Մալիշկայի տարեգիրը

Լուսանկարը՝ Մուշեղ Կուրեխյանի

Լուսանկարը՝ Մուշեղ Կուրեխյանի

Այս պատմության հեղինակը պատերազմի վետերան Գրիշա Հովհաննիսյանն է: Նրա 90-ամյա կինը՝ Օվսաննան, ամուսնու գրածի հիման վրա պատմում է Մալիշկա գյուղի պատմությունը: Բայց մինչ պատմությանն անցնելը տիկին Օվսաննան պատմում է ամուսնու մասին:

-Ամուսինս բանակ է գնացել 1939 թվականին: 1941 թվականին պետք է վերադառնար, բայց հայրենական պատերազմի սկսելու պատճառով մնաց այնտեղ վեց տարի: Այդ տարիների ընթացքում նա տեսել է Լենինգրադի շրջափակումը: 1945 թվականին ձախ թևի վիրավորմամբ վերադարձել է տուն: Գրիշայի հետ պատերազմ գնացածներից շատ քչերը հետ եկան: Իսկ նա գալուց հետո նշանակվեց ռազմագիտության ուսուցիչ, հետո ռայկոմի բաժնի վարիչ: Երկու տարի անց ազատման դիմում գրեց ու ազատվեց վարիչի պաշտոնից, որից հետո սովորեց և ավարտեց պատմության հեռակա բաժինը ու 40 տարի աշխատեց որպես պատմության ուսուցիչ: Այդ տարիների ընթացքում նա շատ է գրել, իր գրած մի հոդվածի համար արժանացել է մրցանակի:

Գրիշա Հովհաննիսյանը իր գրածը վերնագրել է «Մալիշկան անցյալում»:

«735 թվական: Ողբերգական մի տարեթիվ Եղեգյաց գավառի համար: Օգոստոսի կեսերին՝ ուշ երեկոյան, ժայթքեց Դալիթափան, ու լավան իր կրակե բոցերի մեջ առավ տասը հազար բնակչություն ունեցող Մոզ ավանը: Բնակչության գերակշռող մասը մնաց քարե կառկառների տակ, միայն շատ քիչ ընտանիքների հաջողվեց փրկվել: Փրկվածները բնակություն հաստատեցին Մոզից հյուսիս-արևմուտք ընկած բլրի լանջին: Բնակիչները շաբաթներով, ամիսներով ահ ու սարսափի մեջ էին: Եվ մեկը մյուսին հանդիպելիս, հրաբխի թողած սարսափի հետևանքով, ձեռքը մեկնելով հրաբխից ավերված Մոզ ավանին, ասում էին. «մե-ել-իշկա»: Եվ այդ բառը հաճախ էր կրկնվում:

Հեռու-մոտիկ գյուղերից գալիս էին փրկված բնակիչների մոտ՝ տեսնելու ողբերգական վիճակը: Նրանք նույնպես լսում էին բազմիցս կրկնված բառը և արտասանում էին Մալիշկա: Այդ օրվանից նոր բնակավայրը անվանում են Մալիշկա:

Անցնում են տարիներ, ավելանում է բնակչությունը: Կառուցվում են երկհարկանի շինություններ: Բնակիչները փորձում են ամեն ինչ նմանեցնել Մոզ ավանին:

Գյուղի անվանակոչման մասին կան շատ կարծիքներ: Ըստ դրանցից մեկի՝ Մալիշկա անունը դրվել է 1828 թվականից հետո, այսինքն՝ բնակչության՝ այնտեղ հաստատվելուց հետո: Այդ կարծիքը ճիշտ չէ: Մալիշկա անունը եկել է դարերի խորքից, նորեկները այն իրենց հետ բերել են Պարսկաստանից: Զարմանալի ոչինչ չկա: Մեզ, մեր որդիներին հայտնի է, որ մեր պապերը գաղթել են Սավրայից, Սալմաստից, Արդաբիլից, որ մեր պապերի նախնիներին Շահ Աբասը գաղթեցրել է հարևան գյուղերից:

1832 թվականին Արևմտյան Հայաստանից Մալիշկա է գաղթել Մխոն իր եղբոր՝ Սերգեյի հետ: Սկզբում նրան չեն ընդունել, իսկ հետո, Ռոսափի միջամտությամբ, որը ազդեցիկ մարդ էր ու մեծ հարգանք ուներ բնակիչների շրջանում, թույլատրում են մշտական բնակություն հաստատել:

1903 թվականին Մալիշկա է գալիս Խաչատուր անունով մի անձնավորություն: Ամեն գիշեր նա գիշերում էր մեկի տանը և տվյալ տանը եղած երեխաներին սովորեցնում էր այբուբենը: Նրանից գրաճանաչություն սովորեցին Վարդան Նազարյանը, Սուրեն Սարգսյանը, Գրիգոր Ղազարյանը, Սուրեն Արզումանյանը և այլք»…

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Ամուսնու գրածը կարդալիս Օվսաննա տատիկի աչքերը լցվեցին արցունքներով: Թերթելով ամուսնու գրածները՝ նա շատ հուզվեց: Նաև ասաց, որ իր վեց թոռները այժմ ծառայում են բանակում:

-Իմ թոռներին և մնացած զինվորներին առողջություն, հաջողություն, անփորձանք ծառայություն և խաղաղություն եմ մաղթում:

Տիկին Օվսաննան երկար նայում էր ամուսնու՝ Գրիշա Հովհաննիսյանի գրածներին և հազիվ շարժելով շուրթերը՝ կարծես փորձում էր կարդալ ու վերհիշել ամուսնու ձեռագիրը: