tatev aghazaryan

Հետևություններ…

Երբ ավարտական քննությունները վերջացան, ու սկսեցին ամառային արձակուրդները, ես կարող էի հանգիստ զբաղվել իմ սիրած գործերով, որոնցից մեկն էլ հենց սա է: Ամառը ես շատ սխալներ վերլուծելու ժամանակ ունեցա: Ոչինչ հենց այնպես չի ավարտվում, և ամեն ինչ իր ավարտն ունի: Քննությունները հեշտ չէին և շատ էին անհրաժեշտ գիտելիքները ստուգելու համար: Ես հիմա արդեն գիտեմ, թե, որ առարկայից եմ թերացել և ինչքան պետք է աշխատեմ դրանք ուղղելու համար: Հասկացա` ովքեր են իմ «լավ» ընկերուհիները: Հասկացա, թե ինչի վրա պետք է ուշադրությունս դարձնեմ` հետևում թողնելով մանր-մունր պատմությունները:

Մի խոսք կա. «Եթե դու երբեք չես սխալվել, ապա չգիտես, թե, որն է ճիշտը»: Եղան փոքրիկ սայթաքումներ, որոնք ես այլևս չեմ կրկնի: Եվ իմ կատարած սխալների հիման վրա կստեղծեմ նորը: Կյանքում կատարված ամեն մի դեպք չի կարելի որպես աղետ ընդունել:

Կարծում եմ, քննությունները ոչ միայն ինձ օգնեցին, այլ նաև դպրոցի անձնակազմին՝ վերլուծելու իրենց հետագա աշխատանքը: Պարզելու համար, թե ինչքանով ենք սովորել դասերը և այլն:

Հիշեցնեմ իմ սիրած հեղինակներից մեկի՝ Թեոդոր Դրայզերի խոսքը, որը ես նշել եմ նաև իմ նախորդ հոդվածում. «Աշխարհում շատ բան կա, որին մենք կուզեինք հասնել: Սակայն չի կարելի միանգամից ամեն ինչի ձգտել: Եվ ի՞նչ միտք ունի հուսահատվել ամեն մի չիրականացած ցանկության պատճառով»:

Դե, ուրեմն, սեպտեմբերից նոր էջից սկսենք վաղվա օրը: Լավատեսորեն նայենք ամեն ինչին: Եվ ինձնից ձեզ խորհուրդ. կենտրոնացեք միայն ու միայն ձե՛ր նպատակների վրա:

Ամեն մարդ ունի իր արժանիքները: Ուրեմն, եկեք չնմանվենք ուրիշներին, լինենք տարբեր: Ստեղծենք մերը, քանի որ մյուսն այդ ճանապարհով արդեն անցել է…