margarita voskanyan lori

Մառնեուլը լոկ շուկա չէ

Շատերին է հայտնի, որ Լոռուց ավելի շուտ կարելի է հարևան երկիր՝ Վրաստան հասնել, քան մայրաքաղաք Երևան: Իսկ իմ գյուղից՝ Արևածագից՝ հատկապես: Ու գնալով այդ պարադոքսը ավելի լայն տարածում ստացավ, ու միայն իմ համագյուղացիների մեծ մասը շաբաթվա ընթացքում մի քանի անգամ լինում են Վրաստանում: Ես էլ վարակված` մեծ ոգևորությամբ ուզում էի գնալ Վրաստան: Եթե անկեղծ, ապա Վրաստանի մասին մտածելիս ես միշտ պատկերացրել եմ Թբիլիսին՝ իր կոլորիտային փողոցներով: Բայց առաջին այցելությունս ինձ իմ մտքերի Վրաստանը չտարավ: Մենք էլ շատերի նման գնում էինք Մառնեուլ: Մառնեուլը քաղաք է Վրաստանում: Սակայն շատ շատերի համար այն ասոցացավում է շուկայի, առևտրի հետ: Մինչև գնալս ու գնալու ժամանակ շատերն էին ասում, որ փոշմանելու եմ: Է հա, ինչ կա որ էնտեղ` ցեխ, էստեղ-էնտեղ թափթփված արկղեր, աղբի կույտեր ու անհամար ջրափոսեր:

Առաջին տպավորությունս անբացատրելի վատն էր: Երբ ուզում էի մեքենայի դուռը բացել ու դուրս գալ, հանդիպեցի մի մեծ պատնեշի՝ սոխի կեղևներով մի սար էր գոյացել: Սկզբում շատ անտարբեր հայացքով քայլում էի` ոչինչ չնկատելով շուրջս: Բայց դա միայն սկզբում, հիմա ասում եմ` երանի ինձ ու իմ աչքերին, որ այնտեղ էին: Կույրն անգամ կարող էր հասկանալ, որ սա միայն շուկա չէ, այստեղ մի բան կա, որ մարդու հոգուն է ձգում: Երբ նույն տեղով արդեն երրորդ անգամ էի անցնում, նկատեցի երկու մարդու, որ կանաչի էին վաճառում: Ազգությամբ ադրբեջանցի էին, արևելյան երաժշտություն էին միացրել ու թուրքական թեյի բաժակներով թեյ էին խմում: Երանելի տեսարան էր: Հետո մի քիչ հեռվում հայ ու ադրբեջանցի կանայք հագուստ էին վաճառում: Հագուստը, մեղմ ասած, բանի պետք չէր ու փռված էր գետնին: Իմ ուշադրությունը բնավ էլ դրա վրա չէր սևեռված, այլ այն բանի, որ հայն ու ադրբեջանցին, թշնամի լինելուց բացի, կարող են նաև հաշտ «գործընկերներ» լինել: Մի ուրիշ վայրում էլ ամուսիններով էլի ինչ-որ ապրանքներ էին վաճառում: Թառը ձեռքներին` մեկ ամուսինն էր նվագում, մեկ՝ կինը: Ու օդը լցված էր այդ երաժշտությամբ: Չգիտեմ` երբևէ հայտնվե՞լ եք մի վայրում, որտեղ կանգնած ես, ու ականջներիդ հասնում են մի շարք լեզուներով բառեր՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն, ռուսերեն: Ու ես երբևէ չէի պատկերացնի, որ այդ երևույթը ինձ գերագույն հաճույք կպատճառի: Երբ քայլում ես Մառնեուլի շուկայի փողոցներով, քեզ զգում ես Թուրքիայում, հետո` Հայաստանում, հետո և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում միաժամանակ: Անբացատրելի զգացողություն է:

Ինչ թյուր կարծիք էր ստեղծվել այդ քաղաքի մասին: Ու հենց այդ պահին, հենց այդ վայրում ցանկացա շատ բարձր գոռալ, որ բոլորը լսեն, որ բոլորն իմանան, որ Մառնեուլը ուղղակի քաղաք չէ, շուկա չէ, այն տարբեր ազգերի, տարբեր ժողովուրդների ու նաև, այսպես կոչված, «թշնամի ժողովուրդների» կենցաղի ու մշակույթի միաձուլում էր, համատեղում էր: Ու այդ ամենն այնքան նուրբ ու հավես էր ստացվել, որ ուզում էիր անընդհատ շրջել այդ ջրափոսերի միջով, շրջանցել աղբակույտերն ու հետևել նրանց: Ու այդ պահին ինչքան ափսոսացի, որ չեմ վերցրել ֆոտոխցիկս, այդ մարդկանց, այդ համատեղված կենցաղն ու մշակույթը իսկապես անմահացնել էր պետք: Այնքան կուզեի լիքը հարցեր տալ, որովհետև համոզված էի, որ մեծ սիրով կպատասխանեն: Հաջորդ անգամ հաստատ կուղղեմ սխալս ու շատերին ապացույցներով կպատմեմ Մառնեուլի «կարևորության» մասին: Կյանքումս այդքան հագեցած ու նոր բացահայտումներով օր չէի ունեցել: Օրվա վերջին հրաշքը կապոցով թուրքական թեյի բաժակներին էին: Դրանցով թեյ խմելուց հավես բան չկա: