OfelyaSargsyan

Հիշողություններ դպրոցական տարիներից

Ողջույն, սիրելի ընթերցող։ Ես Օֆելյան եմ, սովորում եմ ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի առաջին կուրսում: Շատ եմ կարոտում դպրոցս, ընկերներիս, ուսուցիչներիս, այն լավ ու վատ օրերը, որ ունեցել եմ այդ 12 տարիների ընթացքում: Նախկինում մտածում էի՝ երբ պետք է ավարտեմ դպրոցս։ Այո, արդեն մեկ տարի է, ինչ ավարտել եմ, բայց շա՜տ եմ կարոտել դպրոցական տարիներս: Համալսարանում նույնպես լավ է, բայց դպրոցական տարիներն ուրիշ են: Հիշում եմ այն պահերը, երբ կանչում էին գրատախտակի մոտ, բայց շատ մեծ դժկամությամբ էինք գնում, հիշում եմ քիմիայի, կենսաբանության ժամերը, երբ դասը ուսուցչուհին բացատրում էր, բայց մենք մտքով ուրիշ տեղ էինք. մտածում էինք, թե ինչպես փախչենք դասերից, որ չնկատեն: Դասի ժամանակ անընդհատ քչփչում էինք և անընդհատ նայում էինք մեր ժամացույցներին, թե երբ պետք է ավարտվի տվյալ դասը, որպեսզի շուտ տուն գնանք: Բայց հիմա, երբ մտովի տեղափոխվում եմ, մտածում եմ՝ ինչո՞ւ էինք այդքան շտապում, ի՞նչ պետք է անեինք տանը: Ես վերջապես հասկացա, որ պետք չէր այդքան շտապել, այլ ուղղակի մեր ժամանակը ճիշտ պահին, ճիշտ ձևով օգտագործել: Հասկացել եմ, որ պարզապես հարկավոր էր ընկերներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, թեկուզ դասերից փախչելով: Ասացի դասերից փախչել՝ հիշեցի այն օրը, որ բոլորով փախել էինք և գնացել այգի: Դասղեկս անընդհատ զանգում էր հերթով բոլորիս հեռախոսահամարներին, բայց ոչ մեկս չէինք պատասխանում: Խեղճ դասղեկս ինչքան է մեր պատճառով իրեն վատ զգացել: Բայց պատկերացրու՝ դրանք են հետո հիշվելու: Իսկ համալսարանը կյանքի լրիվ ուրիշ էտապ է, այնտեղ արդեն խենթությունները պակասում են:

Համալսարան գնալով դառնում ենք ավելի կշռադատված ու լուրջ: Դպրոցում, երբ սխալ ես գործում, մտածում ես, որ ոչինչ, դեռ փոքր ես, ամեն ինչ կուղղես: Իսկ համալսարանում արդեն պետք է ավելի ուշադիր լինես: Ցանկանում եմ նորից մի քանի րոպեով տեղափոխվել դպրոցական տարիներ ու թեկուզ այն պահեր, երբ դասը չէի սովորում, ուսուցիչս կանչում էր, որ դաս պատասխանեմ, իսկ երբ սովորած էի լինում, չէր հարցնում: Սովորեցի, որ պետք է գնահատել այն պահերը, որոնք մեզ տրված են, նույնիսկ այն պահերը, որոնք երջանկություն չեն պարգևում մեզ, քանի որ միայն պահի անցնելուց հետո ենք հասկանում ու գիտակցում անցածի քաղցրությունը: