anush jilavyan

Մայրիկիս Ջավախքն ու Վանաձորը

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ է մարդը զգում, երբ ունի երկու հայրենի բնակավայր, կամ թե ինչ է նշանակում արձակուրդները անցկացնել գյուղում՝ տատիկի ու պապիկի տանը: Ես չեմ ունեցել հնարավորություն զգալու դա, և փորձեցի մորս միջոցով լրացնել բացը:

Իմ զրուցակիցը մայրս է՝ Գոհար Սերոբյանը: Նա ծնվել է Կիրովական (այժմ Վանաձոր) քաղաքում, արմատներով Ջավախքից է:

-Հետաքրքիր է,ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են ծնողներդ կամ նրանց նախնիները հաստատվել Ջավախքում:

-Ծնողներս Ջավախքում են ծնվել:Հայրական պապիս ընտանիքը գաղթել է Կարսից Մեծ Եղեռնի ժամանակ, և երկար դեգերումներից հետո պապս հաստատվել է Ջավախքի Գանձա գյուղում: Այդ ժամանակ նա 10 տարեկան էր: Հետագայում ամուսնացել է նույնպես Կարսից գաղթած հոգևորականի աղջկա՝ Արփենիկի հետ, ում ընտանիքը հաստատվել էր Լենինականում (այժմ Գյումրի): Ունեցել են 4 երեխա, հայրս եղել է առաջին զավակը:

Մայրական պապիս ընտանիքը առաջին անգամ գաղթել է Էրզրումից Կարս, այնուհետև Ջավախք՝ Գանձա: Մայրական տատս Ջավախքը բնակեցրած Էրզրումցի առաջին գաղթականների ընտանիքից էր:

-Ի՞նչ հիշողություններ է արթնացնում հայրենի գյուղը:

-Մանկության ամենաջերմ հիշողությունները կապված են հայրենի գյուղիս հետ: Շատ տպավորիչ են եղել տերյանական օրերի հետ կապված հուշերը: Այդ օրերը անցնում էին շատ տոնական և հարազատների ջերմ միջավայրում, ովքեր հավաքվում էին Հայաստանի տարբեր հատվածներից: Ավելի ուշ, երբ կարդում էի Տերյանի նամակները, որտեղ նկարագրում էր հայրենի գյուղում անցկացրած մանկությունը, ինձ թվում էր, որ նրա հետ նույն վայրերում եմ խաղացել:

Եթե գոյություն ունի հոտի հիշողություն, ապա այդպիսի ամենավառ հիշողությունը տատիս թոնրում թխած լավաշի բույրն է:

Հետաքրքիր էր գյուղում լվացք անելու «ծիսակատարությունը». մեծ ծղոտե քթոցներով (զամբյուղ) լվացքը գյուղի հարսները իջեցնում էին գետը և գետի ջրում լվանում, փռում խոտերի վրա չորանալու: Մինչև չորանալը ծավալվում էր հետաքրքիր զրույց ջավախքյան անուշ բառ ու բանով:

-Իսկ ի՞նչ է նշանակում քեզ համար ծննդավայրդ՝ Կիրովականը:

-Մանկության հիշողություններում մնացած հարմարավետ, փոքրիկ ու կանաչ քաղաք, որը սիրել ու սիրում եմ: Հատկապես շատ եմ սիրել քաղաքային այգին, որը հիմա ցավոք առաջվանը չէ, նաև շատ եմ սիրում Հայքի հրապարակը, իր յուրօրինակ հանգստությամբ ու ջերմությամբ:

-Տեղի ունեցած փոփոխություններից, որո՞նք են ցավ կամ ափսոսանք առաջացնում:

-Փոփոխությունները ժամանակի մեջ անխուսափելի են, բայց կան այնպիսիները, որոնք տխրեցնում են: Առանձնահատուկ պայծառ եմ հիշում դպրոցիս ճանապարհը և մոտակա այգին: Թվում էր, թե դպրոցի դռները միշտ բաց կլինեն, սակայն այսօր այն չկա: Չկա նաև պապիկի ու տատիկի տունը, որտեղ անց էի կացնում արձակուրդները:

-Ապագայում ինչպիսի՞ն կուզեիր տեսնել Վանաձորը:

-Ավելի մարդաշատ, կյանքով լեցուն, թե՛ աշխատելու, թե՛ հանգստանալու հնարավորություններով: