Հրաշագործ զնդանը

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Էլիդա տատիկը ապրում է Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Իր կյանքի 72 տարիները անց է կացրել այնտեղ։ Դեռ մանկուց մեծերից լսել է բազմաթիվ պատմություններ ու ավանդույթներ։ Պատմություններից մեկն էլ նրանց զնդանի ու դրա հրաշագործ ուժի մասին է։

Նրա նախնիները եկել են Արևմտյան Հայաստանի Մուշ գավառից։ Եվ քանի որ նրանց ընտանիքում դեռևս հնուց դարբիններ են եղել, ավանդույթը փոխանցվել է սերնդեսերունդ։ Մշո գավառից գնալուց առաջ, վերցրել են իրենց հետ մի փոքր զնդան և բերել Հայաստան։ Այդ զնդանը նրանք պաշտել են սրբության պես, որի վրա «մոմ են թափել»։ Մոմ թափողը իր երազում տեսել է հաջորդին, ով պետք է շարունակի իր գործը, և այդպես ավանդաբար հասել է մինչև Էլիդա տատիկի տեգորը։ Նա տաքացնում էր զնդանը, մոմերը դնում տաք երկաթի վրա, և հալած մոմը թափվում էր ջրի մեջ։ Այս արարողությունը անում էին վախեցածների և հիվանդների համար։ Իսկ երեք անգամ անելուց հետո հիվանդը կամ վախեցածը իրեն արդեն լավ էր զգում։

Էլիդա տատիկը այդ ամենի ականատեսն է եղել ու հիշում է պատմություններ, թե ինչպես են շատ մարդիկ բուժվել դրա զորությունից։ Ահա և նրա պատմություններից մեկը․

-Երբ ես նոր հարս էի եկել, մի 14 տարեկան հիվանդ երեխա էին բերել՝ ոտքերը բռնված։ Մեր գյուղից էր։ Իմ տեգրը մոմ թափեց։ Երեք անգամ թափել է։ Մոմը թափում են երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ։ Երբ երկրորդ անգամ եկավ, արդեն կարողանում էր կանգնել։ Իսկ երեք անգամից հետո արդեն լավացավ, հիմա ամուսնացել է ու երեխաներ ունի, մեծ գերդաստան ունի։

Էլիդա տատիկի տեգոր մահից հետո նրա կինն է շարունակել ավանդույթը։ Բայց նրանից հետո «մոմ թափելու» արարողությունը դադարել է։ Փոխարենը՝ այնտեղ մոմ են վառում, ովքեր տեսնում են վատ երազներ։ Գալիս ու մոմ են վառում հենց այդտեղ, որպես այդ զնդանի պապենական օջախ։

Մոմ վառելուց խոսելիս, Էլիդա տատիկը հիշեց մի պատմություն մոմ վառելու հետ կապված․

-Մեր գյուղից մի հարս էր, որ արդեն 18 տարի է, ինչ երեխա չէր կարողանում ունենալ։ Մի անգամ իր ծնունդի հավաքույթին ասեցի, որ հինգշաբթի առավոտը գա մեր բակում մոմ վառի։ Դրանից իրեն վնաս չէր լինի, եթե օգուտ չլիներ։ Անիս եկավ, մոմը վառեց, գնաց։ Հետո անցավ մի ամիս, Անին հղիացավ։ Հիմա արդեն երեխա ունի, ում ծնվելու նախօրյակին երազ էի տեսել նրա ծնվելու մասին։ Հետո այդ առավոտ իմացանք, որ երեխա է ունեցել։ Ինչքա՜ն էի ուրախացել։ Նրա հայրը մատաղ արեց, ժողովուրդը հավաքվեցին ու ուրախացան։

Տատը նաև նշում է, որ ամենակարևորը հավատքով մոտենալն է։ Իհարե շատ ուրիշ պատմություններ էլ պատմեց, որ ապացուցում էին զնդանի և հավատքի հրաշագործ ուժը։

Իսկ զնդանը մինչև հիմա էլ այնտեղ էր, ու մոտենալիս կարելի էր տեսնել բազմաթիվ վառված մոմերի հետքերը դրա վրա։