Gohar Petrosyan

Հիշում եմ, սիրում էիր սպիտակ մեխակներ

Գիտեմ, նեղացել ես ինձանից. ուշ-ուշ եմ շիրիմիդ այցի գալիս։ Քեզ կորցնելուց հետո ինքս ինձ ու քեզ խոսք տվեցի երկրորդ տունս դարձնել հողե ննջարանդ։ Բայց արի ու տես, որ խոստումս չեմ պահում։ Երևի թե հենց նրա համար, որ զգում եմ ներկայությունդ իմ մեջ։ Բայց դա արդարացում չէ ինձ և արդարացում չէր հեռանալուդ։ Բայց դու ի՞նչ մեղք ունեիր, և ո՞րն է մեղքը իմ` քեզ մտքումս ողջ պահելու համար։ Ես չեմ հավատում, թե մի օր կտեսնեմ քեզ, և գիտեմ, որ երբեք ինձ չես մեղադրել ոչ մի հավատք չունենալու համար։ Ես պարզապես հավատում էի, որ կտեսնես ինձ նպատակներիս հասած և կհպարտանաս ինձով, քանզի ամեն ինչ անում էի քեզ հպարտություն պարգևելու համար։ Բայց հիմա անիմաստ է ամենը առանց քո ներկայության։ Երևի թե կամաց-կամաց սկսեմ մեղադրել ինձ ամեն ինչից հիասթափվելու համար։

Անցնում են օրերը, ու ավելի եմ հեռանում քեզանից։ Տպավորություն է, թե անցյալ կյանքում եմ ունեցել քեզ. է՜հ, քեզ կորցնելուց հետո կորցրի և ինձ, վերածնվեցի մի աշխարհում, որտեղ մեկ վայրկյան ապրել անգամ չէի ցանկանա։ Բայց ապրում եմ, քանզի վախենում եմ այս կյանքն էլ կորցնել և վերածնվել նորից։ Այնպես որ, շարունակելու եմ ձևացնել, թե խաղ ու պար է կյանքն ինձ համար, որ կողքիններս մեկ րոպե անգամ չխղճան ինձ։ Դու ես դաստիարակել ինձ իբրև ուժեղ մարդ, ես իրավունք չունեմ թույլ երևալու։ Թող կարծեն, թե խենթ եմ, կամ փոքր երեխա, որը չունի ոչ մի մտածմունք ու խնդիր։ Բայց թե գան ու ասեն, որ օրերից մի օր կտեսնեմ քեզ, կդադարեմ ուժեղ ձևանալուց և չեմ զսպի ուրախության արցունքներս։ Քեզ մոտ կգամ նպատակներիս հասած ու մեծ ձեռքբերումներով, որ կրկին հպարտության փայլը տեսնեմ աչքերումդ։ Բայց ինձ փակված ու սառը աչքեր պետք չէին, հա՛յր։ Այս ճղճիմ կյանքը չխղճաց ո՛չ ինձ, և ո՛չ քեզ։ Մի հարցում է սիրտս հանգիստ, որ մայրդ չտեսավ քեզ այդպես անշարժ ու անշունչ։ Տանջված կյանք տեսած տատուս առաջին անգամ երանի տվեցի քեզ կորցնելու այդ ծանր օրերին։ Երանի եմ տալիս և իմ մեծ, բայց մեծանալ չհասցրած եղբորս և ծանր հիվանդությամբ մահացած պապուս։ Ու հիմա էլ ապրում եմ հույսով, որ այլևս ոչ մեկին երանի տալու կարիք չեմ ունենա ու միակ տունս չեմ դարձնի այդ հողե ննջարանը։ Կներես, թե խոսում եմ կոտրված ու վատը մտածող մեկի նման։ Պարզապես ինձ արդարացնելու ոչ մի պատճառ չեմ կարողանում գտնել շիրիմիդ չայցելելու համար։ Ինձ էլ հասկացիր. ամեն անգամ քեզ մոտ գալիս մեր հրաժեշտի հուշերը խեղդում են կոկորդս։

Շուտով ծննդյանդ օրն է։ Կայցելեմ շիրիմիդ սպիտակ մեխակներով։ Հիշում եմ, սիրում էիր սպիտակ մեխակներ…