Meline Hayrapetyan

Պողոսը դեմոկրատ է

Պողոսը մեր բակի ամենապերճախոս սրիկաներից էր։ Իր բառերով ասած՝ մինչեւ հոգու գաղտնի անկյունները դեմոկրատ։ Էն ժամանակ քչերս էինք հասկանում նման խուճուճ բառերի իմաստը, բայց հավատում էինք, որ Պողոսն էդպիսին է, որովհետեւ վստահ էինք, որ դեմոկրատ բառի իմաստը բառարաններում նշանակում է էշություն։

Պողոսին ընդամենը գետնից մի քանի սանտիմետր բարձրություն էր պետք՝ դրա վրա թառելու ու անվերջ խոսելու համար բաներից, որոնցից ոչ ոք գլուխ չէր հանում (երևի ինքն էլ)։ Հեշտ է խոսել քեզ չհասկացողների հետ, որովհետև հեշտ է խաբել անտեղյակներին։ Իսկ Պողոսը հեռու չէր ստախոս լինելուց։։

Հետո, չգիտեմ՝ ոնց, Պողոսը դարձավ եղբորս ընկերը՝ ստիպում էր նրան իր հետ շփվել, որ երկուսով լավ մարդ դառնան։ Պողոսի լավ մարդ դառնալու հրավերները երևի գրավել էին եղբորս։ Ու նրանք դարձան ընկերներ։

Մի օր Պողոսի հետ ընկերանալու եսիմորերորդ ամսում եղբայրս տուն եկավ արյունլվա դեմքով։ Երկար զզվեցնելուց հետո, պատմեց, որ կռիվ է արել միանգամից 7 հոգանոց խմբի հետ։

— Մռութիդ ես կերել, որովհետև ապուշ ես։ Մենակով 7 հոգու դեմ կռիվ ես գնացել, որ հերոսանաս, բայց արդյունքում գլուխդ ջարդել են,- հմտորեն սկսեցի սփոփել։

Երբ չափն անցա, նետեց, որ մենակ չի եղել, ու որ դա հերոսանալու վատագույն ձևն է, որ կարող էր ընտրել։

Պարզվեց՝ Պողոսը խոստացել էր, որ կգնա հետը։ Ու զարմանալիորեն կատարել խոստումը։ Երբ բանը հասել էր անխուսափելի ձեռնամարտին, Պողոսը աննկատ գոլորշիացել էր ու ընկերոջը գցել էդ 7-ի կրունկների տակ։ Երբ իրավիճակը հանդարտվել էր, մեկ կամ մի քիչ ավելի շաբաթ հետո, Պողոսը հայտնվել էր՝ շատ հաստատուն իր արդարացումը թևի տակ։

— Ախր, ինչի՞ց ես նեղացել, ախպերս, դու գիտես՝ ես դեմոկրատ մարդ եմ։ Ես չեմ կարա բռնեմ ինչ-որ մեկին քացու տակ քցեմ՝ դա հակասում ա Սահմանադրության եսիմորերորդ հոդվածի, եսիմոր կետի, եսիմորերորդ տառին։

—Ռադ արա էդ ապուշ օրենքները, շենքի հետևը իրար սատկացնելուց միակ օրենքը առաջինը խփելն ա։ Կա՛մ էս թաղի համար առանձին Սահմանադրություն գրի, կա՛մ քո պես դեմոկրատներին հասկացրու, որ իրենց Սահմանադրությունը մենակ կոստյումավորների համար ա.– շպրտել էր եղբայրս։

Մի քանի օր հետո վերքերն էլ անցան, դրանց ցավերն էլ։ Բայց Պողոսի ու իր դեմոկրատ բառի այլանդակ պատկերը հավերժական պիտանելության ժամկետ ստացան։

Երկրորդ կուրսում էր սովորում Պողոսը, երբ մի երեկո բեռնատար մեքենայի ուժեղ դղրդոցը բոլորիս խմբեց շքամուտքում։

— Պողոսիս համար էստեղ նեղ ա, որոշեցինք տեղափոխվել Եվրոպա,- առանց որևէ մեկի հարցին սպասելու, թաշկինակը ձեռքին պահած, սկսեց Պողոս ծնած հայոց մայրը, ում լացը, բնավ, չէր գալիս,- էնտեղ լավ մարդ կդառնա։ Կիմանանք, որ իզուր չէր մեր ապրածը։ Եթե հայրենիքը մեր մասին չի մտածում, մենք ինչի պիտի մտածենք հայրենիքի մասին,- եզրափակեց, ու չքացան։

Ու սկսվեց լեգենդների թարմացվող շղթան, թե դեմոկրատ Պողոսը ինչ բարձունքների է հասել։ Պատմում էին, որ արդեն Եվրախորհրդի վեհաժողովում պատգամավորի օգնական է, հետո առավել լավատեսները սկսեցին հյուսել, թե 22 տարեկանում համալսարանը դեռ չավարտած Պողոսը արդեն Էնտեղ նախագահում է։ Մի խոսքով, պատմում էին էն, ինչ ուզում էր ու թելադրում Պողոսի մայրը։

Ամեն ինչ պարզ էր։ Ընդամենը զանգում էր շենքի ամենից նեղմիտ կանանցից մեկին, ասում, թե քայլել են խորհրդարանի կողքով ու վերջ։ Ինքն արդեն գիտեր, որ շենքի լրատվական պատասխանատուն փաստերը իր կամքից անկախ խեղաթյուրելու է՝ հօգուտ իրենց։

Մի ընթացք աղմուկ տարածվեց, թե շուտով Պողոսենց դեմոկրատ ընտանիքը ամբողջ շենքին տանելու է իրենց մոտ։

— Լավ ա էլի, բոլորդ Եվրախորհուրդ կմտնեք, մեզ էլ` ինչ կտաք, կտաք,- ամեն անգամ նման էշություններ լսելիս, ուղղակի ժպտում էի սրանց միամտության վրա ու անցնում։

Բայց միամիտ դժբախտներին ուրիշ ի՞նչ է պետք, եթե ոչ հույս։ Եվ ուրիշ ո՞վ կարող է էդ հույսը փսփսալ, եթե ոչ հայրենիքի ու պետության տարբերությունը չհասկացած դեմոկրատը, ով հայրենիքին կամաց-կամաց տուրիստի աչքերով է սկսում նայել։

Էսպես անցան տարիներ։ Պողոսի մասին ժամանակի ընթացքում մոռացան ու լռեցին։

Անցյալ տարի, սակայն, նորից շենքում սկսեցին քչփչալ, որ առասպելի վերածված Պողոսին տեսնողներ են եղել։ Ոչ ոք առանձնապես նշանակություն չտվեց, մինչև մի օր իսկապես Պողոսը չերևաց էս կողմերում։

Հիմա պատգամավոր է Պողոսը։ Աշխատում է իր մոր ասած՝ իրենց ոչինչ չխոստացող հայրենիքի օրենսդիրում։

Մեր շենքում էլ մի տարի առաջ երևաց, ոչ թե մանկական հուշերի կարոտից, այլ ընտրողներ հավաքելու պլաններից։ Էկավ բարձրախոսը վերցրեց ու սկսեց իր լպրծուն քարոզը, որ մեխվել է ականջներումս։ Եթե Պողոսը ոչինչ չասեր, միևնույն է, էդ բառերը իմ ականջներում արձագանքելու էին, որովհետև Պողոսը կանխատեսելի տիպ է…

Եղբորս հետ էնտեղ էի, հիմա արդեն պողոսական բարձունքից չերևացող զանգվածի մեջ։

—ՀՀ հպարտ քաղաքացիներ,- սկսեց (գրողը տանի քեզ, երկերեսանի հիմար, ախր, ո՞նց ես խոսում ՀՀ քաղաքացիներից, երբ վեց տարի առաջ մայրդ խլացրեց ողջ թաղամասին,, թե էս հայրենիքը իրեն ոչինչ չունի տալու,- մտածում էի, նայում եղբորս, ով նույնն էր մտածում, վստահ եմ։ Բայց մեկ է, կանգնել էինք էդտեղ, որովհետև…. Չգիտեմ՝ ինչի համար, բայց կանգնել էինք հիմարի պես) անշուշտ, դժվար վիճակում է գտնվում մեր հայրենիքը (նորից ասաց հայրենիք, լսի՛ր, այ տխմար, դու գնա մորդ բացատրիր, թե որն է հայրենիքը ու ինչ վիճակում է գտնվում, ու հանի՛ր քո կեղտոտ բերանից էդ բառը.,- գոռալ էի ուզում, բայց մեղք էր Պողոսը, թող խոսեր, ախր, իր տարերքի մեջ էր՝ գետնից մի քանի մետր բարձունքի վրա՝ ինչպես առաջ։ Տարբերությամբ, որ էն ժամանակներում կանգնում էր ամեն պատահածի, հիմա միայն իսկական բեմերի վրա՝ ոտքերի տակ խալիներ, իսկ անձրևների ժամանակ պարտադիր գլխին՝ ծածկ։ Ընտրողները թող թրջվեն, մեծ վնաս չէ, կոկորդ է` կցավի, կանցնի):

Բայց մենք ունենք հստակ տեսլական.- շարունակում էր Պողոսը (Աստված իմ, ինչի՞ են սրանք էդ անիծյալ բառը էսքան հաճախ կրկնում, իսկ ընտրազանգվածը անմոռաց ծափահարում է․․. Ծափահարում Պողոսին, ով Եվրախորհուրդ էր նախագահել․․․ Պողոսին, ով իրենց պիտի Եվրոպաներ տաներ․․․ Պողոսին, ում մայրը հայրենիքը պետությունից չի տարբերում։ Բայց ընտրազանգված են սրանք, սրանց հիշողությունը կարճ է։ Սրանց բոլորին ծափահարում են ու թիկունք դարձնելուց երկու վայրկյան չանցած՝ անիծում): ․․.Մենք ունենք տեսլական,- նորից վերադարձա Պողոսին,- որի շնորհիվ կառուցելու ենք իրական, դեմոկրատ պետություն (էս ապուշը երևի աշխարհի ամենաերկարակյաց դեմոկրատն է՝ 12 տարեկանից էդպիսին է,- մտածում եմ զզվանքով) մենք պիտի հավաքվենք բոլորով մեր հայրենիքում ու միասին կառուցենք մեր երազանքի երկիրը ու այդ գործի համար պիտի նվիրաբերենք մեր վերջին ուժերը թեկուզ (չէ, սա արդեն վերջն էր):

Պոկվում ենք ընտրազանգված կոչվող ամբոխից ու եղբորս հետ քայլում չգիտեմ՝ ուր։ Լուռ ենք։ Մեր հուշերում փնտրում ենք նոր մանրուքներ, որ ամբողջացնենք Պողոսի գարշելի կերպարանքը։ Մի քանի րոպե քայլելուց հետո, աչքերս ուղղում եմ եղբորս, մտածում է՝ խախտել եմ ուզում լռությունը, բայց չէ, ուղղակի նայում եմ նրա քունքին հավերժացած երկար ու արդեն համարյա աննշան սպիին, որ ինը տարի առաջ Պողոսի դեմոկրատիայից ծնվեց։ Էդ սպիի մեջ Պողոսի ողջ կենսագրությունն է։

Հիմա Պողոսը պատգամավոր է հայրենի խորհրդարանում։ Մի քանի շաբաթ առաջ Պողոսի նոր հայրենիքում ծեծուջարդ էր ահագնացել։ Իշխանությունը որոշել էր մի լավ դաս տալ ընդդիմությանը։ Հա, իսկ Պողոսը, մոռացա նշել, անպատճառ, իշխանություն է։

Չէ, չի փոխվել մեր Պողոսը, ձեռնամարտի մեկնարկից վայրկյաններ անց Պողոսը անէացավ։ Էնտեղ իրար սպանում են, իսկ Պողոսը չկա ու չկա։ Երևի պատսպարվել է հիմա իր տաքուկ կաբինետում ու դողացող մատներով ինչ-որ թղթեր է խաղացնում, որ երբ մի լրագրող հանկարծ հայտնվի էդ կողմերում, ինքը նորից ալիբի ունենա՝ հայրենիքը պետության է վերածում, ախր, Պողոսը, նա կռիվների ժամանակ չունի։

Իրավիճակը խաղաղվեց մի շաբաթ կամ մի քիչ ավելի շատ անցած։ Ու էդ ժամանակ հայտնվեց Պողոսը՝ յուր ողջ պերճանքով։ Ամբիոնի մոտ կանգնած՝ բարձրախոսները աջ ու ձախ անելով, սկսեց.

—Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ այս դահլիճում, անթույլատրելի է… Չէ որ մենք դեմոկրատ….

Անջատեցի հեռուստացույցը․․․, որովհետեւ շարունակությունն անգիր գիտեինք բոլորս։

Պարզվեց՝ պատանեկության տարիներին եղբայրս աններելի սխալվել էր: Պարզվեց իրենց սիրելի Սահմանադրությունը ոչ էլ կոստյումավորների համար է։

Էդ Սահմանադրությունը ուղղակի «սյուվինեռ» է՝  նման էն ընտանիքներին, որոնք ամեն հյուրի առաջ ցույց են տալիս Եվրոպայից բերված իրենց հուշանվերը, որի իրական արժեքն իրենց էլ օտար է… Նման Պողոսենց ընտանիքին։

Պողոսը հիմա պատգամավոր է ու դեռ երկար կմնա էդպիսին, որովհետև ընտրազանգվածը կարճ հիշողություն ունի… Որովհետեւ Պողոսը դեմոկրատ է․․․  Ու որովհետև դեմոկրատը արդեն, հաստատապես եմ ասում, լավ բառ չի․․․Համենայնդեպս, երբ հնչում է Պողոսի շուրթերից: