լուսինե մարգարյան

Հայրիկիս աշխատանքը

Հայրիկս` Արթուր Մարգարյանը, աշխատում է Վայոց ձորի Եղեգնաձորի ոստիկանության պահպանության բաժնում: Ես որոշեցի հենց հայրիկիս հետ հարցազրույց անցկացնել:

 

-Հայրիկ, ինչո՞ւ ընտրեցիր հենց այս մասնագիտությունը:

-Ես դեռ մանկուց երազել եմ դառնալ ոստիկան: Հիշում եմ, երբ փոքր էի, բակի տղաներով հավաքվում էինք խաղալիք ավտոմեքենաներով խաղալու, ես միշտ ընտրում էի ոստիկանական մեքենաները:

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ոստիկանը:

-Ոստիկանը պետք է լինի նախ և առաջ, ամեն ինչին պատրաստ, հետո իմ կարծիքով, սիրի իր մասնագիտությունը, որովհետև եթե մարդ սիրում է իր մասնագիտությունը, և՛ նվիրված է, և՛ պահանջկոտ:

-Վաղո՞ւց ես ոստիկան աշխատում: 

-2016 թվականի, հուլիսի 24-ին կդառնա 18 տարի: Դրանից հետո, օրենքով սահմանված կարգով, կանցնեմ թոշակի:

-Արդյո՞ք գոհ ես ընտրած մասնագիտությունից:

-Ճիշտ է, դժվարություններ, հիասթափության պահեր շատ եմ ապրել, բայց սիրում եմ այս մասնագիտությունը:

-Քո կարծիքով ի՞նչն է պատճառը, որ հայերը այդքան էլ  լավ կարծիք չունեն ոստիկանների մասին:

-Դա նրանից է, որ մեր ազգը ոստիկանների միայն վատ կողմերն է նկատում: Մարդիկ չեն գնահատում ոստիկանների արած լավ աշխատանքները: Հասարակության մեջ մի կարծրատիպ է ձևավորվել, որ երբ լսում են «ոստիկան» բառը, սկսում են միայն վատ բաներ ասել, դժգոհել, չնայած անձամբ իրենք ոստիկանների հետ առնչություն չեն ունեցել:

-Եղե՞լ են արդյոք այնպիսի ծանր դեպքեր, որ մնացել են: 

-Այո, եղել են: Իմ գործընկերոջ զոհվելու օրը… Չեմ ուզում հիշել այդ չարաբաստիկ օրը: Դա եղել է մեր հերթապահության ժամանակ, երբ փողոցում փորձում էինք պահպանել կարգուկանոն: Փողոցում կռվում էին, նա փորձեց բաժանել կռվողներին և արդյունքում տուժեց ինքը:

-Արդյոք ի՞նչ  անվտանգության կանոններ պետք է իմանան պատանիները որպեսզի զերծ մնան հանցագործություններից, հանցագործներից, օրենքի հետ կապված խախտումներից:

-Դե, գիտեք, կան հատուկ սահմանված կանոններ, որոնք ինձ թվում է բոլոր պատանիները կիմանան: Նաև մեծ դեր ունի ընտանեկան դաստիարակությունը: Եթե երեխան ստացել է ճիշտ դաստիարակություն, բնականաբար կխուսափի նման բաներից:

-Ո՞ր դեպքերում է, որ մենք պետք է դիմենք ոստիկանություն:

-Եթե փորձում են ձեզ խաբել, եթե դուք զգում եք վտանգ, եթե ձեզ փորձում են կողոպտել, վնաս հասցնել, ահաբեկել և այլն:

-Ոստիկանի մասնագիտությունը չի՞ խանգարել ընտանիքին: Արդյո՞ք շատ ժամանակ է  խլում:

-Չեմ ստի, եղել են այնպիսի դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայել եմ տանից, բայց հետո անպայման բացը լրացրել եմ, որպեսզի ընտանիքիս կողքին լինեմ:

-Պատահե՞լ են այնպիսի բարդ իրավիճակներ, որ դու, անկախ քեզանից, մոռացել ես, որ ոստիկան ես և ուզեցել ես ոստիկանություն կանչել:

-Ճիշտն ասած, ոչ, բայց ես առօրյայում մոռանում եմ, որ ոստիկան եմ, մարդկանց հետ շատ անմիջական եմ: