Anush abrahamyan

Մազի չափ հայրենիքը

Աշոտիկը ոչ մեկի հետ չի խոսում. մենակ նստել է դեզի կողքին, մռութները կախ ու մեկ-մեկ էլ քար է շպրտում քուջուջ անող հավերի ուղղությամբ։ Որոշում է. «Տատիկի հետ չեմ  գնա ո՛չ կանաչի ջրելու,  ո՛չ հավերի կերը առնելու. չեմ գնա ու վերջ։ Տատին ինչ ուզում է ասի, չեմ խաբվելու, հետը դաշտ չեմ գնալու»:

Հանկարծ լսվում է մոր ձայնը (կեսօրվա ծանր աշխատանքից հետո հազիվ է քայլում).

-Աշոտի~կ, Աշոտի~կ։

Աշոտիկը, ձեռքերը խաչած կրծքին, չի պատասխանում։

-Աշոտի՛կ, ո՞ւր ես, այ տղա. տատդ քո սիրած ճաշն է սարքել, մեջը սոխ չի լցրել։ Ու՞ր ես, դուրս արի։

Աշոտիկը շարունակում է նստած մնալ. խորն է նեղացել բոլորից։ Աշխարհում բոլոր բոլորից է նեղացել։ Մայրը խորը շունչ քաշեց, գլուխը տարուբերեց ու քայլեց դեզի ուղղությամբ։

-Ա՛յ տղա, ես էսքան ձեն եմ տալիս, չես էլ պատասխանում, հա՞։

Աշոտիկը ուղիղ նայեց մոր աչքերին.

-Հա՛, չեմ պատասխանում։ Ձեր հացը կերե՛ք, ինձնից գործ չունեք։

-Էտ մենք քեզ ի՞նչ ենք արել. թանիդ թթո՞ւ ենք ասել, որ մեզ հետ գործ չունես։

-Դուք թողեցիք, որ պապան գնա, հետը հաց դրեցիք, խանութում պարտք արեցիք ու թողեցիք, որ գնա… Էտ… Էտ…,- Աշոտիկը շփոթվեց. անունը չգիտեր,- էտ հեռու տեղը՝ Վրաստան է, ի՞նչ է։

Մայրը ժպտաց.

-Վրաստան չէ, Ռուսաստան։

-Ի՞նչ տարբերություն. մե՞ր հայրենիքն է։ Ասում եք՝ մեր հայրենիքը մազի չափ է, բա որ մազի չափ է, ինչի՞ են  բոլորը գնում։ Էրեկ ձյաձ Արշակը գնաց, նախորդ օրը՝ Սուրեն հոպարը, վաղն էլ Վազգեն հոպարը կգնա ու Արուսիկին էլ հետը կտանի (Արուսիկը իր միակ խաղընկերն էր ողջ թաղամասում)։

Մայրը մի պահ չիմացավ ինչ ասի. սրտի խորքում լավ էլ համաձայն էր։

-Աշոտիկ ջան, դու սիրում ես, չէ՞, Նոր տարին, ձյունը, ձմեռը։ Քո սիրելի եղանակին  ձյունը դնելուն պես հերդ հետ կգա ու հետն էլ քեզ խաղալիքներ կբերի։

-Ո՞նց… Բա սեպտեմբերին մենա՞կ եմ  դպրոց գնալու,- սա անսպասելի ու տխուր բացահայտում էր Աշոտիկի համար, ուստի ձայնը փոխվեց, ավելի աղերսական դարձավ։

-Ես քեզ կտանեմ։

-Դու պապան չես։

-Հա~, դե մենակ դու ու քո հերը,- նեղսրտեց մայրը։

-Հա՛, հա՛, ես ու իմ հերը,- գոռաց Աշոտիկը արդեն լացելով։ Հրեց մոր՝ իրեն ուղղված ձեռքը ու վազեց պատի ուղղությամբ։ Իր լղարությունն անտեսելով՝ բարձրացավ պատին, որ փախչի բոլորից, չխոսի ոչ մեկի հետ։

Հանկարծ ոտքը սայթաքեց ու  պատից ցած ընկավ…

Բացեց աչքերը. տատը գլուխն էր շոյում` դեմքը թաքցնելով։ Նայեց կողքին նստած մորը, ով արցունքներն աչքերին հազիվ էր ժպտում։ Աշոտիկը առաջին անգամ երիտասարդ մոր դեմքին կնճիռներ տեսավ։ Հիշեց, որ հայրը ձյան հետ նոր գալու է, հարևան Արուսիկը վաղը գնալու է…  Հասկացավ, որ բակում երկար ժամանակ չի կարողանա խաղալ, ու լցվեց սիրտը։ Առաջին անգամ մանկան բռունցքի չափ սիրտը կարոտով, ցավով ու սպասումով լցվեց։ Տատին գրկելով՝ լաց եղավ բարձրաձայն, երկա~ր-երկա~ր…