Մարատը

Մարատին ճանաչում եմ փոքր հասակից՝ առաջին դասարանից, և պատմել նրա մասին անցյալով չափազանց դժվար է։

Դպրոցում առաջինն էր, ում հետ ծանոթացել եմ ու կիսել աշակերտական սեղանս։ Այն ժամանակ լեզու չէինք գտնում. ինքը շատ անհանգիստ էր դասերի ընթացքում, իսկ ես՝ չափից դուրս հանդարտ։ Սիրում էր տարբեր թեմաների շուրջ խոսել, տարբեր կարծիքներ լսել ու վերլուծել այնքան, մինչև որևէ եզրակացության հանգեր։ Իսկ իր ընտրած թեմաներն այնքան գրավիչ էին լինում, որ մեր քննարկմանը միանում էին մոտակա բոլոր սեղաններից։ Երբեմն լռություն պահպանելու համար այդ ամենը գրում էինք թղթերի վրա ու միմյանց փոխանցում։

Մարատը շատ լավ էր նկարում ու գրելուց բացի միշտ ինչ-որ զարմանալի գրաֆիկական պատկերներ էր նկարում (օրենքով գողերի նշանը՝ աստղ, գայլեր, խաչեր, առյուծներ…) Վերջում բոլորն ինձ մոտ էր հավաքվում ու հիմա աղմկոտ թղթերի այդ կույտը լուռ դրված է իմ պահարանում ու երբեմն-երբեմն բացվում է, վերընթերցվում՝ մեզ ինչ-որ բան, ինչ-որ մեկին հիշեցնելու համար…

Երկուսս էլ ինքնամփոփ էինք, բայց որքա՜ն էր նյարդայնանում, երբ չէի խոսում այն ժամանակ, երբ դրա կարիքը կար, երբ իր որևէ հարցի պատասխանը գիտեի, բայց լռում էի։ Նա առանց դժվարություններից վախենալու՝ միշտ մեծ նպատակներ էր իր առջև դնում: Ուզում էր Չեխիայում կամ Գերմանիայում բիզնես հիմնել, ինձ էլ մի լավ պաշտոն էր խոստացել Գերմանիայում, որ երազանքս կատարվեր։ Դպրոցն ավարտելիս, երբ բոլորին խնդրել էի իմ հուշատետրում տողեր թողնել, Մարատը գրել էր. «Քնած, դինջ, բայց խելացի։ Մաղթում եմ ամենալավն ու բարին, թող քո երազանքը կատարվի»։ Հիմա, երբ նա հրեշտակ է դարձել, ես վստահ եմ, որ իմ երազանքը կկատարվի…

9 տարի ես Մարատին ճանաչեցի որպես համառ ու նպատակասլաց տղայի, ով միշտ փորձում էր մեծ արդյունքի հասնել ամենակարճ ճանապարհով, ինչպես ինքն էր ասում՝ ուղեղով։ Եվս չորս տարի դպրոցից դուրս ես ճանաչեցի նրան որպես նվիրված ընկեր ու պատասխանատու երիտասարդ։

Եթե մի աշխատանք դժվար էր իրեն հատուկ բծախնդրությամբ ու պատասխանատվությամբ ավարտել, միշտ նույն կերպ էր դժգոհում.

-Էշ գործ ա։

Կատարելության հասնելու ու իդեալականը գտնելու ձգտումն էր պատճառը, որ իր տարեկիցների նման շուտ չէր սիրահարվում։ Նա միշտ փնտրում էր, բայց այդպես էլ չգտավ, որովհետև երկրի վրա կատարյալներ չկային։

Մարատը չէր փայլում բարձրագոչ հայրենասիրությամբ, նա հայրենիքն անաղմուկ էր սիրում՝ լուռ երախտագիտությամբ ու գիտակցված պարտավորվածությամբ։ Նրան ճանաչելը բարդ չէր, միայն հոնքերի խաղը, կիսատ ժպիտը ու աչքերի հետաքրքրասեր արտահայտությունը բավական էր նրա չբարձրաձայնված ասելիքը հասկանալու համար, իսկ բարձրաձայնում էր նա միայն փաստերը։ Իսկ լսելիս համբերատար էր, չէր ընդհատում երբեք, եթե խոսքը գովաբանությանը չէր վերաբերում։ Հրաշալի պարում էր, բայց իր տաղանդները ցուցադրել չէր սիրում։

Բանակ գնալիս էլ լուռ էր, միայն մի մեղմ ժպիտ էր զարդարում նրա գեղեցիկ դեմքը… Երևի հպարտ էր, չէ՞ որ զինվոր էր դառնում։

Շնորհավոր տոնդ, մեր զինվոր, Մարա՜տ…