susanna geghamyan

Հանդիպումը չստացվեց

Արդեն ավարտվում է ձմեռային զորակոչը: Իմ եղբայրը, շատ տղաների հետ, զորակոչվել է Հայկական բանակ։ Ես նրան համարում եմ իմ թագավորը: Նա բանակ է զորակոչվել հունվարի 15-ին: Առավոտյան, երբ արթնացա, օրը մյուս օրերի նման սովորական չէր: Մեր տուն էին եկել շատ հյուրեր: Այդ բոլոր դեմքերի մեջ չկար միայն մեկը՝ ամենահարազատը: Եղբայրս առավոտյան գնացել էր ընկերոջ ծնողներին հրաժեշտ տալու: Այդ ընկերը նույնպես զորակոչիկ է: Դե, ինչպես կարգն է՝ բոլորը եկել էին հրաժեշտ տալու: Ավանդույթի համաձայն՝ սեղանի շուրջ լսվում էին տարբեր կենացներ: Ժամացույցի սլաքները կարծես դիտմամբ արագ էին շարժվում: Դե, վերջապես մոտեցավ հրաժեշտ տալու պահը: Աչքերիցս արցունքներ էին թափվում: Մի կողմից տխուր էի, մյուս կողմից՝ հպարտ, որովհետև թագավոր էի ճանապարհում բանակ` հայրենիքի պաշտպան: Եղբայրս գնաց…

Մեկ օր լուր չունեցանք: Մյուս օրը ծնողներս գնացին Երևան: Ես անհամբեր սպասում էի նրանց զանգին: Հանկարծ հնչեց հեռախոսի զանգը։ Մայրս էր…

-Մա՞մ, ի՞նչ նորություն կա։ Ո՞ւր է ընկել։

-Արմավիր:

-Վա՜խ, ինչ լավ է…

Մյուս օրը լուսադեմին շարժվեցինք դեպի Արմավիր: Երկար ու դժվար ճանապարհ անցնելուց հետո հասանք զորամաս: Մուտքի մոտ կանգնած էին հերթապահները: Հայրիկս դուրս եկավ մեքենայից, մոտեցավ զինվորներին: Մի քանի րոպե հետո հայրս վերադարձավ․

-Տեսակցություն չկա։

-Ինչո՞ւ։ Ի՞նչ է եղել։

-Չեն թողնո՞ւմ դուրս գա։

-Չէ…

Ոչինչ հնարավոր չէր անել։ Հանդիպումն այդպես էլ չստացվեց, բայց ես հույս ունեմ, որ շուտով կտեսնենք մեր թագավորին․․․

Բոլորին անփորձանք ծառայություն: