Հասուն կյանքի առաջին ամառը

Մի քանի տարի առաջ ընտանիքով գնացել էինք ծով հանգստանալու: Ես դեռ փոքր էի, շատ էի երազում, լավ հանգստանում էի, իհարկե, նաև ամեն ինչում օգնում էի ընտանիքիս, բայց ամբողջ պատասխանատվությունը և որոշումներ կայացնելու իրավունքր իրենց վրա էր: Այդ ժամանակ ես մեր մասին գրեցի մի պատմվածք «Մանկության վերջին ամառ» վերնագրով: Իսկ այս տարի մենք՝ 6 ընկերուհիներով, որոշեցինք ինքնուրույն քաղաքից դուրս հանգիստ ու արկածներ կազմակերպել: Մեր կյանքի ու ամեն ինչի պատասխանատվությունը մեր վրա էր, և մենք կազմակերպեցինք այնպես, ինչպես թույլ էին տալիս մեր երիտասարդ, մի քիչ մանկական, աղջկական ուղեղները և հնարավորությունները: 

Մենք վեց հոգի էինք. Ամենատարբեր արտաքինով և էլ ավելի տարբեր բնավորությունների տեր աղջիկներ՝ ես, Աննան, Վեներան, Լենան, Իրման ու Սոնան: Գնում էինք ինձ շատ հարազատ, իսկ այս պատմությունից հետո էլ ավելի հարազատ քաղաք՝ Դիլիջան:

Սուսաննայի մոտ

Աննան էր ամեն ինչ մտածել: Շատ շնորհակալ եմ իրեն իր բոլոր ծընգլ անող զանգերի, մուննաթների, առաջնորդության համար, ու նրա համար, որ բոլորիս հավաքեց: Նա պատվիրել էր Երևան-Դիլիջան գազելի տոմսերը, պայմանավորվել էր Դիլիջանում ապրող մի կնոջ հետ, ում տանը պիտի մնայինք:

Առավոտ շուտ մենք բոլորս ժամանակին հասանք Հյուսիսային ավտոկայան, գտանք մեր գազելը, նստեցինք մեր նախօրոք պատվիրած և արդար ձևով վաստակած տեղերը, շարժվեցինք և համերաշխ, առանձ դժբախտ պատահարների հասանք Դիլիջանի ավտոկայան: Այո, Հայաստանում երբեմն պատահում է այդպես:

Այն կնոջ անունը, ում տանը պիտի մնայինք, Սուսաննա էր: Նա իր տանն ընդունում է հովեկների, փող է աշխատում և նրանց հետ էլ ապրում է նույն տանը: Մենք ներս մտանք, բարևեցինք: Ես մի քիչ լարվեցի մթնոլորտից, բայց ինքս ինձ համոզելով, որ մենք նոր ենք եկել, և ընդհանրապես ոչ բոլոր մարդիկ են միանգամից դուր գալիս, մտածեցի՝ դե, ոչինչ… Բարձրացանք 2-րդ հարկ: Պատերը, իհարկե, լավ վերանորոգված պատեր չէին: Համենայն դեպս, պատերի վրա չկային պատռված պաստառներ, այն պարզ պատճառով, որ ընդհանրապես բացակայում էին: Իսկ ընդհանուր առմամբ, տարօրինակ էր: Տարօրինակ էին անկողնու սպիտակեղենի վրա գտնվող երևակայական ինֆեկցիաները, քանի որ միջավայրը մաքրություն չէր խոստանում: Տարօրինակ էին տանից եկող ձայները, իսկ զուգարանի վիճակը ընդհանրապես սարսափեցնում էր մեզ: Մենք խորհրդակցեցինք և որոշեցինք, որ կարելի է ուրիշ տուն փնտրել: Վեներան հավաքեց իր խիզախությունը և փորձեց Սուսաննային բացատրել, որ մենք կուզեինք գնալ մեր «ծանոթների» մոտ, իրենց տունն էլ տեսնել, իսկ հետո որոշել, թե որտեղ կմնանք:

- Դուք չգիտե՞ք` ուր եք մնալու: Դուք որոշեք արագ, ու ինձ ասեք. մնո՞ւմ եք, թե` չէ: Ձեզ տասը րոպե ժամանակ, – վրա տվեց Սուսաննան:

Մենք մտածեցինք, որ կարելի է դուրս գալ, մի քիչ զբոսնել և տեսնել, թե ինչ տներ կան մոտակայքում, իսկ մեր ծանր պայուսակները թողնել Սուսաննայի տանը: Լենան համաձայնեց պայուսակների հետ մնալ տանը:

-Ես հիմա տասը րոպեից տուրիստներ եմ ունենալու, – ասում է Սուսաննան, – եթե դուք մնալու եք, ուրեմն հիմա ասում եք,  որ ես ձեզ տամ սենյակը: Ի՞նչ: Ո՛չ, դուք չեք թողնի ձեր «վեշերը»: Դուք գնո՞ւմ եք: Ուրեմն, հենց հիմա «վեշերներդ» հավաքեք ու գնացեք:

-Բայց դուք կարող եք մեզ մարդկայնորեն հասկանալ: Մենք հիմա կնայենք ուրիշ տներ էլ ու կորոշենք: Մեր մի ընկերուհին կմնա վերևում, մեր պայուսակների հետ: Մենք կգանք, ու եթե չստացվի, կվերցնենք: Դուք ձեր հյուրերին ասեք, թող իրենք հանգիստ գան, – ասում է Վեներան:

-Ի՞նչ: Ուրեմն մարդկային, հա՞: Բա դու մարդկայի՞ն ես, որ իմ գործերը սաղ խառնում ես: Ուրեմն դուք վճարելու եք էս ամենի համար: Հա: Ու ձեր բարեկամին էլ կասեք, որ դուք հելաք ու գնացիք, ինձ մոտ պայմանավորվում եք ու չեք մնում, հա՞: Կասեք` ես ձեր համար պատասխանատու չեմ, եղա՞վ:

-Ոչ, ոչ, էսքանից հետք դուք մեր համար ընդհանրապես պատասխանատու չեք, դուք հանգիստ մնացեք, մենք գնում ենք: Մենք հիմա մեր պայուսակները կվերցնենք ու կգնանք:

-Դե գնացեք: Գնացեք: Առաջինը դու գնա, խառնակի՛չ, – ասում էր` ցույց տալով Վեներային. – Դուք ուրեմն ինձ խաբեք, հա՞: Եկեք տեսեք հլը իմ բաղնիքը: Ասում եք` ես բաղնիք չունեմ, հա՞: Եկեք տեսեք ու գնացեք, եղա՞վ: Եկեք տեսեք, որ իմ մոտ բաղնիք կա: Հետո փորձվեք ասեք, որ Սուսաննայի մոտ բաղնիք չկա, հասկացա՞ք: Ի՞նչ ա իմ տան պատերի ռեմոնտը, հլա մի տեսեք, դուրները չի գալիս: Բա ձեր տանը տենց չի՞: Ձեր տանը ավելի լավ ա՞: Հելեք գնացեք:

Ու մենք թողեցինք, փախանք այդ չար տնից: Ավելի լավ է փողոցում մնալ, քան այդ կնոջ հետ: Ես վախենում էի, որ նա հանկարծ դիմի բռնի ուժի:

Ահա մենք՝ վեց աղջիկներով, թափառում ենք Դիլիջանի ծուռ փողոցներով, Աստված գիտի, թե որտեղ, պայուսակներով և առանց գիշերելու տեղի: Շատ հիմար տեսք ունեինք, գժերի նման ծիծաղում էինք ու երջանիկ էինք…

Մոտենում էինք անցորդներին ու հարցնում.

-Կներեք, այստեղ մի տեղ քոթեջներ չկա՞ն, որ կարողանանք գիշերը մնալ, մենք վեց հոգով ենք, բայց թող գոնե երկու մահճակալ լինի, ոչինչ: Ինչ-որ տեղ գիտե՞ք:

-Դե, ես չգիտեմ: Դուք ի՞նչ տուն եք ուզում: Պայմանավորված էլ չե՞ք: Այ էստեղ մի տեղ կնիկ կա, ինքը տուն ա տալիս վարձով: Գնացեք ըտեղ:

Այո: Անցորդը ցույց էր տալիս հենց Սուսաննայի տան ուղղությամբ:

-Ոչ, ոչ, շատ շնորհակալ ենք, չենք ուզում էդտեղ, Աստված հեռու պահի:

- Է, դե ինչ ասեմ…

Հանկարծ տաքսի է անցնում, Աննան գոռում է.

-Բռնեք, բռնեք դրան:

Տաքսին կանգնում է:

-Կներեք, դուք այստեղ տուն գիտե՞ք վարձով: Որ կարողանանք մնալ: Մեզ երկու մահճակալը հերիք կանի, մենակ մաքուր տեղ լինի, գիշերը չենք քնի:

-Տո՞ւն, մի րոպե, հեսա ճշտեմ:

Ու վարորդը սկսում է զանգել: Ահա և զանգեց մի կնոջ, որը նույնպես հյուրեր է ընդունում:

-Հո անունը Սուսաննա չի՞, – հարցնում ենք մենք:

-Չէ, Նառա ա:

-Իսկ ջուրը ո՞նց ա: Նորմա՞լ տուն ա:

-Հա նորմալ ա, – պատասխանում է մեզ վարորդը, տալով մեր այդ բոլոր հարցերը հեռախոսով Նառային:

-Իսկ կարո՞ղ ա մեզ զեղչ անի,- հարցրեց Աննան:

-Իսկ կարո՞ղ ա զեղչ անես, Նառա: Հա, կանի, 4000-ով կմնաք մարդը:

-Դե լավ, գնացինք, կտանե՞ք մեզ:

 

Նառայի մոտ

Ներս ենք մտնում Նառայի տուն:

-Վայ, բարև ձեզ, ներս եկեք, էս ինչ լավ աղջիկներ եք, եկեք տեսեք իմ տունը:

Նառան շատ հաճելի կին դուրս եկավ, տունը լավն էր, մահճակալները մեզ տվեց, նույնիսկ ծալովի մահճակալ ավելացրեց:

-Ես ձեզ ամբողջ տունը կտամ, եթե պետք ա: Կողքի տունը մամայիս տունն ա, իրա մոտ կմնամ, որ ձեզ հանգիստ լինի: Տղաս էլ առավոտը վեցին գնում ա, իրիկունը իննին գալիս: Բա պիտի հանգստանաք, չէ՞: Ես ձեզ անտառի տեղն էլ ցույց կտամ: Կարամ` ուտելիք էլ սարքել: Բայց դե, ուտելիքը դուք պիտի առնեք: Բայց ես գումարը նախօրոք եմ վերցնում: Թե չէ` ինձ էնքան են խաբել, էնքան են նեղացրել: Մարդ ու կնիկ էին գալիս ստեղ չգիտեմ ինչ էին անում, կարող ա սկի ամուսնացած էլ չէին, խալադելնիկը ջարդեցին: Բայց դուք լավն եք: Ուզո՞ւմ եք, երրորդ գիշերն էլ ձրի մնացեք, էդ էլ ձեզ նվեր:

-Վայ ինչ լավ ա…

-Իմ տղուս թայ աղջկեք եք, ձեզ հարազատի պես կընդունեմ, գնացեք վեշերը բերեք:

 

Քայլելով մանկության հետևից 

Երեկոյան զբոսնում ենք: Դուրս ենք եկել գլխավոր փողոց, և ես նկատում եմ Փոստը: Ու այդ պահին մայրիկս զանգեց:

-Մամ, Դիլիջանում քանի՞ հատ Հայփոստ կա: Ստեղ քաղաքապետարանն ա, «Դիլիջան» կինոթատրոնն ա:

-Հասարակական զուգարան կա՞:

-Հաաա, հեսա էդ հասարակական զուգարանը: Ես ստեղից արդեն հիշում եմ: Աղջիկներ, ուզում եք` եկեք, ուզում եք` սպասեք, ես պիտի գնամ ու տեսնեմ մեր տունը:

Ես մոտենում եմ: Արդեն տեսնում եմ դարպասների հետևից երկու տուն՝ սպիտակ ու սև: Ես հիշում եմ, թե ոնց էր տատիկս ցույց տալիս ու ասում. «Էն սիրուն սպիտակը տեսնո՞ւմ ես, էդ հարևաններինն ա: Իսկ են սև քանդվածը մերն ա, քո պապական տունն ա»: Ու այդ նույն խոսքերով ես դիմում եմ ընկերուհիներիս, այնքա՜ն հպարտ այդ քայքայվող փայտի կտորների համար… Ընկերուհիներիցս երկուսը եկան ինձ հետ, մյուսներին հետաքրքիր չէր: Մարդ չկար, ու դարպասները փակ էին, իսկ մենք թռանք դարպասների վրայով ու մտանք բակ: Այդ բակում կանգնել էի ու տեսնում էի մանկության վառ պատկերներից մեկը. վազվզող փոքրիկ ճուտիկներ…Հերթական անգամ զարմացա, թե ինչպես կարող է տարածությունը ժամանակի հետ փոքրանալ, բայց հիշողության մեջ հսկայական մնալ: Մեկ անգամ էլ հայացքով ընդգրկեցի ամբողջ բակը ու տունը, նայելով և հիշելով, որ այստեղ, օրինակ, առաջ խոզեր էին պահում: Ես մի պահ մտածեցի, արդյո՞ք ես ձանձրացրել եմ Լենային ու Սոնային, բայց նայելով նրանց աչքերի մեջ, հասկացա, որ ոչ…

Ու այո, ես ինքնուրույն գտա այդ տունը:

Party

Դիլիջան, ընկերուհիներ, մենք մենակ ենք և ազատ: Նման միջավայրը պարզապես չի կարող չտրամադրել մի լավ Party անելու: Աննան բերել էր հսկայական ձայնաուժեղացուցիչ սարքեր ու գինի: Մի քիչ խմեցինք ու պարում էինք շատ բարձր երաժշտության տակ, վրեժ լուծելով Նառայի տղայից իր «ռաբիզ» երաժշտության համար: Գինին մի լավ ազդել էր, պարում էի ազատ, առանց մտածելու, աչքերս փակ: Առավոտյան Վեներան ծիծաղում էր, բայց իմ համար դա իսկական պարել էր:

Պարելուց հետո Աննան, Իրման ու Վեներան գնացին ֆիլմ նայելու, իսկ ես, Սոնան ու Լենան նստեցինք ու իբր պիտի փիլիսոփայեինք: Դրա հավեսը ես չունեի, ու միակ բանը, ինչի մասին մտածում էի ու ինչից վախենում էի. «Միայն հանկարծ ես չքնեմ բազկաթոռի մեջ իրենց աչքի առաջ»: Իրականում հենց այդպես էլ եղավ: Հետո ես տեսա, որ Սոնան ու Լենան ինձ վրա ծիծաղում են: Առավոտյան իմացա, որ իրենք քիթս էին խուտուտ տալիս, որ արթնանամ, բայց դա չազդեց: Հետո չալարեցին և իմ սենյակից բերեցին վերմակս ու դրեցին գլխիս, որ արթնանամ: Հետո ինձ քաշ տվեցին իմ սենյակ, գցեցին անկողնուս վրա և «խնամում էին», ինչպես հարբեցողի կխնամեին: Ծիծաղից փորս ցավում էր…

Նառան

Նառան շատ էր խոսում: Շատ բարի ու անկեղծ կին էր, բայց ինչքա՜ն էր խոսում… Լենան հերոսաբար ժպտում էր:

-Դուք շատ լավ, տան աղջիկներ եք: Բայց երևում ա, որ դուք մամայի կարիքը դեռ ունեք: Դուք որ մենակ մնաք, սոված չեք մնա, շատ բան եք կարողանում անել ու շատ բան գիտեք: Բայց նաև լիքը բաներ կա, որ չեք կարողանում: Մեր մոտի աղջիկները 19 տարեկանում արդեն պատրաստի մամաներ են, էլ զակատ են անում, մուրաբա սարքում, էլ թթու են դնում, ամեն ինչ: Իսկ քաղաքում խնդիր ա: Քաղաքի աղջիկները հարսի են գնում ու իրանց կիսուրը իրանց վրա բարկանում ա: Իրանք էլ քնելուց առաջ իրանց մարդուն տխուր-տխուր բողոքելու են, բա, մամադ սենց ասեց: Դե մի անգամ, երկու անգամ, երեք՝ կհասկանա, բայց վերջիվերջո կասի: «Դե հերիք ա, կարո՞ղ ա քո պատճառով մամայիս պիտի բան ասեմ: Չես կարում եփել, էլի»:

Իսկ ես իմ տան ռեմոնտը, ամեն ինչ ես եմ արել, աբոյները ես եմ կպցրել իմ ձեռքերով, իմ տղաս ու ամուսինս խաբար չեն, թե ինչն եմ ես արել: Ամեն օր իմ խոզերին ու կովին կեր եմ տալիս, խնամում եմ: Ջուրը 4 ժամ ա գալիս, ամեն ինչ հասցնում եմ:

Ու սկսեց ինքը իր տղայի, ամուսնու ու սկեսուրի մասին պատմել: Իր մյուս տղայի մասին, իր հարսի մասին, իր տղայի ընկերների մասին…

Մի անգամ Նառան մեզ առաջարկեց, որ իր տղայի ընկերը իր ավտոյով մեզ Պարզ լիճ տանի: Սկզբում ուրախացանք, մտածեցինք. «Ջան, անվճար կտանեն»… Համաձայնվեցինք: Բայց հետո հասկացանք, որ եթե ինքը մեզ տարավ, Պարզ լճում մեր հետ կմնա… Մի կես ժամ չգիտեինք` ոնց մերժենք, որ չնեղանա: Հետո մեզ վիլիսով հարևանը տարավ ու շատ քաղաքավարի էր իրեն պահում, չէր անհանգստացնում, չէր կպնում մեզ: Մենք էլ դրա համար իրեն ձմերուկ հյուրասիրեցինք:

 

Ավտոկայան

Ահա և վերջ: Մեզ ճանապարհեցին դեպի ավտոկայան, և մենք պիտի նստեինք Դիլիջան-Երևան գազելը: Վճարեցինք, տոմսերը վերցրինք, ու գազելը պիտի ժամը 2-ին շարժվեր: Նստելուց պարզվում է, որ մեր տեղերում կանայք են նստած: Մենք ցույց ենք տալիս մեր տոմսերը, իրենք էլ իրենցը: Տոմսերը համընկնում են: Կանանցից մեկն ասում է, որ սա ժամը մեկի գազելն է, բայց արդեն 15 րոպե ուշանում է: Իսկ մեր գազելը ուրիշ է, ժամը 2-ինը: Բայց վարորդը մեզ ասում է, որ նստենք, իսկ այդ կանանց տեղ չի տալիս: Իրենք էլ հակաճառում են.

-Բայց չէ՞ որ սա մեր գազելն ա, ժամը 1-ի գազելը, մենք տոմսերի համար վճարել ենք, ու սրանք են մեր տեղերը:

-Ժամը մեկի գազելը վաղուց գնացել ա, – ասում է վարորդը:

-Ո՞նց թե` գնացել ա: Մենք տոմսերը առել ենք: Ինչի՞ ա գնացել: Ինչի՞ չի սպասում վարորդը ուղևորներին:

Մի խոսքով, ժամերը խառնվել էին: Առաջին գազելը գնացել էր առանց իրենց, իսկ իրենց փոխարեն վարորդը տարել էր ուրիշ ուղևորների: Իսկ այս խեղճ կանայք, որոնցից 2-ը ծեր տատիկներ էին, մնացել էին դուրսը: Իսկ 2-րդ գազելն էլ նստել չեն կարող, քանի որ դրա բոլոր տոմսերը արդեն վաճառված էին: Իսկ այն մարդիկ, որոնք վճարել էին այդ տոմսերի համար, արդեն եկել էին ու կռիվ էին գցել: Մի գոռոց, մի բղավոց… Տոմսարկղի հարբած աշխատողը բղավում է խեղճ կանանց վրա…

-Չեմ դուրս գա ես, կնստեմ ստեղ, ուզում ա մինչև հինգը կնստեմ: Թող նորմալ աշխատեն, նորմալ տեղերը դասավորեն, էդ խմած աշխատողը եսիմինչ ա անում…

-Դու քո ավտոյից ուշացել ես, գնա, թող էս մարդիկ նստեն, իրանք մեղավոր չեն, – բղավում է վարորդը:

-Բա ես ի՞նչ մեղք ունեմ, որ ժամը մեկի ավտոբուսը 15 րոպե շուտ ա շարժվել, ու ուրիշ մարդկանց ա տարել, բա կարելի ա՞:

-Դու էս մի գազելի փողը չես տվել, դուրս արի գնա, թող էս մարդիկ նստեն:

-Ես տվել եմ, ինքը կերել ա: Նորմալ աշխատեիք, նորմալ կտանեիք պասաժիրներին, չի շարժվում, դե ես էլ չեմ իջնի:

Մոտավորապես նույն պատմությունը տեղի էր ունեցել, երբ ես գնում էի Սևան: Էս վարորդները, երբ տեսնում են, ուղևոր է եկել, արդեն ոչ մեկին չեն սպասում: Ու ամենաահավորը այն էր, որ ժամը 2-ի գազելի համար վճարած ուղևորները ստիպված կլինեն նստել ժամը 3-ի գազելը, քանի որ իրենց գազելում նստած են ժամը 1-ի ուշացած ուղևորները: Իսկ ժամը 3-ի ուղևորները կգան ու կհասնեն իրենց պատվիրած, վճարված, բայց զբաղված տեղերին: Եվ այդպես շարունակ… Տարրական մաթեմատիկայի գիտելիք է ընդամենը հարկավոր, որպեսզի կարգավորվի այս հարցը, բայց, ցավո՜ք, դրամարկղի հարբած աշխատողը չունի այդ գիտելիքները:

Եվ հանկարծ այս խառնաշփոթի մեջ մեզ մոտենում է մի բարի արտասահմանցի և անգլերենով հարցնում.

-Wich one of this two minibuses leaves now?

-Oh,- ծիծաղում ենք,- even we don’t know that.

-You know, actually I want to go to Yerevan today, you see.

-Ahahah, We also very very much want to get to Yerevan today. So you go and pay for the ticket, maybe that will help.

-Thank you.

-Good luck,- կարեկցանքով և հույսով լի ձայնով պատասխանեցի ես:

Նման պատմություններ հաճախ կհանդիպես Հայաստանի ավտոկայաններում: Դե, ինչ… Սա Սև ծովը չէ, Եվրոպա չէ, բայց այն է, ինչ մենք ինքներս կազմակերպեցինք և արեցինք: Ես շատ ուրախ եմ, որ նման արձակուրդ անցկացրեցի ընկերուհիներիս հետ: Երբ դու անցկացնում ես քո հասուն կյանքի առաջին ամառը, ինքդ ես պատասխանատու, ինքդ ես որոշում, թե արժե՞ արդյոք մնալ Սուսաննայի տանը, դու բավականին կազմակերպած ես, որպեսզի ժամանակին հասնես միջքաղաքային տրանսպորտին, ու նաև բավական համբերատար, որպեսզի նստես գազազած գազելի մեջ: Դու հասուն ես…