Ու «հո՜պ-հո՜պ». ժամանակն էլի թռչում է, լա՜վ է թռչում, այնպես, որ առանց սայթաքելու ու կյանքին դիպչելու ողջ անցյալդ խառնելով պղտորում է հոգիդ… Ու մահը չարաճճի երեխայի պես պոկում է կյանք կոչվող ճյուղդ ու՝ հո՜պ, նետում գետի ջրերի մեջ, որոնք եկան ու գնացին, այլևս ետ չեն դառնալու: Հետո հրամանի պես կարձակվի մի «Շ» ու ամեն ինչ կարգով կընթանա. ուրիշ ջրեր կգան ու կանցնեն այդ գետի հունով։ Քո փոխարեն կհայտնվի մեկ ուրիշը, որն էլ իր վիշտը կթաղի հոգում տեղավորած լռության մեջ ու կարտասվի այդ գերեզմանին մինչև պարպել-վերջանալը…

Թե մի քիչ բախտ ունեցար, գուցե գետդ՝ ցամաքած, գերեզմանդ էլ անարցունք չմնա…