sona zaqaryan

Հիշողություններ և նոր ճանապարհներ

Եվս մեկ ուսումնական տարի մոտենում է իր ավարտին, իր հետ տանելով բազմաթիվ ուրախ ու տխուր պահեր, լավ ու վատ հիշողություններ: Վերջին զանգի պատրաստությունները արդեն սկսվել են: Շրջանավարտների մեծ մասն էլ պատրաստվում է միասնական քննություններին: Հաջողությու~ն բոլորիդ:

Երբեմն այնքա~ն եմ ուրախանում, երբ հիշում եմ, որ շրջանավարտ չեմ, քննություններ չկան, բայց շտեմարանները, քննությունները և Վերջին զանգի պատրաստությունները մի օր ինձ էլ կհետապնդեն: Այնքա~ն եմ տխրում, երբ հիշում եմ, որ դպրոցը իմ սիրելի դասարանի հետ չեմ ավարտելու, քանի որ պետք է գնամ ԱՄՆ սովորելու: Ամեն անգամ աչքիս առջև են հայտնվում այն 11 երկար և միաժամանակ կարճ տարիները, որոնք անցկացրել եմ դպրոցում, դասարանիս և սիրելի ուսուցիչներիս հետ:

Գիտեք, մենք դասարանով սիրում ենք նստել և երկար զրուցել, խոսել մեր երազանքների, ապագայի պլանների մասին, իրար խորհուրդ ենք տալիս և խորհուրդ հարցնում: 11 տարի մեր բոլոր երազանքները, հույսերը և ապրումները իրար հետ ենք կիսել: Որքա~ն կկարոտեմ մեր փոքրիկ 7 հոգանոց դասարանը: Կկարոտեմ ձմռանը վառարանի շուրջ հավաքվելը, տղաների կռիվները, թե ով պետք է գնա փայտ բերելու, իրարից նեղանալը և երկու րոպե հետո նորից հաշտվելը: Կկարոտեմ տղաների կատակները, որոնցից շատերը բարկացնում էին ինձ, կկարոտեմ ուսուցիչներիս, դպրոցի բոլոր աշակերտներին, որոնցից յուրաքանչյուրի դեմքը պարզ գծագրված է հիշողությանս մեջ, և վերջապես կկարոտեմ իմ ցուրտ, բայց ջերմ դպրոցը, որը իր հին պատերի մեջ ինձ կոփել է, դարձրել հասուն և ուժեղ աշակերտ, կյանքի բոլոր դժվարություններին դիմակայելու պատրաստ: Երևի անվերջանալի մի նյութ կստացվի, եթե գրեմ բոլոր այն բաների մասին, որոնց կկարոտեմ:

Բայց ես վստահ եմ, որ եթե անգամ դասարանիս հետ չավարտեմ դպրոցը, միևնույն է, մեր ընկերությունը, մեր իրար հետ կիսած վառ հիշողությունները երբեք չեն մոռացվի: Ընկերներիցս յուրաքանչյուրը իր երազանքներն ու նպատակներն ունի, ու ես վստահ եմ, որ նրանք կիրագործեն դրանք:

Համոզված եմ, Անին լավ մանկավարժ կդառնա, Նաիրան` նկարչուհի, Դավիթը` ծրագրավորող, Գոռը` իրավաբան, մյուս Դավիթը` պատմաբան, իսկ մյուս Գոռը` մեխանիկ: Այո’, ճիշտ հասկացաք, մենք դասարանում չորս տղա ունենք` երկու Գոռ և երկու Դավիթ, սա էլ մեր դասարանի յուրահատկություններից մեկն է:

Կարծես երազ լինի, դեռ երեկ էի առաջին դասարան, իսկ այսօր կարծես ես էլ արդեն շրջանավարտ լինեմ: Վերջին զանգի օրը ես էլ շրջանավարտների հետ հրաժեշտ կտամ դպրոցիս ու իմ դպրոցի կերտած հիմքով կշարունակեմ կառուցել ապագաս` իրականացնելով բոլոր երազանքներս: Այնքա~ն երախտապարտ եմ դպրոցիս, բոլոր ուսուցիչներիս, ինձ այսպիսին դաստիարակելու, այսպիսի լավ որակներ իմ մեջ սերմանելու համար: Ուղղակի ուզում եմ ասել.

-Շնորհակա~լ եմ, կկարոտեմ բոլորիդ: