marat sirunyan

Տուրիստագան կերթամ, լաո

Զանգ տվեցին գյուղից՝ պապդ մահամերձ է: Թողեցի քաղաքը, ուսում, աշխատանք և ահա սնարի մոտ էի մշեցի պապիս: Ասում էին, թե կավանդի հոգին. շատ է ծերացել…

Համբուրեցի Սասնո ձորերի պես խորն ընկած կնճռոտ ճակատն ու ականջին շշնջացի.

-Վեր կաց, ա՛յ պապ, Էրգիր ենք գնալու, վեր կաց,- ապա չորացած ձեռքի մեջ դրեցի Արևմտյան Հայաստանի տուրիստական տոմսեր:

Կիսաբաց աչքերը շողացին արցունքի կաթիլներից: Հրաշքի նման պապս վեր կացավ անկողնուց, առույգացավ, ապրեց…

Սրբապատկերի նման ծոցում էր պահում տոմսերը: Ամբողջ գյուղը գալիս էր տեսության պապիս, որ ծեր առյուծի նման ուրախության մռնչոց էր արձակում սրտից. «Տուրիստագան կերթամ, լա՛ո…»

***

Հասավ օրը մեկնելու: Պապս նորափեսայի նման զուգվել, զարդարվել էր, անգամ կապել էր վաղուց մոռացության մատնած փողկապը.

- Լաո՛, Էրգրից փոշոտ, կեղտոտ, արնոտ ու արցունքոտ էգա, գոնե հիստագ էրթամ: Էս գալստուգ լե կաբեր իմ, որ զիմ տուն քանդող գյավուր շան տեսնամ, թալիմ վիզն ու խեղտամահ էնիմ,- բացատրում էր նա:

Բավականին մարդ էր հավաքվել նրան հրաժեշտ տալու: Բոլորին հերթով գրկում էր ու արցունքն աչքին ամենքին ասում` «Էրգիր կերթամ, կհասկնա՞ս», «զիմ Մուշ ու Սասուն կերթամ», «տուրիստագան կերթամ, լաո՛…», «տուրիստագա՛ն…»:

Ամենքին հրաժեշտ տվեցինք ու նստեցինք մեքենա, գնում էինք Երևան, այնտեղից ավտոբուսով պիտի մեկնեինք Էրգիր: Մեքենայի մեջ գրեթե բառ չփոխանակեցինք. պապս մտքերով արդեն Էրգիր էր հասել, կամ ավելի ճիշտ նա այնտեղից երբեք չէր էլ հեռացել: Երբեմն աչքերին արցունքներ էին երևում, որ հոսում էին այտերի կնճիռ-ձորերով էրգրու գետերի նման…

Վերջապես հասանք: Ավտոբուսի մոտ մի խումբ մարդիկ էին հավաքված, ոմանք ներս ու դուրս էին անում: Պապս իջավ մեքենայից, մի պահ նայեց շուրջբոլորը, ապա հավաքվածներին և շրջվելով ինձ, ասաց․

- Լաո՛, ուրա՞նկ լե Էրգիր գիկան:

- Չգիտեմ, պապ, երևի,- պատասխանեցի ես ու պապիս ուղեկցեցի դեպի ավտոբուս:

Հավաքվածների մեջ տարբեր տարիքի և սեռի ներկայացուցիչներ էին: Պապս ջերմորեն ողջունեց բոլորին և չշտապեց տեղավորվել ավտոբուսում: Սկսեց հարցուփորձ անել հավաքվածներին, որոնց մեջ տարբեր խավի ներկայացուցիչներ կային. մեկը ուսուցիչ էր, մեկը՝ ուսանող, մեկը՝ հոգևորական, մյուսը՝ տաքսիստ… Հարցուփորձի արդյունքում պարզվեց, որ ուսուցչուհին բարի մի կին էր, ով երկար տարիներ էր դպրոցում դասավանդել, ու միշտ երազել էր լինել իր պապերի հողում: Ուսանողուհին լրագրող էր դառնալու, դիպլոմային աշխատանքը Արևմտյան Հայաստանի թեմայով էր, որոշել էր գնալ, իր աչքով տեսնել այն: Տաքսիստն էլ ասում էր, թե գրեթե բոլոր երկրներում եղել է, հիմա էլ գնում է մեր հայրենիքը տեսնի. տուրիստականով է գնում, որպեսզի գումար խնայի: Այսպես մի քանիսի հետ ծանոթանալուց հետո պապս որոշեց տեղավորվել ավտոբուսում՝ մյուսների հետ ճանապարհին ծանոթանալու մտադրությամբ:

Ավտոբուս բարձրանալուն պես պարզ դարձավ, որ ուղևորների թվում կա նաև մի համասեռամոլ, ով նստած էր առաջին շարքերում: Մազերը երկար էին, ականջակալներից բացի լավ երևում էին ականջողերը, գլխին գույնզգույն գլխարկ էր, մի ականջողանման բան էլ փոքրիկ քթին էր երևում, և դա ավելի շատ էր աչքի ընկնում, քան քիթը: Եվ բնականաբար այդ ամենը չէր կարող չնկատել պապս:

- Լաո՛, էս մարդ-կնիգ լե Էրգիր գիկա՞, էս ո՞ր երգրից է,- մի կերպ բարկությունը զսպելով՝ արտաբերեց պապս:

«Խեղճ մարդ, եթե իմանաս, որ հայ է, երևի նորից մահվան դուռը գնաս»,- մտածեցի ես, բայց այս անգամ հանգամանքները բարի չգտնվեցին, և իմ այդ մտքի վրա պճնված երիտասարդը խոսեց.

- Մի րոպե, էդ ի՞նձ եք մարդ-կնիկ ասո՞ւմ, Ձեզ չափավորեք հա՞, էս ինչ հետամնացություն ա…

- Էս դու հա՞յ իս, ես քու…,- ձեռնափայտը օդ բարձրացրեց,- Էս գալստուգ գտեսնա՞ս, ափսոս է` էն գյավուր շան համար է, թե չէ, էն Աստվաձ, քու վիզ թալելով գխեղտեի,- բարկությունը նետեց պապս և քիչ էր մնում իրոք խեղդեր նրան:

- Հանգիստ, պա՛պ, նյարդերդ հանգիստ պահիր,- ետ պահելով՝ փորձեցի հանգստացնել և նստեցնել պապիս,- իսկ, դո՛ւ, ձայնդ կտրիր, ի՞նչ է, գլխիցդ ձե՞ռ ես քաշել,- շրջվելով համասեռամոլի կողմը՝ փորձեցի լռեցնել նաև նրան:

Վերջինս քթի տակ ինչ-որ բան փնփնթաց, իսկ պապս մի քանի «քաղցր» խոսք էլ ուղղեց նրան, տեղավորվեց առաջին նստարանին, ապա ուշադրությունն ավելի հետաքրքիր բան գրավեց: Ավտոբուս բարձրացավ հաղթանդամ, մորուքով, հենց առաջին հայացքից էլ ֆիդայի հիշեցնող մի տղամարդ: Բարևեց և փորձեց առաջանալ, սակայն պապս նրան կանգնեցրեց, խնդրեց նստել կողքին.

- Արի՜, լաո՜, արի՛, արի տեսնամ դու հո՞ւմ տղեն իս, քու կռիվ վի՞ր հեդն ի:

- Է՜հ, իմ կռիվը թուրքի հետ էր, պա՛պ ջան, կուզեի որպես զինվոր ու տեր գնայի Էրգիր, էն էլ որպես տուրիստ եմ գնում… ,- պապիս հարցին մտածկոտ պատասխանեց տղամարդը:

 

- Լաո՛, մենկ միշտ լե Էրգրու տերն ինք, տուրիստ էրթանք, թե կռվով, մեգ է, մենկ ինք տերը: Դու կռվեր իս, որ մեր էս մե բուռ հող պահիս, ես քզի ղուրբան,- համբուրեց ազատամարտիկի ճակատը ու ոգևորված սկսեց երգել.

« Հայոց սարեր շողն էր պադել,

Դաշտերուն կանաչ մանյագ:

Վերջին կռունկներ լե հիկան

Լավ լուր բերին մըր համար…»

Պապիս երգին միացանք նաև ես ու այդ ազատամարտիկը, դա հետաքրքրեց նաև դրսում կանգնածներին, և նրանք էլ հերթով բարձրացան ավտոբուս: Բոլորն արդեն իրենց տեղերում էին, եկավ շարժվելու ժամանակը:

Երբ ավտոբուսը շարժվեց, ասացի պապիս.

- Պա՛պ, երկար ճանապարհ է, թե մի բան պետք լինի ասա, հանկարծ ծարավ կամ սոված չմնաս:

- Լաո՛, էրթլու ճամփեն գալու ճամփից երգար չի էղնի…,- ժպտալով, բայց թաղծոտ աչքերով պատասխանեց նա:

Երևանյան տապը քիչ-քիչ մեղմանում էր, զրույցներն էլ քիչ-քիչ թեժանում էին: Գնալով հեռանում էինք մայրաքաղաքից ու մոտենում էինք հայրաքաղաքին` Գյումրուն, այնտեղից պետք է անցնեինք Վրաստան, որտեղից էլ՝ Էրգիր: Մինչ Գյումրի ընկած ճանապարհին ավելի շատ լեռներ ու ձորեր, քարեր ու քարափներ էին, քան անտառներ ու ծառեր: Մեղմ քամի էր ավտոբուսի պատուհաններից ներս թափանցում, անցնում էր ամենքի կողքով, ամենքի մտքերը խառնում ու միախառնում: Հասանք և ետևում թողեցինք Գյումրին էլ. բավականին գեղեցիկ քաղաք էր:

- Է՛խ, փոխվել էր Գյումրիս, որքան վաղուց չէի եղել,- հանկարծ կարոտով ու թախծոտ խոսեց ուսուցչուհին:

- Երևի՞ հարազատներ ունեք այնտեղ,- ժպտալով հարցրեց նրա կողքին նստած կինը:

- Ես Գյումրում եմ ծնվել: Կլինեի 20 տարեկան, երբ երկրաշարժ եղավ, ստիպված եղանք ընտանիքով տեղափոխվել Երևան: Միշտ իմ աշակերտներին սովորեցրել եմ լինել հայրենասեր: Սիրել, պահել-պահպանել այն հողը, որտեղ ծնվել ու հասակ են առել: Բայց ամեն անգամ ինձ մեղավոր եմ զգացել, որ ես ինքս թողել ու հեռացել եմ իմ ծննդավայրից, սակայն, ինչ արած, կյանքն է այդպիսին: Մեկին պոկում է իր հող ու ջրից, տանում օտար ափեր՝ սրտում միշտ բորբ պահելով կարոտը: Մեկին էլ թողնում է իր հողի վրա, բայց, ավա՛ղ, ոմանք իրենք են հեռանում իրենց արմատներից:

- Ղուրբա՜ն քզի, մըր ցավ հիրար նման է, մեր կարոդներ մե գույն ունին: Բայց, լաո՛, քու գորձ` սուրբ գորձ է: Դու մադղաշներուն հայոց գիր ու գրագանություն գսովրծուս, հայու պադմություն գսովրծուս, հայություն գսովրծուս, լաո՛, քզի ղուրբան:

- Շնորհակալ եմ, Գևո՛րգ պապ, ու քանի դեռ կարող եմ, կսովորեցնեմ, Ձեր մասին էլ անպայման կպատմեմ՝ որպես հայի ճիշտ կերպար:

Պապս ժպտաց. նրա համար մեծ ուրախություն էր, որ եկող սերունդներին կրթողն այսպիսին է: Ինչո՞ւ չէ, նաև ուրախ էր, որ իր անունը այդ եկող սերունդները լսելու էին. ինչպիսի պատիվ` հայի ճիշտ կերպար: Իսկ ճամփան դեռ անխղճաբար երկարում ու երկարում էր…

Եվ ահա մոտենում էինք Վրաստանին. որքան մոտենում էինք, այնքան զրույցները քչանում էին: Երբ հասանում էինք սահմանային անցակետին, հեռվից երևացին ոստիկանական մեքենաներ, և դա նկատելուն պես մեր տուրիստական խմբի անդամներից մեկը կարծես խուճապի մատնվեց, չգիտես՝ ինչու: Այնպես էր իրեն պահում, կարծես պետք է իրեն բռնեին: Անհանգիստ շարժումներ էր անում, ինչ-որ բաներ մրթմռթում քթի տակ, և քանի որ նա նստած էր անմիջապես իմ ետևում, այդ ամենը ինձ համար շատ նկատելի էր և շատ տարօրինակ: Եվ ահա անցանք այդ անցակետը, ոչ մի խնդիրներ չառաջացան, ինչն էլ երևի ամենաշատը ուրախացրեց իմ ետևում նստող երիտասարդին…

Արդեն Վրաստանում էինք: Պապս, որ մինչ այդ աշխույժ զրույցներ էր վարում, լուռ էր: Հասկանում էի նրան, օտար երկիր էր՝ սրտին ոչ հարազատ: Մարդու խոսելու իշտայն էլ չէր գալիս: Բայց լրագրողուհին` Սոնեն (ով առաջին հայացքից էլ իմ աչքին ու սրտին դուր էր եկել) պապին խնդրեց պատմել իր պատմությունը, թե ինչպե՞ս է փրկվել…

- Ի՞նչ պադմիմ, ղուրբան քզի, իմա՞լ պադմիմ, թե զիմ հորն ու մոր իմալ սրի քաշին, մըր գեղ հրի տվին, թալնին ու սբանին, այրին ու սբանին, տեղահան էրին ու սբանին, իմ քուր- ախպրներուն ողջ-ողջ այրին ու սբանին, ընձի լե իմ հոխպեր փրգեց: Ընձի փրգեծ, բայծ ինկ չփրգվավ… Սբանին… Ա՛խ, օսմա՛ն, ես քու… Սբանին, լաո՛, սբանին…,- հուզված, զայրացած ու ոգևորված խոսում էր Գևորգ պապս:

- Իսկ Դուք քանի՞ տարեկան էիք այն ժամանակ և քանի՞ տարեկան եք հիմա:

- Չորս թե հինգ տարեգան էի, լաո՛, լավ չեմ հիշեր: Հմգա հարուր հինգ տարեգան իմ: Մահս ընձի կսպասե, հմը մշեծի իմ` զիմ չորկողություն կենիմ. գուզիմ գոնե զիմ էրգրում մեռնիմ: Համ լը տարիկն ու թիվն ի՞նչ կաբ ունին, քզի ղուրբան, երգու տարի հուդա-հունա, մեգ է թուրկը մարդ չի դառնա,- պապս հայացը պատուհանից դուրս հառեց` հեռուները:

- Ա՞յ պապի, էդ մեռնելը դեռ մտքիցդ չհանեցի՞ր, քեզ մեռնել չկա, ա՜յ մարդ, բա ինձ պսակե՞լը- պապիս հուզմունքը փորձեցի ցրել կատակով։

Խիտ բեղերի տակից երևաց պապիս խորհրդավոր ժպիտը։

 

Արդեն հասնում էինք Կարս, նորից անցակետ էր, և Սոնեն պապին խնդրեց, որ հետո կրկին շարունակի պատմությունը: Անցակետի մոտ հավաքված ոստիկաններից այս անգամ այն երիտասարդը կարծես էլ այնչափ չէր վախենում, այս անգամ ավելի հանգիստ էր, հիմա էլ շատացրել էին տարօրինակ հեռախոսազրույցները:

Մթնել էր, երբ հասանք Կարս: Տեղավորվեցինք հյուրանոցում, վաղը վայելելու էինք Կարսն ու Վանը: Պապս երևի ամբողջ գիշեր չքնեց. Էրգրում էր ախր: Շատ շուտով հասնելու էր նաև իր ծննդավայր` Արածանու ափին գտնվող Գոպ գյուղը:

Շատ չուշացավ առավոտը, ահա բացվեց, ու Հայոց լեռնաշխարհը լույսով պատվեց:

Օրվա մի մասը հիացանք Կարսով, ապա շարժվեցինք Վան: Վան հասնելուն և հյուրանոց մտնելուն պես այն երիտասարդը, որն անհանգստանում էր ոստիկան տեսնելիս տուրիստական ընկերության աշխատողների հետ զրուցելուց հետո բաժանվեց մեզնից և ինչ-որ տեղ գնաց. հետո պարզվեց՝ ինչ-որ հանդիպման է: Գրեթե բոլորս մոռացել էինք նրա մասին, մինչև մութն ընկավ և մենք գնացինք հյուրանոց: Հենց այնտեղ էլ իմացանք, որ ոստիկանները ձեռբակալել էին նրան՝ բավականին մեծ չափաբաժնով թմրանյութ ձեռք բերելու պահին: Ինչպես ասում են` ահա, թե որտեղ էր թաքնված շան գլուխը: Փաստորեն, ճիշտ էի նկատել, որ նա վախենում էր ոստիկաններից, իսկ թե ինչու, կածում եմ արդեն պարզ էր…

Բոլորս հավաքված՝ կատարվածից էինք խոսում, երբ պապս ինձ կանչեց մի կողմ. ուզում էր ինձ հետ առանձին զրուցել: Պապս կյանք տեսած մարդ էր և հասկացել էր, որ առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում լրագրողուհուն` Սոնեին.

- Ընոր հեր լը անիձաձ, լաո, համեն շնճավոր ու չոր գլխու տերն ի․․․Դու էն ըսե՝ քավնի՞ս, – հայացքը Սոնեի կողմն ուղղելով ծիծաղեց պապս,- քիչմ էլ դիմածի` հենց մըր գեղի վանկում լե գկարկիմ ձզի,- ավելի լիաթոք սկսեց ծիծաղել:

- Է՛, պա՞պ,- ես էլ սկսեցի ծիծաղել՝ նույնպես հայացքս Սոնեի կողմը դարձնելով:

- Վա՛յ, վայ, հլը էն կողմ իշե՛, լաո՛, էն մեր մարդ-կնիգնի չէ՞,- հանկարծ ծիծաղից սթափված՝ նորից խոսեց պապս,- էն ուր նմաննի ո՞վ է:

Երբ հայացքս իր ցույց տված կողմը դարձրի, տեսա, որ, իրոք, նա մեզ հետ եկած համասեռամոլ երիտասարդն էր, ինչ-որ իր գաղափարակից մեկին էր գտել ու բավական մտերմիկ զրույցի էին բռնվել.

- Հա, ինքն է. «նմանը նմանին կսիրե» պապ ջան,- պապիս հետաքրքրությունը բավարարեցի ես և նորից սկսեցինք ծիծաղել երկուսով:

- Էրթանք, լաո՛, էրթանք, քնինկ․ հեկուց լը դի աբռինք…

Իրոք, հոգնած էինք բոլորս էլ, գնացինք քնելու, իսկ Գևորգ պապը՝ երևի սպասելու. շուտով հասնելու էինք Մուշ…

Առավոտյան բոլորս հավաքվել էինք նախաճաշելու, բայց բացակայում էր համասեռամոլը: Սկսեցինք փնտրել նրան, բայց հյուրանոցի աշխատողն ասաց, որ նա իրենց աշխատողի հետ է գնացել, և մի թուղթ էր տվել, որ մեզ փոխանցի: Պարզվում է` նա գնացել էր երեկվա մեր տեսած իր գաղափարակից երիտասարդի հետ և գրել էր, որ իրեն չսպասենք, այլևս չի վերադառնալու: Տուրիստական ընկերության աշխատողները փորձեցին ինչ-որ բան իմանալ նրանց գտնվելու վայրի մասին, բայց ապարդյուն: Եվ որպեսզի մենք իզուր ժամանակ չկորցնենք, նրա տվյալներն էլ տվեցին ոստիկաններին՝ նրան գտնելու համար: Իսկ մենք ուղևորվեցինք Վանա լիճը վայելելու, այնտեղից էլ արդեն գնալու էինք Մուշ:

- Մեգ է, կարմիր կով ուր կաշին չի փոխե, ըդոց վերջ էդ լե բդի եղնիր… Էրթա՛նք, էրթանք մըր ճամփով: Ուր արմադներեն զադվուգ ու հեռածուգ մարդ էլ ետ չի դառնա, էնոր ո՛չ ազգայինն է հեդաքրկիր, ո՛չ ազգն ու ուր պադմուտյունը: Էդոր համար է պետկ ազգն ու ազգայինը չմոռնալը, արմադները չուրանալը: Եվրոպա-մևրոպա, լավ է, լաո՛, տվեկ լե, առեկ լե, հո՞րի չէ, բայծ ձըր հայություն պահեկ, ձըր կարկ ու բարկ պահեկ: Հայն ուրիշով չի աբռի, որ ուրիշին նմանվի, հայն ուր հայությամբ կաբռի, ուր միասնությամբ կաբռի: Ըսոնց լը հիշեք ու համեն հիշելուց հող տվեք գլխներուն, չնայաձ հող սուրպ է, լաո՜, ափսոս է․․․

Շարժվեցինք դեպի Մուշ: Գևորգ պապն անդադար պատմում էր իր գյուղի, Մուշի ու տեղացիների մասին, այնպես էր ներկայացնում, կարծես ամենը դեռ կանգուն են և երբ հասնենք իրենց գյուղ, բոլորին հրավիրելու էր հայրական տուն, ղոչ էր մատաղ անելու: Այս անգամ բախտի բերմամբ իմ կողքին Սոնեն էր նստել: Բավականին երկար զրուցեցինք. զրույցի ընթացքում ավելի ու ավելի էի տարվում նրանով: Բարի, ազնիվ, խելացի ու նաև, անկասկած, պապի սրտով աղջիկ էր. նշանակում է՝ կարելի է հարս տանել: Կարծես նա էլ իմ հանդեպ անտարբեր չէր:

Հանկարծ պապը մեր կողմը շրջվեց.

- Լաո՛, իմա՞լ իք: Բան չմնած, հանդը քասնինկ մըր Գոպ, էնդեղի վանկում լե գկարկինք ձզի,- բոլորը մեր կողմ նայեցին և սկսեցին ծիծաղել, իսկ Սոնեն շիկնեց ու կամացուկ ժպտաց:

Արդեն Էրզրումի նահանգի Խնուս քաղաքի տարածքում էինք, որից հյուսիս-արևմուտք` Արածանիի Քյոքսու վտակի ափին է գտնվում Գոպը` պապի գյուղը: Տուրիստական ընկերության և խմբի անդամների հետ պայմանավորվել էինք, որ անպայման պետք է գնայինք այնտեղ: Պապն անթարթ նայում էր ավտոբուսի պատուհանից դուրս, լուռ էր, ցամաքող աչքերից արցունքները չէին պակասում: Տեսնում էր, որ իր սրտին ծանոթ ու հարազատ վայրերն էին, բայց աչքին՝ ոչ հարազատ: Ամեն ինչ այլ էր` ավերված, կիսաքանդ, մեռած: Ամեն քարից լսում էր եղեռնական աղաղակներ, զգում էր քարերի ու ծաղիկների մղկտոցը: Ծաղիկներն արնագույն էին, իսկ ժեռ քարերից շատերը ճաք էին տվել.չէին դիմացել… Է՛, հա՜յ, քար ես, էլի՛, դեռ քարն ի՞նչ է, քարն անգամ ճաք է տալիս, իսկ դու տանո՜ւմ ու տանում ես… Վա՜յ, հա՛յ… Վա՜յ, հայո՜ւ Աստված…

- Կայնի՜, լաո, կայնի՜:

Ավտոբուսը կանգնեց, պապս շտապով իջավ, մի պահ նայեց շուրջբոլորն ու ծնկածալ ընկավ գետնին.

- Էս մեր գեղնի, լաո՜, էստեղ լե մեր վանկն էր… Շեներն հո՞ւր ին, լաո՜, վանքն էլ չկա, լաո՜, չկա՜…

Ես փորձում էի պապիս բարձրացնել, բայց ապարդյուն: Բոլորը մեկ շուրջբոլորն էին նայում, մեկ պապին: Երևի խղճում էին. խեղճ մարդը մինչև հիմա չէր հավատում կամ չէր ուզում հավատալ, որ իր էրգիրն ու տունն էլ չկան:

Վերջապես վեր կացավ պապը: Քայլեց դեպի մոտակա քարակույտը, նորից ծունկ իջավ ու սկսեց համբուրել այդ քարերը: Իր մոտ կանչեց քահանային, ինչ-որ բան կամացուկ ասաց նրան, ապա կանչեց ինձ ու Սոնեին, մյուսները հետևեցին մեզ: Երբ մոտեցնք պապիս, նա ինձ ու Սոնեին իրար կողքի կանգնեցրեց, մեր ձեռքերն իրար միացրեց ու դառնալով քահանային՝ ասաց.

- Տերդե՛ր, հմգը ես էրգու լաճերուն գկարկիս։ Գտեսնա՞ս քու աստվաձ մըր էրգիր ու վանկ ինչ օրի է բերե, բայծ մալուր մի մնա, կարկե էս էրգու աղունիգներուն, թող մըր վանկ նորիծ կենտանուտյան շունճ առնի, մեգ լը տեսար Աստծու հաչք լե մըր վրա բացվավ…,- առանց ինչ-որ պատասխանի սպասելու՝ կարգադրեց պապս, ապա նստեց քիչ հեռվում, մի քարի վրա, որը վանքի քարերից չէր, տարբերում էր:

Մեզնից ոչ ոք չփորձեց առարկել: Բոլորս էլ հասկանում էինք իրավիճակը, չուզեցինք պապի խոսքը գետնով տալ և որոշեցինք բեմադրել այդ ամուսնության կարգը: Բացի դրանից՝ այդ ամենը հետաքրքրություն առաջացրեց բոլորիս մոտ: Կարգի ընթացքում անընդհատ նայում ու հիանում էի Սոնեի գեղեցկությամբ: Աչքերը կապույտ էին Վանա լճի պես ու Վանա լճի պես խորը, շուրթերը նման էին վարդի թերթերի, Մշո բարդիների նման սլացիկ ու բարակ մեջք ուներ նա, մեծ քնքշանքով ու կյանքով լի էր` ծաղկած ծիրանենու նման: Լուռ էր և գլուխը կախ՝ կամացուկ ժպտում էր խոնարհ նորահարսի պես: Պսակի կարգն ավարտված էր արդեն: Բոլորը կատակով շնորհավորում էին մեզ: Մոտեցանք պապին, գրկեց ու շնորհավորեց մեր պսակը՝ ամենայն լրջությամբ:

- Քզի լը կարկի, լաո՛: Ընդանիկն ու օջախը սրպուտյուն է, ձեր պսագ լը սուրպ ու հաստադ էղնի: Մնաց զիմ տուն տեսնամ…

Իրիկնային մեղմ քամի էր, որի ձայնը երբեմն նմանվում էր հայկական դուդուկի կամ շվիի արձակած հնչյուններին: Ես ու Սոնեն երջանիկ էինք: Իհարկե, հասկանում էինք, որ այդ ամենը բեմադրություն էր, բայց, միևնույնն է, մեզ համար հաճելի էր: Մենք առաջին հայացքից էլ սիրահարվել էինք միմյանց: Եվ թեև մի քանի օր է, ինչ ճանաչում էինք իրար, այնուամենայնիվ, թվում էր, թե վաղուց ենք ծանոթ: Երբ մի պահ մենակ էինք, ակնարկեցի, որ կցանկանայի այս ամենը իրական լիներ, իսկ նա լռեց ու ժպտաց, երևի համաձայնության նշան էր…

Պապը հրաժարվեց ճանապարհը ավտոբուսով շարունակել դեպի գյուղի խորքերը: Պարզվեց իրենց տունը վանքից ոչ շատ հեռու է եղել: Մի փոքր ճանապարհ էինք անցել ոտքով, երբ պապը կանգ առավ: Մի քանի քայլ այն կողմ տան քանդված պատեր էին, սևացած` հավանաբար ծխից: Իսկ մի փոքր ավելի հեռվում մի մարդ ոչխարի հոտ էր արածեցնում:

- Իդը զիմ տունն ի, լաո՜, իդա լը էն գյավուր շունն ի, որ էս օրի է հասուծե զիմ տուն, հա՞,- արձակելով փողկապը և ատամները կռճտացնելով խոսեց պապը,- օսման ես քո՜ւ…,- ձեռնափայտը մի կողմ նետելով՝ գոռաց պապը և կարծես գերբնական ուժ առնելով վազեց դեպի հովվի կողմը:

Վերջինս վախվորած ետ-ետ գնաց ու ընկավ՝ ոտքը քարին զարկելով: Ես հազիվ կարողացա կանգնեցնել պապին: Նրա աչքերում այդ հովիվը իր տունը քանդող թուրքն էր երևում: Իր տունն այդ վիճակում տեսնելով՝ պապս կարծես խենթացել էր, երևի աչքին էլ ծնողներն ու հարազատներն էին երևում արնաշաղաղ, ամոթանք էին տալիս, որ այդպես ավեր է թողել տունը: Այդ ամենը հասկացվում էր նրա զառանցագին խոսքերից…

Մի կերպ հանգստացրեցինք պապին: Մեր օգնությամբ հասավ ավերված տան պատերին ու խնդրեց թողնել իրեն այդտեղ մենակ: Մենակ թողեցինք, խմբի անդամների մի մասը գնաց գյուղի տարածքով շրջելու, մի քանիսս էլ գնացինք հովվին բացատրելու, թե ինչ էր կատարվում, քանի որ նա ձայնը գլուխն էր գցել: Մեզ հետ էր նաև ազատամարտիկը և երբ հասկացանք, որ այդ թուրքը մեզ չի ուզում հասկանալ և շարունակում էր բացականչել, թե իրեն սպանում են հայերը, ազատամարտիկը մի ապտակ հասցրեց նրա երեսին, ինչից հովիվն ընկավ գետնին, հետո ազատամարտիկը թուրքերենով շատ հանգիստ բացատրեց նրան, որ հայերը անմեղ ու խաղաղ մարդուն չեն վնասում և որ դա իրենց «շնորհն» է:

Հանկարծ ձայն տվեց մեր տուրիստական խմբի անդամներից մեկը, նա կանգնած էր պապի մոտ: Շտապեցինք նրանց մոտ և մոտենալուն պես պարզ դարձավ, որ Գևորգ պապս հոգին ավանդել էր: Կանչողն ասաց, որ հասցրել է միայն մոտակա սարալանջը ցույց տալ և ասել, որ դա գյուղի գերեզմանոցն է եղել, իրեն այդտեղ թաղեն, իսկ վերջին շնչում շշնջացել է.

- Տուրիստագան կերթամ, լաո՜…

Որոշ գումարի դիմաց կարողացանք թույլտվություն ստանալ, որ պապին հենց այնտեղ թաղենք: Ինչպես նաև ձեռք բերեցինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Է՜հ, թուրքին ի՞նչ կա, էդ հողում՝ մի մեռել ավել, մեկը պակաս, բան չի փոխվում… Կարգով ու ծեսով հողին հանձնեցինք պապիս.

- Երազանքդ կատարվեց, պա՛պ, հոգիդ Աստծուն քո հողի վրա հանձնեցիր, հիմա էլ քո հողում հանգչիր խաղաղությամբ: Մի օր ծոռներդ գերեզմանիդ էլ տուրիստականով չեն գա, պա՛պ, երկնքից հսկիր մեր Էրգիրը, մինչև մի օր քո գաղթած ճամփով թոռներդ ետ դառնան…

Բոլորը լալիս էին… Քահանան՝ արցունքն աչքերին, թաղման ծեսն էր կատարում…

***

- Փաստորեն, պապիկն իր էրգրում մնա՞ց,- պատմությունս ավարտելուն պես հարցրեց տղաս:

- Էրգրում մնաց, Գևո՛րգ, մեր Էրգրում,- ժպտալով ուղղեց Սոնեն: