Anush margaryan

Հեքիաթ մանուշակագույն ավտոբուսի ու սպիտակ հեղափոխության մասին

Արևն առավոտյան արթնացավ, լվացվեց, խմեց մայրիկի պատրաստած երիցուկի անուշաբույր թեյը, բայց դեռ շարունակում էր հորանջել, աչքերը իրենք իրենց փակվում էին, ի՞նչ անել։ Հնարամիտ արևը գտավ դրա լուծումը. կոպերը սոսնձով ամրացրեց դեղին ճակատին ու փորձեց հաղթահարել մռայլ տրամադրությունը։ Ի՞նչ արած, ուրիշ ելք չկար: Դա էլ նրա պարտականությունն է՝ վաղ արթնանալ ու կյանքը լցնել լույսով ու ջերմությամբ։ Արևը երբեք չի դժգոհում, չի փնթփնթում, բոլորին ժպտում է ու բարի լույս մաղթում, մեկ-մեկ նաև հաճոյախոսում ու որպես համաձայնություն՝ բարձրացնում իր թեյի գավաթը, ինչպես եղավ այսօր, երբ նա երկնքից լսեց մանուշակագույն ավտոբուսում տեղի ունեցող զրույցը…

Դե լավ, թույլ տանք արևին ավարտել իր երկրորդ բաժակ երիցուկի թեյը, և սլանանք ոլորապտույտ ճանապարհով՝ ավտոբուսի հետքերով։

Ահա, գալիս է մանուշակագույն մի ավտոբուս. չնաշխարհիկ գույն է, այնպես չէ՞։ Այնքա՜ն խորհրդավոր է ու գաղտնիքներով լեցուն։ Ես թափահարում եմ ձեռքս ու բարձրանում ավտոբուս։ Չկարծես, թե ավտոբուսներն ընտրում եմ ըստ գույնի, պարզապես այս մեկը, ը՜, ինչպես ասում են՝ մի կրակոցով երկու նապաստակ: Պարզվում է, որ վարորդն էլ է խորհրդավոր ու իմաստուն՝ ինչպես իր ավտոբուսի գույնը, և սիրում է մեղմ ձայնով զրուցել ուղևորների հետ…

-Պապի՛կ ջան, կարևորն այն է, որ հիմա մի ուրիշ հեղափոխություն էլ անենք, բայց արդեն ինքներս մեր ներսում, ա՜յ այստեղ՝ սրտում։ Այ, օրինակ, քո ավտոբուս քանի՜ հարյուր մարդ է բարձրանում, նրանցից քանի՞սն են քեզ բարևում, քանի՞սն են իջնելիս շնորհակալություն ասում։ Ջերմությունն ու սերն են պակասում, ջերմագին հեղափոխությունը…

-Դե՜, մարդիկ կան, որ բարևում են, տղա՛ ջան, չէ, չէ, հաստատ, թեկուզ՝ քիչ, բայց կան։ Կարևորն այն է, որ ժպտացող մարդիկ էլ կան։ Հաղթանակից հետո մեր կամքն առավել ուժեղ է, մնում է՝ սկսենք ինքներս մեր հոգուց ու սրտից, ճիշտ ես, տղա՛ս: Վստահ եմ, ամեն բան կփոխվի, միայն հոգով ցանկանալ է պետք։ Կգա այդ օրը, երբ իմ ավտոբուս բարձրացող յուրաքանչյուր մարդ՝ մեծից փոքր, կբարևեն ինձ ու շնորհակալություն հայտնել չեն մոռանա։ Դա կլինի ամենամեծ հաղթանակը։

Կանգառում ավտոբուսը կանգնեց, պապիկը ժպիտիս բարի ժպիտով պատասխանեց, ես իջա՝ ինձ հետ տանելով լսածս յուրաքանչյուր բառը, իսկ ավտոբուսը շարժվեց՝ իր հետ տանելով տասնյակ բարի սրտեր, որոնց կարիքն ունի հեղափոխությունը։

Մի բան երբեք չեմ մոռանա. անկախ ամեն բանից միշտ ժպտալ և ժպիտս կրկնապատկել՝ մանուշակագույն ավտոբուս բարձրանալիս։

Մինչ հեղափոխությունը անելու շատ բան կար, հեղափոխությունից հետո դա քառապատկվել է, հնգապատկվել։

-Շարժասանդուղքից օգտվելիս եղեք ուշադիր, առանձնակի ուշադրություն դարձրեք Ձեր անձնական իրերի նկատմամբ… բլահ, բլահ…

Ականջներումս հնչում են մետրոյում լսած այս խոսքերը. երանի դպրոցում հանձնարարած բոլոր անգիրներն այսպես լավ իմանայի… Իսկ ինչո՞ւ է այդ ձայնը միշտ նույնն ասում, չի՞ հոգնում, ի՞նչ է։ Գուցե տարօրինակ թվա, բայց այն ինձ համար գալիս է ինչ-որ հեռվից, ասենք, Հյուսիսային բևեռից, սառն է, ինչպես այն սառցի կտորները, որոնցով պատրաստված էր Ձյունե թագուհու տնակը։ Պարզապես ծակում է ականջներս ու թափանցում ուղեղս։ Չի՞ կարելի արդյոք այդ բառերի կույտին ավելացնել. «Խնդրում ենք՝ չմոռանաք ժպտալ» կամ «Ձեզ պայծառ օր» կամ «Մենք սիրում ենք Ձեզ» արտահայտությունները։ Պատկերացնո՞ւմ եք՝ հարյուրավոր մարդիկ դա լսելիս կժպտան։ Ու նրանցից յուրաքանչյուրի հոգում ծիլ կտան բարի, արդար, գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարն ու մղումը, միմյանց սիրելու ու լավ խոսքեր շշնջալու ցանկությունը։

Սպիտակ հեղափոխությունը չի լինում հենց այնպես՝ սպիտակ շապիկ հագնելով։ Երբ առավոտյան հագնեք ձեր սպիտակ շապիկները, վերցրեք նաև մի վրձին ու գեղեցիկ ներկեր։ Սպիտակով ներկեք ձեր հոգին, որպեսզի ամեն բան սկսեք նոր էջից, հետո սպիտակին ավելացրեք միայն գունավոր ու պայծառ երանգներ, որպեսզի երբեք բարությունն ու ժպիտը չլքեն ձեզ։ Երբ մեզանից յուրաքանչյուրը հեղափոխություն անի իր սրտում ու պաշտոնաթող անի կեղծիքը, չարությունը ու բոլոր արատները, Հայաստանը կդառնա ամենապայծառ, ջերմ ու բարի անկյունն աշխարհում։

Նայի՛ր պատուհանից դուրս, արևը ժպտում է քեզ։