Հրեշտակների աշխարհում

Էլի հայացքներ` բարի, զարմացած, հետաքրքիր: Ինձ էին նայում ուշադիր ու ժպտում: 

-Բա՜րև, էրեխեք: Ես եկել եմ, որ ձեզ հետ խաղամ, ու ով իրեն խելոք պահեց, սիրուն նկարներ կանեմ:

Ես մանկապարտեզում էի, իմ մանկապարտեզում: Ամեն ինչ նույնն էր: Միայն տարիներն էին անցել-գնացել: Ճաշի նույն հոտն էր, նույն աղմուկը, դաստիարակներիս նույն ժպիտները, նույն հարազատ պատերը: Զարմանում եմ, թե ինչու չէի ուզում մանկապարտեզ գնալ: Հիշում եմ՝ ամեն օր մի պատճառ էի հնարում, որ չգնամ, լաց էի լինում, բայց իզուր:

-Էլ մի՛ խաբի, հա՞, Շուշան, արագացրու, հագնվիր, գնում ես մանկապարտեզ:

Ո՛չ դաստիարակներս, ո՛չ էլ ես չենք մոռանում, թե ինչպես էի փախուստ կազմակերպել մանկապարտեզից:

Մի օր դաստիարակը մի քանի րոպեով դուրս էր եկել խմբից, ու մենք մենակ էինք մնացել: Որոշեցի պահը բաց չթողնել, ու բոլոր երեխաներին համոզեցի, որ չմնանք մանկապարտեզում: Մենք կազմ-պարտաստ էինք փախուստի համար:

-Վե՛րջ, էրեխեք, գնացինք: Չվախենաք: Ախր, մենք «մանկոն» չենք սիրում, ինչի՞ մնանք ստեղ: Գնացինք:

Արդեն մանկապարտեզի դռան մոտ էինք, ձեռք-ձեռք բռնած, երբ մեզ նկատեցին ու հետ տարան խումբ: Ինձ, իհարկե, չպատժեցին: Ու ես դրանով չբավարարվեցի: Մի քանի անգամ էլ միայնակ եմ փորձել փախչել: Խեղճ դաստիարակներ, ինչքան էին վազում հետևիցս:

Կանգնել եմ ու ամեն պահը աչքիս առաջ է: Մեկ էլ մի քանիսը ուզում են հետս խոսել:

-Գիտե՞ս, մամաս էսօր տորթ ա թխել: Հեսա գնալու եմ, ուտեմ:

-Բա ինձ չե՞ս նկարում: Ինձ մոռացել ես նկարես:

-Բա դու գիտե՞ս, մոտս ռումբ կա, բերել եմ, հեսա քցում եմ, «մանկոն» տրաքի:

Նայում եմ, հայացքներ են՝ պարզ ու մաքուր: Նայում եմ, ու ես հրեշտակների աշխարհում եմ: