Ani avetisyan

Ամենահայը աշխարհիս վրա

Որովհետև հայրենասիրությունը բառերով չի չափվում և ոչ էլ չափման միավոր ունի:

Նա սովորական տղա էր, ամենասովորական, այդպես էլ ընտանիք չդարձած մի ընտանիքիցՍովորական տղա էր, սովորական հայ: Չնայած մայրն ուկրաինուհի էր, ու նրան ուրիշ դեպքերում խառնարյուն կասեին, կասեին, թե իսկական հայ չէ: Չէ՞ որ «հայի գենը» հարյուր տոկոս մաքրություն պիտի ունենա: Հայ չէ՝ կասեինԱրտաքինն այնքան էլ հայկական չէր: Մի քիչ նմանություն ուներ ուկրաինացու: Գոնե կիսարյուն:
Նուրբ դիմագծեր ուներ ու աշխարհի ամենաբարի աչքերից: Այդ աչքերի մասին գրքերում էջեր են գրվում, այդ աչքերը տեղով մեկ խաղաղություն են ու սեր: Նրա աչքերն ամենահայկականն էին աշխարհում, հարյուր հիսուն տոկոսով հայկական:  Անունն էլ հայկական չէր, Էդուարդ էր՝ պապի անունը: Միայն վերջերս իմացա, որ Էդուարդ նշանակում է «պահակ»: Ճակատագիր կոչվածին չեմ հավատում, բայց լսել եմ, որ ի տարբերություն ճակատագրի, նախախնամություն՝ ի վերուստ տրված ինչ-որ բան կա իրականում: Հավատում էի: Հիմա համոզվեցի: Նա ինչ-որ բանի, ինչ-որ մեկի պահակն էր իր երկրում. դա էր նախախնամությունը սահմանել իր համար: Հակառակ դեպքում չէր հրաժարվի մոր, եղբոր ու քրոջ հետ մոր հայրենիք մեկնելուց, չէր մնա տատի հետ՝հորեղբոր մեծ ընտանիքում: Ու ոչ ոք էլ նրան մեղադրելու իրավունք չէր ունենալու, չէ՞ որ հավասարապես և՛ հայ էր, և՛ ուկրաինացի: Այդպես էր, չէ՞:

 Այո՝ կասեին: Այո կլիներ պատասխանը, եթե նա գրքի կամ պատմության մի սովորական, մյուս գրքերի հերոսներից չտարբերվող հերոս լիներ: Բայց նրա մասին գրքեր դեռ չեն գրվել, դեռ երկար չեն գրվի երևի: Որովհետև ամենադժվարը հենց նրանց մասին գրելն է, հորինել բոլորն էլ կարող են, բայց իրականությունը վավերագրելն այնքա՜ն բարդ է: Այն երբեմն դուրս է գալիս իրականության սահմաններից, ավելին է դառնում, քան իրականությունն ինքն է: Նրանք՝ սեփական կյանքով անընթեռնելի վեպ դարձածները վեր են մեր պատկերացրած մոխրագույն իրականությունից, նրանցը կապույտն է՝ խաղաղության կապույտը:

Նա խառնարյուն էր, միայն կիսով չափ՝ հայ: Բայց դա միայն թղթի վրա էր այդպես ու դատարկ բառերում: Նկարում, որ ես տեսա (ու, ափսոս, միայն նկարում տեսա նրան) ոչ մի տոկոս, նույնիսկ հազարարերորդականով, նույնիսկ ձևականորեն ուկրաինացի չկար: Զինվորի համազգեստով, զինվորների կողքին նա միայն հայ էր, աշխարհի ամենաբարի աչքերով հայը: Նկարով մարդուն ճանաչելը բարդ է, բարդ է հասկանալը, թե ինչպիսին է նա իրականում, բայց անորակ նկարում անգամ երևում էր, որ հայ է: Իսկ հայ լինել-չլինելը մարդուց է կախված, արյան բաղադրությունն անգամ ամենակարևորը չէ: Հայը նրա աչքերում էր, աշխարհի ամենաթախծոտ ու բարի աչքերում, հայը նրա սրտում էր, ու նրա սիրտն էր հայ: Հայ, ուրիշ ոչինչ:

Զինվորի հագուստով՝ զինվորների, եղբորս կողքին նա միայն հայ էր, հայ էր ինձանից ու քեզանից առավել: Նրա մեջ աշխարհի հետաքրքրության ու հետազոտության առարկա «հայի գենը» չէր հանդուրժել ոչ մի կաթիլ օտարություն, նա հայերեն էր շնչում ու հայերեն ապրում: Հավատա, որ ո՛չ ես, ո՛չ դու, ու ոչ էլ «երկնագույն արյուն» ունեցող հայերն այնքան հայ չեղան, որքան նա էր: Է~:

Իսկ «Եղնիկներում» այդ օրերին առյուծներ էին ծառայում: Իսկական առյուծներն էլ հայրենիք ունեն, հիմա գիտեմ՝ ամենաանվախ առյուծն էլ հայկական արմատներ է ունեցել: Սատանան էլ հայրենիք ունի: Ավելի ճիշտ՝ չուներ, խլեց ու իրեն հայրենիք դարձրեց: Իսկ այդ օրերին առյուծներն ու սատանան կենաց-մահու կռիվ էին տալիս: Դա մեր պատերազմ-խաղաղության, կնքված-չիրագործված զինադադարի մի ամենասովորական օրինակ էր: Դա մեր մահ չդարձող կյանքի, չկորացող մեջքի մի սովորական ապացույց էր:

Չարը չհաղթեց, բայց երկնքից երեք խնձոր էլ չընկավ: Ուստի դա հեքիաթ չէր, որ մարդիկ պատմեցին ու անցան: Հեքիաթ չէր, բայց մի օր վեպ է դառնալու, պատմավեպ հավանաբար: Իսկ վաղը, մյուսն օրն ու դեռ շատ հետո մեր երեխաներին նրանց մասին ենք պատմելու: Պատմելու ենք, բայց ոչ երբեք որպես հեքիաթ, իսկ նա ու նրանք երբեք էլ սովորական գրքերի սովորական հերոսների հետ չեն համեմատվելու:

Իսկ ես մի օր երևի կհիշեմ լուսանկարը, որ այդ օրերին աչքիս առաջ էր, չեմ մոռանա, որ իմ աչքերում այդ սովորական, ոչ հայկական արտաքինով տղան ուրիշ էր, նա լուսանկարի տղայի հետ նույնություն չուներ, կամ, կամ ուղղակի չէի ուզում մահն այդքան մոտիկից տեսնել:

Նա սովորական տղա էր, ամենասովորական, այդպես էլ ընտանիք չդարձած մի ընտանիքից:

Նրան խառնարյուն կկոչեին, եթե մի օր, երբ ընդամենը վեց տարեկան էր՝ թողներ ու գնար մոր հետ՝ մոր հայրենիք: Չգնա՜ց: Մնաց՝ վեց տարեկանի համար չափազանց հասուն պատասխան տալով մորը: Այդ օրից ոչ ոք, ոչ ոք աշխարհիս վրա ու նրանից դուրս՝ չհամարձակվեց խառնարյուն կոչել ամենաբարի աչքերով, ամենահայկական ներաշխարհով, ամենահայ տղային: