margarita ghazaryan

Հուշեր մի խորհրդավոր կնոջ կյանքից

Գիշեր էր, լռություն: Գյուղական մի տան անկյունում մոմի լույսի շնորհիվ մի դեմք էր նկատվում: Խորհրդավոր կերպարանք էր: Հազիվ նշմարվող աչքերի մեջ մի ողջ ճակատագիր կարելի էր կարդալ: Փակեց աչքերը, ո՛չ, չքնեց, ուղղակի փակեց այնպես, ինչպես փակում ենք մեր աչքերը, երբ ցանկանում ենք ինչ-որ մի բան հիշել և կամ հակառակը` անջատել սեփական միտքն ու չհիշել և չմտածել ոչինչ: Ժապավենի նման աչքերի առաջ էին գալիս իր ողջ մանկությունը, իր կյանքի լավ ու վատ պահերը: Հուշերի մի ողջ շղթա էր պարուրել այդ կնոջը գիշերային խավարի մեջ: Թվում էր, թե իր հուշերում ապրող բոլոր մարդիկ կենդանացել են, իր կողքին են՝ գիշերային այս լռությանն ընկերակից:

Կարելի է ասել, որ հաճելի հուշեր գրեթե չեն լինում, բավական է թեկուզ միայն այն, որ այդ լավ ու հաճելի պահերը դարձել են հուշ ու էլ չեն կրկնվի, այլևս երբեք… Բայց գոնե դեմքիդ վայրկյանական ժպիտ է հայտնվում, երբ հիշում ես այն, ինչը ժամանակին քեզ ուրախություն է պատճառել: Բայց այդ կնոջը պատած հուշերը այդ հաճելիներից չէին, նրա կյանքում միշտ լավ իրադարձությունների պակաս է եղել:

Հիշում էր իր ծնողներին, չնայած նրան, որ արդեն այդ էլ նորմալ հիշել չէր կարողանում, մեծացել էր ինքը և դրան հավասարազոր հեռացել էր իր ծնողների հետ ունեցած հիշողություններից: Շատ աղոտ էր հիշում նրանց դեմքերը, միայն ինչ-որ դիմագծեր, որոնք էլ գնալով ավելի մռայլվում էին իր հիշողության մեջ:

Այդ կինը ուներ քույր և եղբայր, բայց ճակատագիրը հերթական անակնկալն էր պատրաստել, ընտանիքին պետք է միանար 4-րդ երեխան` աղջիկ: Բայց չշտապեք մտովի մի երջանիկ ընտանիք պատկերացնել, իրականությունն այլ էր: Հայրը հաշմանդամ էր, իսկ մայրն էլ ո՞ր մի զավակի հոգսերը պետք է կարողանար տանել: Այդ խորհրդավոր կինն էր ընտանիքի մեծ երեխան, գոնե որոշ չափով մոր հոգսերը կիսողը: Բայց ամեն ինչ փոխվեց 4-րդ երեխայի ծնունդով: Ճակատագրի հերթական խաղն էր: Երեխան ծնվեց, բայց մայրը վատառողջ էր: Հիվանդությունը ավելի ազդու եղավ, հաղթեց ոչ միայն այդ կնոջը, այլ մի ողջ ընտանիքի: Մահացավ…

Հիվանդանոցի բուժաշխատողներն էլ խելք-խելքի տալով եկան այն որոշմանը, որ պետք է նորածին փոքրիկին տան մեկ ուրիշ ընտանիքի՝ ավելի ապահով: Դե, մի հաշմանդամ հոր խնամակալության տակ էին երեք երեխաներ, և այլն էլ դժվար տարիներին, երբ մի կտոր հացն էլ որոշիչ էր: Եվ այլևս երբեք և ոչինչ չիմացան այդ երեխայի մասին, միայն ընտանիքի մեծ երեխան՝ խորհրդավոր կինը (եկեք պայմանականորեն նրան այդպես կոչենք), իմացել էր, որ երեխային տվել են Վրաստանում ապրող մի ընտանիքի: Անցավ մի որոշ շրջան, հայրը կրկին ամուսնացավ, իսկ նրա երեխաների խնամակալությունը անցավ հարազատներին: Տղային իրենց տատը սկսեց խնամել, իսկ երկու աղջիկներին՝ հորաքույրը:

Մի պահ բացեց աչքերը, հիշողությունները կանգ առան կարծես, կամ գուցե ինքն էր ցանկանում մոռանալ ամենը: Հայացքը հառեց մոմի վրա, այն գրեթե մինչև վերջ այրվել էր ու հալվել: Փչեց ու հանգցրեց մոմի լույսը: Դանդաղ քայլերով մոտեցավ լուսամուտին։ Լույսը բացվում էր արդեն, բայց իր մտքերն այդպես էլ կանգ չառան, չթողեցին հանգստանալ, գոնե մի քանի ժամով քուն մտնել: Լուսամուտից նայում էր արդեն բացվող արևին և կրկին ընկնում հիշողությունների գիրկը: Ա՜խ, գոնե լուսաբացի հետ իր հոգում էլ լուսաբաց լիներ, մտքերն ու հիշողություններն էլ լուսավոր լինեին: Բայց կան հիշողություններ, որոնք, անկախ լավ կամ վատ լինելուց, մեզ հետ են շաբաթը 7 օր և օրը 24 ժամ: Հիշողությունները նոր թափ առան: Հիշեց հորաքրոջ հարկի տակ անցկացրած տարիները: Հորաքույրն ավելի սեր ու ջերմություն էր տածում փոքր աղջկա հանդեպ, և ինքն էլ զրկված էր մայր լինելու բախտավորությունից, իսկ եղբոր աղջիկների ներկայությունը պետք է ավելի գունավորեր իր մենակյաց կյանքը:

Խորհրդավոր կինը մի պահ հանկարծակի դողաց ողջ մարմնով՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչ կատարվեց իր հետ: Հիշողության անիվը իր ականջներին կրկին լսելի էր դարձրել հորաքրոջ բարկացած ձայնն ու նախատինքները: Իսկ հետո կարծես ողջ մարմնով սկսեց զգալ այն ցավերը, որոնք փոքր ժամանակ ստացել էր հորաքրոջ հարվածներից: Հետո միանգամից շրջադարձ կատարվեց իր հիշողությունների մեջ, և այս անգամ էլ հիշեց հորաքրոջ իր ծնողական ժողովից վերադարձած հպարտ, երջանիկ և աչքերն արցունքներով լցված դեմքը: Որքա՜ն հպարտ էր նա իր եղբոր դստրով: Որոշ ժամանակ անց աղջիկների խնամակալությունը կրկին անցավ իրենց հորն ու արդեն խորթ մորը: Բայց մի՞թե այդ կինը կարող էր փոխարինել իրենց մորը: Խորը շունչ քաշեց ու հեռանալով լուսամոտի մոտից՝ դուրս եկավ բակ, նստեց մի ծառի տակ ու կրկին հայացքը հառեց անորոշ ուղղությամբ: Որքան ժամանակ էր անցել այդ տարիներից, ինքն արդեն բավականին մեծ է, ծերությունն էլ կամաց-կամաց իր գիրկն է առնում իրեն: Հիշեց խորթ մորը, ումից այդպես էլ ոչ մի մայրական ջերմություն չզգաց: Տատն էլ տեսնելով, որ երեխաները այդ պայմաններում չեն կարող ապրել, կրկին իր վրա վերցրեց նրանց խնամելու պատասխանատվությունը: Մի քանի տարի էլ այդպես ապրելուց հետո մեր խորհրդավոր կինը տեղափոխվեց քաղաք` ուսում ստանալու: Նա այդ ճանապարհին էլ մենակ էր, և այդ ճանապարհն էլ՝ դժվարանցանելի: Իր ուժերով ընդունվեց, ինչը իր ընկերներից շատերի մոտ բորբոքեց նախանձը, քանի որ շատերը, իրենց հետևում հզոր թիկունք ունենալով, չկարողացան ընդունվել, իսկ ինքը, որ միայնակ էր, չուներ ոչ մի օգնող ձեռք, իր գիտելիքների շնորհիվ կարողացավ ընդունվել, չնայած, որ իր վաղեմի երազանքն էր երգչուհի դառնալ, այլ ոչ թե բուժքույր: Բայց հետևեց իր ուսուցիչների խորհրդին, ովքեր երգչուհու մասնագիտությունը մի մենակ ու երիտասարդ աղջկա համար շատ ավելի բարդ ու դժվար էին համարում: Ընդունվեց և տեղափոխվեց իր տատի քրոջ տուն:

Իսկ հետո հայտնվեց մի տղա, որի հետ էլ կապեց իր կյանքը: Ուսանողական կյանքին հաջորդեց ամուսնականը: Գուցե դա այս պատմության համար մի գեղեցիկ ավարտ լիներ, վերջում էլ երևի երկնքից երեք խնձոր կընկներ՝ մեկը գրողին, մյուսը՝ կարդացողին, մեկ էլ՝ հենց հերոսուհուն: Բայց, ցավոք, կյանքում ամեն ինչ այդպես հեքիաթային չէ, բոլոր պատմությունները չէ, որ հեքիաթների նման լավ ու դրական ավարտ են ունենում: Սա իրականությունն է, այստեղ շատ արժեքներ անհավասարաչափ են բաժանված մարդկանց, մեկն ամեն ինչ ունի (խոսքը նյութականի մասին չէ, չնայած դա էլ կարող ենք ընդունել), մյուսն էլ զրկված է բոլոր կյանքն իմաստավորող աղբյուրներից:

Արցունքներն ավելի ուժգին սկսեցին հոսել, իսկ հուշերն էլ կարծես արթնացել էին այլևս չքնելու պայմանով: Հիշեց ամուսնուն: Որքա՜ն էր սիրում նրան, որքա՜ն հույսեր ուներ նրա հետ կապված, ինքը, զրկված լինելով երջանիկ ընտանեկան պայմաններում ապրելու հնարավորությունից, հույս ուներ, որ գոնե իր երեխաների համար մի երջանիկ ապագա կստեղծի, բայց…

Երկու երեխա ունեցան` տղա և աղջիկ: Աղջիկը դեռ չէր ծնվել, երբ ամուսինը մեկնեց օտար երկիր՝ աշխատելու: Երբեմն գալիս էր, կարոտը առնում ու կրկին հեռանում, բայց այդ այցերն էլ գնալով դարձան հազվադեպ: Մի քանի տարի անց վերադարձավ կարճ ժամանակով, բայց ոչ մենակ: Արդեն նոր ընտանիք ուներ՝ կին, երեխա: Խորհրդավոր կնոջ համար դա արդեն չափազանց էր: Որքան էլ ուժեղ բնավորություն ունենա մարդը, միևնույնն է, լինում են հանգամանքներ, որոնք վերջնական տապալում և ուժասպառ են անում նրան: Բայց նա մայր էր, երեխաներ ուներ, որոնք իր կյանքի միակ լուսավոր կետերն էին, և ինքը պետք է ապրեր նրանց համար: Ամուսնու նոր ընտանիքին տեսնելն էլ հերթական հարվածն էր նրա համար: Երեխաների համար էլ խորթ էր իրենց հայրը, ուղղակի մի մարդ, ով երբեմն գալիս էր, ու ասում էին, որ իրենց հայրն է: Խորհրդավոր կնոջ ամուսնու ծնողներն էին այդ երեխաների թև ու թիկունքը: Տատն ու պապն էլ այնքան ջերմություն էին տալիս նրանց, որի համար թե՛ երեխաները, թե՛ այդ կինը անասելի սիրով էին լցված այդ մարդկանց հանդեպ: Նրանք անգամ իրենց հարսին առաջարկեցին նորից ամուսնանալ, իրենք երեխաներին կխնամեին, միայն թե ինքը հետո մենակ չմնար, իրենցից հետո տուն ու ընտանիք ունենար: Բայց մեր խորհրդավոր կինը մայրերի այդ տեսակին չէր պատկանում: Ինքը, զուրկ լինելով մայրական սիրուց ու ջերմությունից, ամեն ինչ անում էր իր երեխաների համար, օր ու գիշեր աշխատում էր, միայն թե նրանք որևէ բանի կարոտ չլինեն: Այդպիսի մայր ունեցողները ի ծնե բախտավոր են:

Հիմա էլ հիշեց երեխաներին, որոնք մեծացել էին, ընտանիք կազմել ու իրեն էլ տատիկ դարձրել: Կրկին հոսեցին արցունքները, խորը շունչ քաշեց ու ոտքի ելավ, երկինքը վաղուց արդեն լուսացել էր, իսկ ինքը դեռ այգում ոչ մի գործ չէր արել: Արագ քայլերով գնաց և սկսեց աշխատել…