davit avagyan

Մայրը

Ես սիրում եմ կենդանիներ: Դեռ փոքր հասակից շատ եմ սիրել ճագարներ: Ծնողներիս խնդրում էի, որ ինձ համար ճագար պահեն, իսկ նրանք ասում էին, երբ մեծանաս, ինքդ կպահես:

Արդեն երկու տարի է` ճագարներ եմ պահում: Դասերից բացի, իմ ամենօրյա զբաղմունքն է ճագարներին խնամելը: Ամեն օր պետք է կանաչ խոտով ապահովեմ նրանց, հաճախակի կերակրեմ: Ճագարները փոքր երեխաների նման մեծ խնամք են ուզում:

Մի անգամ բարեկամներիցս մեզ հյուր էին եկել: Երբ տեսան ճագարի ձագերին, շատ ուրախացան: Նրանք էլ էին ցանկանում ճագար պահել և խնդրեցին, որ ձագերից իրենց տամ: Իհարկե, ես մերժել չէի կարող: Հաջորդ առավոտ ես ճագարի երեք ձագերին հանեցի բնից ու տվեցի բարեկամներիս: Նրանք գնացին: Ինչպես նշել էի, ճագարները հաճախակի են ուտում: Թարմ ու կանաչ խոտ տվեցի ճագարներին: Բոլորը արագ մոտեցան խոտին, բացի այն մայր ճագարից, որի ձագերին տվել էի բարեկամներիս: Սկզբում այդքան էլ կարևորություն չտվեցի: Հետո նկատեցի, որ աշխուժության պակաս ունի մայր ճագարը: Երեկոյան նորից ոչինչ չկերավ: Չհասկացա` ինչն էր պատճառը, բայց անհանգստացա: Ամբողջ գիշեր չէի կարողանում քնել: Մտածում էի մայր ճագարի մասին, մտածում էի, թե սոված ոնց պիտի քնի: Հաջորդ առավոտ վաղ արթնացա և անմիջապես վազեցի ճագարների բնի մոտ: Մայր ճագարն անշնչացած ընկած էր բնում, սատկել էր: Հետո մտածեցի ու հասկացա, որ կենդանիներն էլ սիրտ ունեն, որ կենդանական բնազդն էլ կարող է ուժեղ լինել և կենդանու համար էլ կորստյան ցավը կարող է սպանիչ լինել: