Գարնանային էսքիզներ

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Այս տարի թռչուննե՞րն ուշ եկան, թե՞ ծաղիկները ուշ բացվեցին։ Իսկ միգուցե արև՞ն էր մոռացել այս փոքրիկ ձորի մասին։ Բոլորը գարնանն էին սպասում, բայց ինչո՞ւ էր նա այսքան ուշանում։ Երկա՜ր, հույսով սպասեցինք, և նա վերջապես եկավ։ Գետը վարարեց, նրա պղտոր ջրերից զգացվեց գարնան գալը։ Գետի խշշոցին անվերջ կարելի է ականջ դնել։ Այդ խշշոցը կարծես մի քնքուշ ու բարի մեղեդի լինի, որը պատմում է գյուղի ու նրա հին օրերի մասին։ 

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ե՞րբ է գարունը գալիս։ Գարունը գալիս է այն ժամանակ, երբ մեր գյուղի տղաները շտապում են մեր փոքրիկ ֆուտբոլի դաշտ՝ ֆուտբոլ խաղալու։

-Գո՜լ, ուռա՜, գոլ՜,- անգամ մեր բակից լսվում են նրանց ձայնը։

Գիտե՞ք՝ գարունը երբ է գալիս։ Երբ դպրոցի դիմացի «փամփլիկ» ծառը բողբոջներ է տալիս։ Անհամար մեղուներ հավաքվում են այդ ծառի վրա, և մենք, նրանցից մի կերպ խուսափելով, դուրս ենք գալիս դպրոցի բակից։ «Փամփլիկ» ծառ. մենք այդպես ենք անվանում այդ ծառը։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Գարունը գալիս է այն ժամանակ, երբ տատս ասում է, որ խնջլոզը դուրս է եկել ու պետք է գնանք այն հավաքելու։ Խնջլոզը գարնան առաջին համեղ բույսն է։ Երկար աշխատանք է պահանջվում, մինչև խնջլոզը տեղ է գտնում մեր գարնանային փոքրիկ սեղանին։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Գարունը գալիս է առաջին տապակած բանջարի հոտով։ Վախենալով, որ բանջարը կցավեցնի մեր ձեռքերը, մենք միևնույնն է՝ խիզախորեն հավաքում ենք այն՝ մրցելով իրար հետ։ Տեսնես՝ ո՞վ ամենաշատ բանջարը կհավաքի և կարժանանա մայրիկի գովեստին։

Գարունը գալիս է, երբ Չապո պապիկը նստում է մեր տան դիմացի նստարանին, հանում է չիբուխը և մտախոհ հայացքով նայում հեռուները։ Գարունը գալիս է ձնծաղիկի, մանուշակի ու ջանգյուլումի հոտերով, և երբ ուսուցիչների ձեռքերին երևում են դրանց փոքրիկ փնջերը։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Գարունը գալիս է այն ժամանակ, երբ այգու գործերից հոգնած գյուղացին սրբում է ճակատի քրտինքը և շարունակում աշխատել՝ իրեն այդքան հարազատ հողի հետ։

Գարունը գալիս է, երբ լսվում է տրակտորների «դռդըռոցը», որը երեխաները շատ են սիրում և ուրախ դեմքերով ձեռքով են անում տրակտորիստին։ Երբ արևը դուրս է գալիս ու այնքա՜ն պայծառ է լինում, որ թվում է, թե երբեք ամպամած չի լինի, բայց դու գիտես, որ մեկ-երկու ժամից անձրև կգա. ուրեմն արդեն գարուն է։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Գարունը սկսվում է եկեղեցու զանգերի ղողանջով ու ճրագալույցի պատարագով։

Չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց երբեք քաղաքի գարունը այնպես չեմ զգացել, ինչպես գյուղինը։ Քաղաքի գարունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ նայում եմ տատիկիս զմրուխտե կանաչ աչքերին։

Գարունը գալիս է…