Եվ այդ ծեսը, որ կոչվում է ընտրություններ…

Բոլորն էլ իրենց երիտասարդության տարիների վրա ժպիտով են հետհայացք գցում, բոլորը՝ նույնիսկ մենք որոշ ժամանակ հետո, սկսելու ենք երանությամբ հիշել «ուսանող տարիները» ու հաճախ փոշմանելու ենք շատ բաների համար, որոնք կարող էինք անել, բայց այնուամենայնիվ չարեցինք։ Ասենք, ըմբոստանայինք որակյալ կրթության համար, պայքարեինք մեր ձայնի ու արդարության համար։ Միգուցե մենք էլ մեր հաջորդներից պահանջեինք, ավելին, քան մենք ենք արել ու նրանց միջոցով մեր չիրականացրած երազանքները իրականցված տեսնեինք։ Միգուցե մենք էլ սկսենք երիտասարդներին ասել, որ նրանք մեր ապագան են, որ նրանցից է կախված մեր վաղվա օրը, մոռանալով, որ նրանք ներկան են, ինչպես մենք էինք եղել կամ ենք ժամանակին։ Դե մենք էլ երևի նրանց որոշակի դադարներով կասեինք, որ «Ապրեք, մեր արժանի զավակներն եք», կամ էլ, ավելի հաճախ, «Բա մեր ժամանակ էդպե՞ս էր»՝ կախված այն բանից թե, ինչ չափով նրանք կատարեցին մեր երազանքները։ Դա միայն այն ժամանակ, երբ մենք կլինենք ոչ ներկա, ոչ ապագա։

Երիտասարդ լինելը դժվար, հետաքրքիր ու հաճելի «գործ» է։ Այ, օրինակ, ես, ակադեմիական կրթությունս ստանում եմ ԵՊՀ-ում, որպես արվեստաբան։ Բայց ապագա մասնագիտությունիցս բացի, շատ ու շատ հոբբիներ ունեմ, որոնք վաղ թե ուշ կդառնան մասնագիտություն։ Դրանցից ամենաակտուալը այս պահի համար քաղաքացիական ակտիվությունն է կամ ակտիվ քաղաքացիությունը․անվանեք այնպես, ինչպես դուք կցանկանաք։ Ու պատճառ է դա, թե հետևանք, արդեն երկրորդ տարին է՝ ներգրավված եմ դիտորդական առաքելությունն իրականացնողների մեջ։ Առջևում ընտրություններն են, ու անկախ դրանից՝ անցյա՞լ ես, թե՞ ապագա, ունես ընտրելու իրավունք։ Ամեն ինչ սկսում է վերջինիս տեսակարար կշռի գիտակցումից։

Որպես արվեստաբանի, աչքիս ընկել է ոչ միայն ընտրական օրենսգրքի մի շարք շարադասական ու իմաստային սխալները, այլև մի շարք բացերը, որոնք ոչ միայն վանում են ընտրողին ընտրությունից, նաև բարդացնում հանձնաժողովի անդամների, ընտրողների ու նույնիսկ դիտորդների աշխատանքը։

Ամենաառաջինը հենց օրենսգրքի հոդվածներին է վերաբերում՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 3-րդ, մաս 3-րդի համաձայն բոլորը, անկախ քաղաքական հայացքից ունեն ընտրվելու իրավունք, բայց նույն օրենսգրքի 14-րդ գլխի 81-րդ հոդվածն ասում է, որ ԱԺ պատգամավորության թեկանածու կարող են դառնալ կուսակցությունները ու կուսակցության դաշինքները։ Այսինքն, իմ իրավունքն է՝ լինել անկուսակցական, բայց ԱԺ պատգամավոր դառնալու համար պետք է լինել կուսակցական։ Այսինքն, խախտվեց իրավունքս։

Մյուս խնդիրները վերաբերում են ընտրության բուն ընթացքին ու, մեղմ ասած, դրա խրթինությանը։ Հիմա ուղղակի պատմեմ, թե ինչպես է նախատեսված կամ ինչպես պետք է լինի ընթացքը, այնուհետև անցնեմ իմ «արվեստաբանական» դիտարկումներին։

Ընտրողը՝ գալով քվեարկության սենյակ, մոտենում է մասնագետին կամ, այսպես ասած, օպերատորին (չգիտեմ՝ ինչու, տարածված է դարձել տեխնիկական սարքի մոտ նստող հանձնաժողովի անդամին կոչել օպերատոր) և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը։ Անձ հաստատող փաստաթուղթ կարող է հանդիսանալ նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը և նույնականցման քարտին փոխարինող ժամանակավոր գրությունը։ Հանձնաժողովի անդամը անձը հաստատող փաստաթուղթը ներմուծում է սարք։ Դրանից հետո սարքի էկրանին կարող է առաջանալ 3 տեսակի նշաններ․ եթե հայտնվում է կարմիր նշանը, ապա՝ «խաղն ավարտված է․ դու երկրորդ անգամ ես քվեարկում», և քեզ ընտրատեղամասից դուրս են հանում բարեհամբույր ոստիկանները։ Եթե դեղին նշան է հայտնվում, ապա այնտեղ, ուր դու ես հայտնվել, քո ընտրատեղամասը չէ․ նորից փնտրիր անունդ ցուցակներում։ Հնարավոր է նաև, որ ինչ-որ խնդրի պատճառով սարքը չկարողանա կարդալ անձնագիրդ ու «օպերատորը» ստիպված է ինքը հավաքել անձնագրի տվյալները սարքի մեջ։ Եթե հայտնվեց կանաչ նշանը, ապա շնորհավորում եմ, խաղի առաջին փուլը բարեհաջող անցար։ Դու տեղադրում ես քո աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքը, ճիշտ է, սև ու սպիտակ, բայց տպում է կտրոն, որի վրա քո նկարն է․ հաճելի է, չէ՞․ հուշ ընտրություններից։ Հետո մոտենում ես հանձնաժողովի մյուս անդամին ու տալիս կտրոնը, նա գտնում է քո անունը, դու ստորագրում ես քո անվան դիմաց։ Հանձնաժողովի նույն անդամը քո կտրոնի վրա ու քո անվան դիմաց դնում է իր անհատական կնիքը։ Դու վերցնում ես քո կտրոնը, անցնում հանձնաժողովի հաջորդ անդամի մոտ։ Նա քեզ տալիս է, ուշադրություն, բոլոր կուսակցությունների քվեաթերթիկներ ու մեկ ծրար, դու վերցնում ես քո «եղն ու բրինձը» ու գնում քվեարկության խցիկ։ Նախ ընտրում ես այն կուսակցության կամ կուսակցության դաշինքի թերթիկը, որին ուզում ես քվեարկել։ Թերթիկի առաջին էջում որևէ նշում չկատարե՛ս, բայց եթե ուզում ես, տարածքային թեկնածուին ընտրելու համար շրջում ես թերթիկը, գտնում նրան և նրա անվան դիմաց կատարում միատեսակ նշում։ Ապա քվեաթերթիկը առանց ծալելու դնում ես ծրարի մեջ, չօգտագործված թերթիկները գցում արկղի մեջ։ Ծրարը անկյունում կտրվածք ունի, որը կանխորոշում է քվեախցիկի մոտ աշխատող հանձնաժողովի անդամի գործը։ Նա, առանց քեզնից վերցնելու քո ծրարը, քվեաթերթիկին սոսնձում է դրոշմանիշը։ Դու գցում ես ծրարդ քվեատուփի մեջ ու եթե հաղթահարեցիր բոլոր բարդությունները, ապա կեցցես, կարող ես գնալ տուն (տեքստիս այս հատվածում, բնականաբար առանց սուբյեկտիվ զեղումների, օգտվել եմ ԿԸՀ-ի կողմից թողարկված տեսանյութից)։

Պետք է ընդունենք, որ այս ամենը նույնիսկ մեր սերնդակիցներին բացատրելը դժվար է, ուր մնաց, թե մեր մայրիկ-հայրիկներին, տատիկ-պապիկներին և բոլոր հարևաններին։ Գործընթացը ավելի պարզեցնելու համար, ընտրությունները փորձարկվեցին Սեմյոնովկայում, որտեղ սարքի հետ կապված մի շարք խնդիրներ առաջացան՝ կենսաչափական անձնագրերի դժվար կարդալուց սկսած և անձնագրերի պատճենները ընդունելուց վերջացրած։

Չնայած այս ամենին, կան մի շարք խնդիրներ, որոնք բնավ էլ կապված չեն սարքի հետ և որոնց մասին չնշել իսկապես չեմ կարող։

Նախ սկսեմ այնտեղից, որի մասին երևի սկզբից պետք էր խոսել։ Այս մեծ ծավալներ ընդգրկող ծեսին մասնակցելուց հետո նույնիսկ դու, միևնույնն է, վստահ չես կարող լինել, որ քո ձայնը հաշվվեց։ Քանի որ ինքնասոսնձվող դրոշմանիշի «դիմացկունությունը» դեռ ոչ ոք չի ստուգել, ու եթե նույնիսկ հաշվարկման ընթացքում այն պոկվի, քվեաթերթիկը կդառնա անվավեր։ Երկրորդ․ քվեախցիկից դու հեշտությամբ կարող ես դուրս հանել քո՝ չքվեարկած թերթիկները, այդպիսով դարձնելով քո քվեարկությունը բաց, կամ ամենաքիչը, կուսակցական ընկերոջդ ապացուցելու, որ նրանց օգտին քվեարկեցիր։ Հետո․․․ Փորձնական ընտրության ժամանակ պարզ դարձավ, որ աշխատանքից կոշտացած ձեռքերի մատնահետք կարդալը շատ դժվար է, բայց առանց մատնահետքի ընտրություն կատարել չես կարող։
Եթե այս ամենին կողքից հետևես, ապա հաստատ մտքովդ մի պահ կանցնի, որ ամեն բան արված է, որ քաղաքացին հենց իր կամքով հրաժարվի իր իրավունքից ու չգնա քվեարկության: Եվ եթե նույնիսկ իր մեջ ուժ էլ գտնի ու գնա, ապա ամեն ինչ արվի, որ իր ձայնը անվավեր ճանաչվի։

Ու այդ ամենին ավելանում է ընտրության օր նշանակողների «ստեղծագործական» մոտեցումը․ ընտրության նշանակված օրվանից մի տարի առաջ սահմանին պատերազմ էր, մեր մտքերում խառնաշփոթ, իսկ մի տարին այդ ամենը մոռանալու համար երկար ժամանակ չէ, չէ՞։
Երիտասարդ լինելը դժվար ու պատասխանատու «գործ» է, նամանավանդ հիմա, երբ դու պատասխանատու չես, իսկ ժամանակները առավել քան դժվարին են։

Հ․Գ․ Կարծում եմ, այս ամենի մասին իմանալը բոլորիս գործն է, բայց այս ամենը առավել քան անհրաժեշտ է դիտորդներին, քանի որ նրանք ընտրությունների ժամանակ հասարակության ամենամոտ կանգնած ու արհեստական խնդիրներն առաջին ձեռք լուծողներն են։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կազմակերպությունը, որը իմիջիայլոց, կազմակերպում է դիտորդների հավաքագրումը, հայտարարում է, որ եթե դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ Հայաստանում չեն, կամ եթե Հայաստանում են, սակայն չեք/չեն մասնակցելու 2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին, կամ եթե ընտրողների ցուցակում հայտնաբերել եք մահացած կամ Հայաստանում չգտնվող անձանց, ապա այդ մասին նշեք իրենց համակարգում՝  https://citizenobserver.am/hy/elections/register ` օգնելով մեզ բացահայտել այլոց փոխարեն կատարվող քվեարկությունները: