Հավերժ  ներկա  ընկերոջս

Կարենի մասին գրել էի, կհիշեք: Քարվաճառում ծառայող զինվորն էր, Օմարի պահապանը: Գրել էի, որ հանուն հայրենիքի` անմահացավ, իսկ նրա սխրանքի մասին կպատմեմ հիմա:

Հոկտեմբերի 10-ին` առաջին հրադադարից ժամեր առաջ, Կարենին ու ընկերներին խրամատից իջեցնում են թաքստոց` հանգստանալու: Կարենը տղաների համար հաց է պատրաստում, տանում թաքստոց: Հակառակորդը  նորից հարձակվում է: Թշնամու արձակած առաջին ռումբն ընկնում է թաքստոցի վրա, բայց չի պայթում: Կարենը զինվորներին դուրս է բերում թաքստոցից, իսկ երբ երկրորդ ռումբը պայթում է, Կարենը չի հասցնում դուրս գալ…

Եվ, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, Արցախյան հայրենական պատերազմում, փրկելով 11 զինակից ընկերների կյանքը, հայրենիքի պաշտպանության համար զոհվում է 19-ամյա հետախույզ-հեռաչափորդ Կարեն Մովսեսի Կարապետյանը…

Ուզում եմ ասել, որ դու լավագույններից էիր, որին երբևէ ճանաչել եմ: Մարդ ինչպես կարող էր էնքան անկեղծ լինել, որքան դու էիր… Երկինքն ամենաներին է տանում, որովհետև երկրում հողն անգամ չի դիմանում նրանց հզորությանը…

Դու սահմանին և երկնքում հաղթել ես, իսկ մենք ամեն օր պարտվում ենք թիկունքում` երկրի վրա:

Մենք կանք ու մի օր երևի չլինենք, դու կաս ու միշտ լինելու ես…

Հիմա, կապույտի մեջ, դու հանգիստ ու խաղաղ ես, իսկ մենք սև ու սպիտակ կյանքում, մի տեսակ սևի մեջ ենք մնացել… Ապրելու բանաձևը կորցրած` չգիտենք ոնց տանենք սեփական գոյությունը մեր, որ համակերպվենք քո ու ձեր ֆիզիկական բացակայությանը:

Դու հայրենիքին նվիրեցիր ամենաթանկը` կյանքդ` հանուն մեր կյանքի…

Իմ աչքերով պատերազմը քո դեմքն ունի: Ասում են պատերազմ, աչքիս առաջ դու ես գալիս` միշտ լայն ժպիտով և հպարտ, բայց ոչ երբեք գոռոզ կեցվածքով…

Գիտեմ, իմ գրածներն էդպես էլ պատասխան չեն ստանալու, բայց գիտեմ նաև, որ դու երկնքից հսկում ես աշխարհը:

Քո մասին պիտի միշտ գրեմ, որ քեզ սերունդներ ճանաչեն: Իմ հավերժ ներկա ընկեր…