stepan

Ձայն՝ Հայաստանի «կենտրոնից»

Ես ծնվել ու առայժմ մեծանում եմ Հայաստանի «կենտրոնում», իհարկե՝ Գյումրիում: Դե, սկսեմ ձեզ ծանոթացնել ինձ հետ: Ես միջին հասակի, խելացի, կրթված, հավեսով տղա եմ, հա ամենակարևորը՝ «չախալ» եմ: Շատ-շատ կսիրեմ սպորտը, հատկապես ֆուտբոլ ու կարատե: Դե, ֆուտբոլ փոքր ժամանակից խաղացել եմ ու սիրել եմ, իսկ կարատեն իմ ապրելակերպիս մի մասն է, զբաղվում եմ երկար ժամանակ ու հասել եմ շատ-շատ բաների ու իմ ամբողջ ներուժս կներդնեմ ավելիին հասնելու համար, «նենց որ, նավսյակի» զգույշ եղեք: Սովորում եմ իրավաբանական ֆակուլտետում ու ապագայում անպայման այդ ոլորտում կունենամ իմ ներդրումը, «նենց որ», օրենքի ոլորտում էլ լավ օգնող կեղնիմ ընկերներիս:

Դե, շատ ակտիվ մարդ եմ, կսիրեմ ծանոթություններ, նամանավանդ աղջիկների հետ, ի՞նչ թաքցնեմ: Էս ամենը սուտ կեղնիր, եթե չխոսեի ընկերասիրության մասին: Մեծ շրջապատ ունեմ, բայց իմ լավ ընկերներս քիչ են, շատ քիչ չէ, բայց կարևորը, իրենք էն մարդիկ են, ովքեր միշտ կողքիս են ու իմ մի մասն են: Ինչ կուզեի ասել՝ եթե դուք հավատարիմ, ընկերասեր, «ջիգյարով» մարդ եք, ուրեմն մենք կեղնինք լավ ընկեր: Շատ կսիրեմ մոտիկներով հավաքվել ու անցկացնել անմոռանալի օրեր:

Լինելով երիտասարդ, մտածում եմ, որ երիտասարդները պետք է շատ ակտիվ լինեն ու մեծ դերակատարում ունենան պետության կառուցման մեջ: Եվ դրա մեջ կարևոր եմ համարում ոչ ֆորմալ կրթությունը, երիտասարդներին տարբեր ոլորտների մեջ ներգրավելը: Ճիշտ է, ներկայումս այս գործում թեթև առաջընթաց կա, սակայն կա լիքը զարգանալու տեղ: Հիմնականում այս զարգացումն էլ տեղի է ունենում Երևանում, իսկ շրջաններում շատ քիչ, հենց դրա համար էլ տեղի է ունենում ներքին արտագաղթ, որը ավելի է վատացնում վիճակը: Այլ զարգացած պետություններում այս ամենը մեծ օգուտ է տվել, և մենք ուղղակի պետք է հետևենք այդ օրինակին, որը միակը չէ:

Ես ճիշտ է, մասնակցել եմ ու մասնակցում եմ շատ ու շատ ծրագրերի ու նմանատիպ բաների, սակայն բոլորը չէ, որ իմ պես են մտածում ու փորձում հաղթահարել դժվարությունները: Եվ հուսով եմ, որ թե ես իմ ներդրումով, թե մյուս երիտասարդները, կկարողանանք լուծել այս խնդիրը, ու բացի Երևանից, այս ամենը կտարածվի ամբողջ Հայաստանով, ու բոլորը տեղերում կներգրավվեն այս ցանցի մեջ, ու կունենանք ամուր երիտասարդություն, ու ապագա կադրեր հայրենիքի համար: