Anahit Badalyan

Մարդիկ

Մարդկանց պետք են մարդիկ։ Պետք են, որ լսեն իրենց լայն բացված աչքերով, որ խոսեն իրենց հետ ոգևորված ու արագ-արագ՝ ինչ-որ հետաքրքիր պատմություն պատմելով կամ ոչ ծիծաղելի մի անեկդոտ հիշեցնելով։ Պետք են մարդիկ, որ հետները գնան դպրոց, համալսարան, աշխատանքի կամ թոշակ ստանալու։ Միասին գնան զբոսնելու, կինո կամ թատրոն, պիցցա կամ սուշի ուտելու, սուրճ կամ գինի խմելու։

Մարդկանց մարդիկ են պետք, որ համադասարանցիներ լինեն ու միասին ավարտեն դպրոցը։ Որ սովորեն նույն կուրսում ու 4-5 տարի դասերից հետո միասին գնան գնումների, աշխատանք որոնելու կամ իրար տուն՝ միասին մի բան սարքելու։ Պետք են մարդիկ, որոնք կզանգեն ինչ-որ հաճախականությամբ ու կհարցնեն՝ ինչ կա-չկա։

Մարդկանց մարդիկ են պետք, ում ցույց կտան նոր գնած զգեստները, կհարցնեն՝ ինչ կարծիքի են դրանց մասին ու մի տեսակ կլինեն գուցե՝ թե էդ մարդիկ իրենց սրտով մի բան չասեն։ Էնպիսի մարդիկ են պետք, ում հետ կքննարկեն եկող աշխատանքային օրվա անելիքները, կորոշեն շաբաթ-կիրակի միասին գնալ լողավազան կամ կտան իրենց հեռախոսը, որ սիրուն այգու մոտով անցնելիս նկարեն իրենց։

Մարդկանց առօրյա, կենցաղային մարդիկ են պետք։ Թվացյալ բովանդակ, կարևոր ու բաղկացուցիչ մարդիկ, որոնց շատությունը դառնում է սովորական, որոնց պակասը, սակայն, անսովոր լինելուց բացի չի դառնում երբեք ցավեցնող ու դատարկ։ Պետք են հեշտ մարդիկ՝ թեթև, ծիծաղող, ինչ-որ անտրամաբանական ու մեկ-մեկ հիմար ու ձևական բաներ անող ու էդ հիմարությամբ «անկեղծ» տպավորություն ստեղծող մարդիկ։ Պետք են հեռախոսին պատասխանող մարդիկ, էնպիսիները, որոնց արժե զանգել դասի գնալուց առաջ կամ դասերից հետո։ Որոնց հետ արժե գնալ խանութներով ու նկարվել սիրուն այգիներում։ Որոնց հետ լավ է, հեշտ է, անհոգ։

Մարդկանց պետք չեն լիքը մարդիկ։ Լիքը մարդիկ բարդ են, պարունակ ու խորը։ Լիքը մարդիկ կարող են բացարձակ տարբեր ու ծայրահեղ ճաշակ ունենալ, կարող են և չհավանել քո ընտրած զգեստն ու չսովորել քեզ հետ նույն կուրսում կամ համալսարանում։ Բայց երկար են մտածում էդ մարդիկ ամեն անգամ, երբ իրենցից ինչ-որ կարևոր խորհուրդ ես հարցնում։

Լիքը մարդիկ լիքն են պատկերացնում կյանքում ամեն բան՝ ջերմությունը, հոգատարությունը, մտերմությունը։ Կիսատված լինելը լիքը մարդկանց ցավն է։ Լիքը մարդիկ անկեղծ են, իսկական ու հավատարիմ։ Թեթև չեն, ու գուցե հեշտ չէ նրանց հետ մի խանութից մյուսը թափառել։ Գուցե խոսակցությունները առօրյա չեն՝ ձանձրալի ու անբովանդակ լինելու չափ։ Գուցե անընդհատ նոր բան կա նրանցից լսելու կամ նրանց լսեցնելու։ Լիքը մարդկանց սրտերում չի գալիս ժամանակ, երբ մտերմությունը դառնում է սովորական, իսկ ջերմությունը՝ դադարում գնահատելի լինելուց։ Լիքը մարդիկ մի՛շտ են հարում մտերմությանն ու միշտ գիտեն՝ ինչ թանկ բան է անկեղծ հոգատարությունն ու ջերմությունը։

Նրանց հետ խանութներով կգնաք հազարից մեկ, լողավազան՝ միլիոնից մեկ, այգիներում կնկարեք-կնկարվեք շատ կամ քիչ: Բայց կխոսեք նրանց հետ: Ոչ հեռախոսով ու ոչ առօրյայից: Կյանքից, լավից, վատից…

Մարդկանց պետք չեն մարդիկ, որոնք լաց են լինում իրենց ականջին։ Պետք չեն գիշերվա հազարին կյանքի անցողիկության, տարիների՝ արագ թռչելու, կամքի մեծ ուժի ու արժեքների մնայուն լինելու մասին մտքերից արթուն մնացող մարդիկ։

Պետք չեն մարդիկ, ովքեր հանկարծ ու առանց ինչ-որ առիթի կարող են ուրախանալ կամ տխրել։ Պետք չեն մարդիկ, որոնց ուրախության ու տխրության առիթները այնքան ակնհայտ չեն, ինչքան նոր զգեստը, հաջողված ֆոտոշարքը կամ նման մի բան։

Մարդկանց պետք չեն մարդիկ, ովքեր իրենց մեջ ամենից շատ ու ամենից առաջ կգնահատեն իրենց մնայուն լինելը։ Ովքեր թքած կունենան այն բոլոր պահերի վրա, որոնցում եղել են բացակայություններ, հեռավորություն ու ժամանակ, ու շնորհակալ կլինեն կյանքին՝ էս ամենի միջով անցնող ու իրենցը մնացող մարդկանց գոյության համար միայն։

Մարդկանց պետք չեն միշտ օգնության պատրաստ ու հավատարիմ մարդիկ։ Պետք չեն մարդիկ, որոնց հետ սուրճի կամ գինու փոխարեն կարելի է թեյ խմել։ Որոնց հետ առօրյա ու սովորական խոսակցություններին մի քանի տասնյակ անգամ կասեք-կլսեք Սարտրի, Նիցշեի, կամ ձեր իմաստուն հարևանների թևավոր խոսքերից ու չեք էլ իմանա, թե նրանք են ասել էդ խոսքերը։ Կմտածեք՝ դուք եկաք էդ խոր ու փիլիսոփայական եզրահանգումներին ձեր խիտ ու անկեղծ զրույցների արդյունքում։

Մարդկանց խճանկար մարդիկ պետք չեն։ Պետք չեն հանելուկներ։ Որ չմտածեն։ Որ ժամանակ չծախսեն։ Որ չսխալվեն հանկարծ, երբ չգտնեն ճիշտ պատասխանը հանելուկի կամ չկարողանան հավաքել խճանկարը։ Մարդկանց պետք չեն վեպեր կամ խորին չափածոներ՝ խառը բառերով ու բազմազան կետադրական նշաններով։ Նրանց պետք են պարզ համառոտ նախադասություններ։ Անբովանդակ։ Հեշտ։ Լուծելի։ Ստորակետներ, բութեր, շեշտեր հարկավոր չեն։ Նրանց վերջակետն էլ է հերիք՝ եզակի ու ճշգրիտ, որովհետև հավանականություն չկա՝ վերջակետը վերջից բացի ուրիշ մի տեղ դնելու, ու նրանք կկարողանան կետադրել իրենց գտած մարդկանց ճիշտ ու անթերի։

Մարդկանց միշտ-մարդիկ պետք չեն։ Միշտը բարդ բան է։ Էդ մարդիկ շատ են թեթև ու վառ՝ հավերժի բարձրության ծանրությունն իրենց ուսերին կրելու համար։